Լավ վերաբերմունք առ ծերերը

17/10/2008 Արա ԳԱԼՈՅԱՆ

Կենսաթոշակների ավելացման մասին ցանկացած հայտարարություն մեր երկրում միանգամից դառնում է ամենաքննարկվող թեման: Պատճառները բազմաթիվ են: Փոքր քաղաքներում ու գյուղական բնակավայրերում թոշակառուները կայուն եկամուտ ունեցող են համարվում: Խանութները նրանց թոշակի չափով ապրանք են պարտք տալիս: Վստահ, որ թոշակառուները գրաֆիկով կփակեն պարտքերը: Սա մեկ: Երկրորդը` արտագնա աշխատանքի մեկնածները միշտ չէ, որ կայուն գրաֆիկով են փող ուղարկում իրենց ընտանիքներին: Իսկ մեր պետությունը վերջին տարիներին հստակ գրաֆիկով է թոշակ վճարում: Աղքատության հաղթահարման ծրագրում ամենաշոշափելի քայլը հենց թոշակների բարձրացումն է: Տարիքային կտրվածքով թոշակառուների տեսակարար կշիռը նկատելիորեն մեծ է: Անհամամասնական մեծ: 1990թ. Հայաստանի բնակչությունը տարիքային հետեւյալ բաժանումն ուներ` բնակչության մոտ մեկ երրորդն աշխատունակության տարիքից ցածր էր: Այսինքն` 16 տարեկանից փոքր: Կենսաթոշակառու էր մոտ 8 տոկոսը: Բնակչության 55 տոկոսից ավելին աշխատունակության տարիքում էր: Եվ հիմնականում աշխատանք ուներ: 1990-ականներին կառուցվածքը կտրուկ փոխվեց: Նվազում էր ծնելիությունը: Փոխարենն ինտենսիվ ավելանում էր թոշակառուների թիվը: Զուգահեռ ընթացող տնտեսական ճգնաժամի հետեւանքով կրճատվում էին աշխատատեղերը: Յուրաքանչյուր աշխատող պիտի փորձեր 5-10 չաշխատող կերակրել: Պետությունը դժվարությամբ էր վճարում մի քանի հազար դրամ թոշակը: 2001-ից պետությունը գնաց փոքրիկ խորամանկության: Խորամանկության, որ հնարավորություն տվեց կարգավորել թոշակների վճարման գործը: Եվ, որ ամենակարեւորն է` կրճատել թոշակառուների աճի տեմպը: Հետխորհրդային Հայաստանում ոչ աշխատունակ տարիքը տղամարդկանց համար 60-ն էր, կանանց համար` 55-ը: Որոշվեց վերանայել այս թվերը: Մինչեւ 63 տարեկան տղամարդկանց սկսեցին հաշվառել որպես աշխատունակ: Հաշվառում են ու մինչեւ 63-ը լրանալը կենսաթոշակ չէին վճարում: Կանանց խնդիրն ավելի արմատական լուծվեց: Հիմա կինը ոչ աշխատունակ է համարվում 61-ը լրանալուց հետո: Գենդերային հավասարության ոլորտում ավելի հիմնավոր ու մասշտաբային ձեռնարկ Հայաստանում չի իրագործվել: Նոր օրենքով 6 տարի չավելացավ կին թոշակառուների թիվը: 3 տարի` տղամարդկանցը: Դադարը կառավարությանը հնարավորություն տվեց մի քանի անգամ բարձրացնել կենսաթոշակը: 2007թ. մեր երկրի բնակչության կառուցվածքն արդեն այսպիսին է` աշխատունակության տարիքից ցածր է 20,8 տոկոսը: Ծնելիության նվազման հետեւանքով 16 տարեկանից փոքրերի տեսակարար կշիռն էտալոնային համարվող չափից` մեկ երրորդից նվազեց: Դարձավ մեկ հինգերորդը: Աշխատունակ տարիքում է բնակչության 67 տոկոսից ավելին: Իսկ թոշակառուների տեսակարար կշիռը «մեղմող» քաղաքականության հետեւանքով 12 տոկոս է: Ցանկացած հասարակության քաղաքակրթվածության աստիճանը որոշվում է երեխաների ու ծերերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Երեխաների հանդեպ մենք պետական լուրջ քաղաքականություն չենք մշակել: Պետությունը չի փորձում խթանել ծնելիությունը: Կամ` համարյա չի փորձում: Բայց թոշակառուների հետ այդպես չես վարվի: Թոշակառուներն, ի վերջո, նաեւ ընտրող են եւ կարող են փողոց դուրս գալ: Դրա համար վերջին խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին թոշակների բարձրացման մասին խոստումներն ամենաբարձրաձայնն էին: Մեկը 60 տոկոս բարձրացում էր խոստանում: Մյուսը` 300: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ հարազատ պետբյուջեում թոշակների ծավալն ամենաբարձրը եղել է 2006 թվականին: Բյուջեի 11,7 տոկոսը: Հետո այդ ցուցանիշը երեւի շատ համարվեց: 2007-ին այն արդեն կազմեց 10,5 տոկոս: Պաշտոնապես, իհարկե, կարելի է արդարանալ, որ տեսակարար կշռի նվազումը իրական ծավալների աճ է: Ճիշտ այդպես էլ ՀՆԱ-ում է նվազում կենսաթոշակների փայաբաժինը: 2001-ին կենսաթոշակը ՀՆԱ-ի 2,7 տոկոսն էր կազմում: 2007-ին` արդեն 2,5 տոկոս: Հիմա նորից իշխանությունները խոստանում են բարձրացնել թոշակները: Փորձագետներից ոմանք դա իրատեսական չեն համարում: Չնայած, որ այս անգամ խոսվում է 20 տոկոսանոց «համեստ» բարձրացման մասին: Առանձին փորձագետներ վստահ են, որ կառավարությունը կհաջողի այս գործում: Հատկապես, որ կենսաթոշակների բարձրացման աղբյուր առանձին դեպքերում դառնում են նույն սոցիալական վճարումները: Թոշակի բարձրացումից հետո շատ ընտանիքներ մեկ շնչին ընկնող եկամուտի ցուցանիշով զրկվում են աղքատության ու այլ սոցիալական նպաստներից: Իսկ այս մոտեցմամբ մի քանի խնդիր է լուծվում: Նախ` պետք չէ գլուխ ցավեցնել թոշակների բարձրացման ուղիներ գտնելու համար: Երկրորդ` վիճակագրության տեսանկյունից աղքատությունը երկրում հաղթահարվում է: Հաղթահարվում է ցավալիորեն մոռացվող վագրի երկնիշ ցատկերով: Անկախ գնաճից ու թոշակի չափից: