Երազանքների ցուցակում բացակայում է ապրելու հույսը

17/10/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կիրակի օրն ընտրություններ էին, բայց կարեւոր էլ չէ` ինչ ընտրություններ էին, որովհետեւ Լուսինե Ավագյան անուն-ազգանունով ծանր հաշմանդամ մի աղջիկ «ընտրյալներից» ինչ-որ բան ակնկալելու հույսը վաղուց կորցրել է:

Չարենցավանի մռայլ փողոցների, կիսաավերակ գործարանների ու համատարած արտագաղթի պատկերը վկայում է այն մասին, որ տեղի բնակչությունը 21-րդ դարին հարիր քաղաքակրթության բերկրանքը զգալու համար դեռ տասնամյակներով պիտի հաղթահարի աղքատությունն ու մարդու կյանքը մի քիչ հարմարավետ դարձնելու արգելքները: Չարենցավանում ընտրություններ էին, բայց ընտրվողների ակտիվության ֆոնին՝ փողոցներով հոգնած, մտազբաղ քայլերով ճեմող մարդկանց համար հոկտեմբերի 12-ին տեղի ունեցող ընտրությունները ոչ այլ ինչ, քան օրվա հաց հայթայթելու առիթ էին: 34-ամյա Լուսինե Ավագյանին ճանաչում էին թե՛ ընտրողները, թե՛ ընտրվողները, քանի որ տարիներ շարունակ ընտրություններին մասնակցող այս աղջիկը չի դադարել զանգերով դիմել քաղաքի ղեկավարներին՝ իրեն օգնելու խնդրանքով: «Հիմա ձայնս ոչ ոքի չեմ տալիս»,- ասում է նա՝ վիրավորված պատմելով, որ ընտրությունից ընտրություն իրենց դուռը թակում ու իր գոյությունը կարեւորում են հանուն իր քվեի: Մինչդեռ անցնում են տարիները, փոխվում են իշխանությունները, բայց որեւէ պաշտոնյայի մտքով չի անցնում հետաքրքրվել իր անձով: Լուսինեն ասում է՝ «Մի անգամ չեկան, տեսնեն՝ ես ո՞ղջ եմ, թե՞…: Բայց ընտրությունների ժամանակ իմ ձայնն իրենց համար էնքան կարեւոր է, որ հանկարծ հետաքրքրվում են ինձանով, ինձնից շահ ունեն»: Լուսինեն տառապում է ծանր հիվանդությամբ՝ մկանային դիստրոֆիա, որի պատճառով տարիների ընթացքում կորցրել է կենսունակությունն ու գամվել անկողնուն: Հիվանդությունն ախտահարել է նաեւ նրա երիկամները, աղիներն ու այլ օրգանները: Մշտական խնամքի կարիք է զգում ու ժամանակ առ ժամանակ սրտնեղելով՝ թաքուն որոշում է կայացնում գտնել մի տուն-ինտերնատ, տեղափոխվել այնտեղ, որպեսզի հարազատների` իրեն խնամելու հոգսը թոթափի ու այնտեղ էլ կյանքից հեռանա, բայց… Բայց հարազատներն իրեն այնքան են սիրում, ու Լուսինեի ներկայությունն այս ընտանիքի համար այնքան կարեւոր է, որ նման որոշման մասին բարձրաձայն խոսելն անգամ ընտանիքի անդամներին ցավ է պատճառում: Ընդհանրապես Լուսինեն զարմանալի մարդ է, քանի որ իր կենսուրախ վարքագծով ապշեցնում է: Ասում է՝ «Կյանքը շատ եմ սիրում: Ես միշտ թերթեր եմ կարդում, տեղյակ եմ օրվա նորություններից, գրքեր եմ շատ կարդում ու սիրում եմ մարդկանց ինքնակենսագրականներն ուսումնասիրել. նաեւ գործում եմ, որովհետեւ ինձ մոտ ինչ-որ բան անելու, առաջ գնալու ցանկություն միշտ կա»: Ծիծաղելով ասում է, որ երազանքների ցուցակ ունի, որից երկուսը ջնջել է, որովհետեւ դրանք կատարվել են: «Երազում էի կնքվել, որպեսզի ինձ լիարժեք քրիստոնյա զգամ: Պատկերացնո՞ւմ եք, ես 34 տարեկան եմ, բայց միայն վերջերս եմ կնքվել, այն էլ՝ ինձ համար շատ սիրելի մարդկանց շնորհիվ: Երկրորդ երազանքս էլ համակարգիչ ունենալն էր, որն ինձ համար անհասանելի մի բան էր: Էդ երկու երազանքներս ցուցակիցս ջնջել եմ, որովհետեւ Վահե Հովհաննիսյանը (ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր) ու իր կինը՝ Լիլիթ Բլեյանն ինձ կնքեցին ու համակարգիչ նվիրեցին»: Լուսինեի երազանքների ցուցակում դեռ շատ անելիքներ կան, որովհետեւ մտովի հասնում է Ֆրանսիա ու մտովի իր ձեռքի աշխատանքների անհատական ցուցահանդեսն է բացում: 2005թ. ստեղծագործող հաշմանդամների գեղեցկության եւ աշխատանքների մրցույթում Լուսինեն գրավել է երկրորդ տեղը, դիպլոմ ունի: Հաշմանդամ աղջիկը ֆիզիկապես անշարժ է, անգամ նստելիս տառապում, մեծ ջանք է գործադրում: Դրսի լույսին հետեւում է իրենց խոնավ ու տաղտուկ տան պատերին ընկած ստվերները որսալով: «Սայլակով մեկ-մեկ դուրս տանում են, բայց արդեն սայլակ նստել էլ չեմ կարողանում: Ամիսներով դուրս չեմ գալիս, միշտ պառկած եմ: Մեկ էլ եսիմ երբ…»,- տխրելով ասում է նա ու անմիջապես կատակում, որ ծիծաղի միջոցով ներաշխարհը տակնուվրա չլինի: Լուսինեի բազմանդամ ընտանիքն ապրում է սոսկալի աղքատության մեջ: Չորս երեխա են, քույրն ու եղբայրն ամուսնացել են, բայց եղբայրը կնոջ, երեխաների հետ ապրում է միեւնույն տանը: Մայրը՝ տիկին Օֆելյան, անսահման բարի ու ժպտերես կին է: Չարենցավանի դպրոցներից մեկում հավաքարարություն է անում 25.000 դրամ աշխատավարձով: Ընտանիքի մյուս աշխատողն էլ Լուսինեի քույրն է, որը շուտով գործազուրկ կլինի, քանի որ «Բջնի» գործարանը լուծարվում է: 8 հոգանոց ընտանիքն ապրում է տիկին Օֆելյայի 25.000 դրամով եւ Լուսինեի 19.200 դրամ հաշմանդամության թոշակով, որը բառիս բուն իմաստով տարիներով տուն չի մտնում, քանի որ ստանալուն պես վճարում են կոմունալ ծախսերը: Հաշմանդամ այս աղջիկը հաճախ ցավերից գալարվում է, քանի որ անհրաժեշտ դեղորայք չեն կարողանում գնել, իսկ պետությունն 1-ին կարգի հաշմանդամ այս հիվանդի համար անվճար դեղորայք դուրս չի գրում: Զավեշտալի է նաեւ այն հանգամանքը, որ ծայրահեղ աղքատ այս ընտանիքն ընդգրկված չէ «Փարոսի» նպաստառուների ցանկում: Տիկին Օֆելյան ասում է՝ «Գիտե՞ք քանի անգամ եմ խնդրել «Փարոսի» գրասենյակի պետ Նորիկ Կարապետյանին, որ «Փարոսում» ընդգրկի: Ասում է՝ աղջիկդ բարձր թոշակ ա ստանում, դա ձեզ բավարար ա: Շատ վիրավորական ա ախր, 19.000 դրամ թոշակը նման հիվանդի նույնիսկ դեղորայքին չի հերիքում: Դրա համար էլ երբեք որեւէ մեկին չենք դիմում, հույս չկա…»: Երրորդ հարկում գտնվող բնակարանը վաճառել, տեղափոխվել են մեկ այլ շենքի առաջին հարկ, որպեսզի Լուսինեին սայլակով դուրս տանելու հնարավորություն լինի: Առաջին հարկում գտնվող Լուսինեենց ներկայիս տունը խոնավ, սառն ու մութ է:

«Կարոտում եմ մանկությունս»

Տիկին Օֆելյան պատմում է, որ աղջիկը միանգամայն առողջ է ծնվել, բայց 3 տարեկան հասակում թոքաբորբ է տարել եւ բժշկի նշանակումով ներարկումներ ստացել: Ենթադրում է, որ սխալ ներարկման հետեւանքով վնասվել է մկանային նյարդը ու տարիների ընթացքում ձեռք է բերել մկանային դիստրոֆիա հիվանդությունը: Լուսինեի վերջույթների թուլությունն աստիճանաբար տարածվել եւ խորացել է մարմնի այլ հատվածներում: Սկսել է ճոճվելով քայլել ու 15 տարեկանում մարմինը դարձել է անկառավարելի: Առողջարանում տիկին Օֆելյային տեղեկացրել են, որ հիվանդությունը բուժվում է միայն Իսրայելում, սակայն այն բավականին թանկ է: Լուսինեին Իսրայել տեղափոխելու տիկին Օֆելյայի խնդրանքներն Առողջապահության նախարարությունը մերժել է՝ պատասխանելով, թե՝ գումար չկա: Մի լրագրող առաջարկել է հաշվեհամար բացել եւ թերթում տպագրել, որպեսզի հավաքված գումարով աղջկա կյանքը փրկեն, բայց… «Բայց ոչ մի կոպեկ չհավաքվեց»,- մի քիչ հուսահատված ասում է նա՝ կարծես հիշելով մարդկանց բարեսրտության հետ կապված իր ոգեւորությունն ու դրան հաջորդած հիասթափությունը: «Էն ժամանակ ձեռքերիս մեջ գոնե մի քիչ ուժ կար, բայց հիմա էնքան եմ թուլացել, որ հասկանում եմ, որ գնալով քիչ բան եմ կարողանում անել: Թուլացել, անշարժանում եմ, ուժս չի հերիքում ինչ-որ բան անելու համար: Երբ նստացնում են՝ ընկնում եմ, ուժս չի հերիքում, որ ինձ պահեմ»,- ասում է Լուսինեն, ով մի պահ ետ գնալով մանկություն՝ աչքերում թախիծ ու կարոտախտ է հայտնվում: Ասում է, որ շատ է կարոտում մանկությունը, որովհետեւ էնտեղ Լուսինեն ուրիշ էր՝ շարժուն, ճարպիկ, ուրախ ու անհոգ: Հետաքրքիր դրվագներ է պատմում այն Լուսինեից, ով կարողանում էր վազվզել, քայլել, խաղալ ու չարաճճիություններ անել: «Իմ կյանքի ամենաթանկ պահերն իմ մանկությունն է եղել: Օրվա մեջ անընդհատ հիշում, կարծես հետ եմ գնում: Մեկ-մեկ նայում եմ դրսի լավ եղանակին ու ինքս ինձ հարցնում եմ՝ Լուսինե, ո՞նց ա սիրտդ դիմանում»,- ասում է նա: Ասում եմ` «Երազանքներիդ ցուցակում առողջանալու, ոտքի կանգնելու կետը բացակայում էր»: «Դե՛, առողջանալն ինձ համար ռեալ երազանք չի, էսքան տարի անկողնուն գամված ապրել եմ, էլի կապրեմ, ոչինչ: Էն ժամանակ շատ էի հավատում, որ կբուժվեմ, բոլորին զանգում էի, թերթերին նամակներ էի գրում, բժիշկների էի դիմում, բայց հիմա էդ հույսը կոտրվել է, հաշտվել եմ իմ կեցության, ինձ հետ: Երեւի իմ ճակատագիրն է: Կարեւորը մնացած երազանքներս են»,- ժպտալով պատասխանում է նա` կարծես մխիթարելով հարազատներին ու մի քիչ էլ ինքն իրեն: Հարցնում եմ՝ «Հրաշքների չե՞ս հավատում»: Պատասխանում է՝ «Հավատում եմ, բայց ինձ հետ կապված հրաշքի չեմ հավատում: Եթե նույնիսկ կաղալով, մի կերպ քայլեի, ինքս իմ հոգսերը հոգայի, ուրիշներից կախված չլինեի՝ էլի հրաշք կլիներ, բայց…»: Առաջ հրաշքների հավատում էր, որովհետեւ սոցիալական պայմանները թույլ էին տալիս դիմել բժիշկներին, հետաքրքրվել, որոնումներ կատարել: Իսկ հիմա չի հավատում, որովհետեւ Ստեփանավանում մի բժիշկ կա, որն, ասում են՝ բուժում է նման հիվանդությունները, բայց ինքն անգամ տաքսիով այնտեղ հասնելու գումար չունի: Այնպես որ` հրաշքը հրաշք, բայց իրականությունը թույլ չի տալիս հավատալ հրաշքների: «Առաջ պապան ողջ էր, դեղերի, բժիշկների գումարը հասցնում էր, իսկ հիմա խանութներին էնքան ենք պարտք»:

Ծանր հաշմանդամ Լուսինեն ամենաշատը սիրում է իր հյուրերին, որովհետեւ մարդկանցով շրջապատված լինելու հանգամանքը կոտրում է հաշմանդամների վերաբերյալ հասարակության խտրական վերաբերմունքի կարծրատիպը: «Շատ եմ սիրում, երբ գալիս են ինձ տեսնելու, ոնց որ աշխարհն ինձ տան, երջանիկ եմ զգում ինձ»,- ասում է նա, ում գոյության մասին իշխանությունները հիշում են միայն ընտրությունների ժամանակ՝ ցուցակներում նրա անուն-ազգանունը կարդալիս: Իսկ հաշմանդամների խնդիրներով զբաղվող արտասահմանից սնվող կազմակերպությունները չեն էլ սրտնեղում այն հանգամանքից, որ իրենց գումար են տալիս լուսինեների խնդիրներով զբաղվելու համար: Այնպես որ` գուցե Լուսինեն ճիշտ է, որ իր համար հրաշքի չի հավատում, այլ հավատում է ուրիշների հրաշքներին: