Այլընտրանք չունենք

17/10/2008 Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

– Ինֆորմացիոն դար է 21-րդը: Որքանո՞վ է այն իրական Հայաստանում:

– Դա համաշխարհային պրոցես է, եւ մենք այլընտրանք չունենք: Այն հատկապես կարեւոր է Հայաստանի համար. մենք պարտավոր ենք լինել մասը համաշխարհային այդ պրոցեսի, եւ ոչ թե վերջինը, այլ` առաջինը: Բոլորս ասում ենք, որ պետք է հենվել մեր մտավոր ուժի վրա: Սա այն տեղն է, որտեղ կարելի է արդյունավետ օգտագործել մտավոր ուժը: Բացի այդ, հաշվի առնելով ՀՀ տնտեսական զարգացման հնարավորությունները, եւ այն, որ մենք չունենք նավթ, գազ, այլ ռեսուրսներ, սա մեծ հնարավորություն է երկրի համար, մենք պարզապես պարտավոր ենք այս ինֆորմացիոն դարաշրջանում ասել մեր խոսքը եւ մեր տեղը գրավել: Թե որքանով հաջողակ կլինենք, դա արդեն կախված է երկրի մասնավոր եւ պետական հատվածների գործունեությունից, ինչպես նաեւ՝ նրանց համագործակցությունից:

– Աշխարհում հանրահայտ Microsoft-ն ի՞նչ ծրագրեր ունի մեր երկրում:

– 2006թ. Հայաստանում գրասենյակ բացելու պահից հենց Microsoft-ի առաջին խնդիրը ՀՀ կառավարության հետ կապեր հաստատելն էր, եւ արդեն 2007թ. Microsoft-ի` ի դեմս Բիլ Գեյթսի եւ ՀՀ կառավարության` ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի միջեւ ստորագրվեց համագործակցության պայմանագիր: Microsoft-ի կողմից դա ինֆորմացիոն տեխնոլոգիաների համակարգերի ստեղծումն է, մասնավորապես՝ պետական կառավարման բնագավառում օգտագործման մասին: Երկրորդ կետը Microsoft-ի կրթական ծրագրերն են: Երրորդը` տեղական ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, այսինքն` ընկերությունների վերապատրաստում, ինֆորմացիայի տրամադրում, փորձի փոխանակում եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փորձի փոխանցում ու տարածում ՀՀ-ում: Կրթության բնագավառում մի հեռաուսուցման նախագիծ ենք իրականացրել: Երեւանի ֆիզմաթ դպրոցն ինտերնետային կապով կապեցինք Սյունիքի մարզի 6 դպրոցների հետ: Դա, իհարկե, ավանդական դասին չի փոխարինում, բայց կարող է լինել բավական արդյունավետ: Ընտրված էր ֆիզիկայի դասը, որովհետեւ հեռավոր շրջանների դպրոցներն ունեն ուսուցիչների եւ կահավորված լաբորատորիաների կարիք, եւ այսպես մարզերի դպրոցներին հասանելի են երեւանյան դպրոցների միջոցները, աշակերտները կարող են մասնակցել դասին, փորձերին: Կարեւոր է նաեւ, որ այդ դասընթացները ձայնագրվում են, եւ աշակերտները հետագայում էլ կարող են լսել ու կրկնել դասերը:

Կրթության եւ գիտության նախարարությանն այժմ առաջարկել ենք մի կրթական ծրագիր, որ կոչվում է «Գործընկերներ ուսման ոլորտում»: Առաջարկում ենք տեղական կրթական համակարգում ավելի արդյունավետ օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները:

Ունենք այլ երկու ծրագրեր եւս. մեկը` «Imagine Cup» («Երեւակայության գավաթ») համաշխարհային մրցույթը, որ առաջարկում է ուսանողներին աշխարհի գլոբալ խնդիրներ լուծել: Հայաստանն առաջին անգամ Փարիզում մասնակցեց այդ մրցույթին: Իհարկե, մրցանակ չշահեց, փորձի պակաս կար, բայց մասնակցությունն արդեն կարեւոր էր, եւ բավական դրական արձագանքներ ստացանք: Հետաքրքրությունը բավական մեծ է այդ մրցույթի նկատմամբ, եւ հաջորդ անգամ մենք կավելացնենք նաեւ տեղական որեւէ խնդիր` տրանսպորտի կամ շրջակա միջավայրի:

Մյուս ծրագիրը Microsoft-IT ակադեմիաներն են, որ մենք իրականացնում ենք հանրապետության 8 բուհերում: Տրամադրում ենք Microsoft-ի ուսումնական ծրագրերը, ուսանողները դասընթացից հետո հանձնում են քննություններ եւ ստանում վկայականներ: Աշխատում ենք օգնել նաեւ դասախոսներին, որ վերապատրաստվելով աշխատում են թեստավորման կենտրոններում: Ուսանողները դիպլոմների հետ մեկտեղ՝ ստանում են նաեւ Microsoft-ի վկայականներ: Դա լուծում է նաեւ որակյալ մասնագետներ ունենալու խնդիրը: Մասնագետներ ենք հրավիրում այլ երկրներից, որոնք դասընթացներ են անցկացնում, եւ դրանով իսկ աջակցում կրթությանն ու բիզնեսին: Պետությունը եւս ունի պարտավորություններ. այն է` ապահովել, որպեսզի օգտագործվեն ծրագրերի բնօրինակները:

– Հայկական փոքր շուկան ինչո՞վ է գրավել Microsoft-ին:

– Microsoft-ն այդ առումով առանձնանում է այլ ընկերություններից, որովհետեւ փոքր ու մեծ շուկաներն այդքան էլ մեծ նշանակություն չունեն, քանի որ այն գլոբալ ընկերություն է եւ ունի ընկերություններ նաեւ ավելի փոքր երկրներում. օրինակ` Էստոնիայում, որի բնակչությունն ավելի քիչ է (1մլն 300 հազար), քան Հայաստանում: Microsoft-ի կառույցները բավական ինքնուրույն են: Այս առումով Հայաստանը բավական մեծ պոտենցիալ ունեցող երկիր է, եւ շատ շուտով, համոզված եմ, կհասնենք բավական մեծ արդյունքների: Microsoft-ի Հայաստան գալու որոշումն, իհարկե, կապված էր երկրի քաղաքական կայունության, օրենսդրության հետ, հաշվի էր առնված մասնագետների առկայությունը, ինչպես նաեւ՝ հայկական սփյուռքի գոյությունը: Microsoft-ի` Հայաստան գալով այստեղ ավելանում են նաեւ նրա մրցակից ընկերությունները: Դա լավացնում է միջավայրը, մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն է առաջացնում, նպաստում շուկայի զարգացմանը:

– ՀՀ-ում նպաստավո՞ր են պայմաններն ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում ներդրումների համար: Կա՞ն խոչընդոտներ:

– Կարծում եմ, որ նպաստավոր են: Հիմնական խնդիրը, ինչպես բոլոր երկրներում` լավ մասնագետների պակասն է: Մյուսը կրթական համակարգն է, որը պետք է շատ արագ փոխվի` համապատասխանեցնելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների պահանջներին: Եվ երրորդ խոչընդոտը` դա հեղինակային իրավունքի պահպանման ոչ այնքան լավ վիճակն է ՀՀ-ում: Ընկերությունը պետք է համոզված լինի, որ իր հեղինակային իրավունքը պաշտպանված է լինելու: Սա լուրջ խնդիր է: Պետք է պաշտպանված լինեն նաեւ այդ բնագավառում աշխատողները եւ նրանց ստեղծած ինտելեկտուալ սեփականությունը, որովհետեւ եթե դրանք պաշտպանված չեն, ապա մասնագետները մեկնում են այլ երկրներ, որտեղ պաշտպանված են եւ կարողանում են ֆինանսական, նյութական տեսքով շատ արագ արդյունքներ ստանալ: Շատ են ծրագրային փաթեթների կեղծօրինակները: Կարող են գողացվել նաեւ ընկերությունների` ծրագրային փաթեթների մշակումները:

– Ինտերնետն ունի ամեն սահման անցնելու հնարավորություն: Այն կարո՞ղ է օժանդակել Հայաստանի տնտեսական մեկուսացման հաղթահարմանը:

– Միանշանակ: Սա մեր միակ հնարավորությունն է: Բիզնեսի համար ինտերնետն անսահմանափակ հնարավորություն է թե՛ ներքին շուկայի համար, թե՛ արտաքին: Ծառայությունների համագործակցության ֆանտաստիկ հնարավորություն է: Մյուսը` կրթվելու հնարավորությունն է: Կա մի այսպիսի գաղափար, որ կոչվում է էլեկտրոնային անհավասարություն: Աշխարհում կա 1 միլիարդ կամ քիչ ավելի համակարգիչ: Այն մարդիկ, որ ունեն համակարգիչ եւ ինտերնետ` կրթվելու, զարգանալու ավելի մեծ հնարավորություններ եւ կյանքի ավելի բարձր մակարդակ ունեն, քան այն մարդիկ, որ զրկված են այդ հնարավորությունից: Մեր ծրագրերում կա նաեւ տեղայնացման խնդիրը: Եթե մարդիկ կարողանան օգտվել ինտերնետից եւ օգտվեն գրագետ, ապա կդառնա մի հզոր գործիք, որը կբարձրացնի մրցունակությունը, արտադրողականությունը: Կարծիք կա, որ դա աղետի է բերում, բայց իմ կարծիքով, դա անսահման հնարավորություններ է բացում:

Պետության ռազմավարական խնդիրներից մինչեւ ներքին հարցերի լուծման գործում` կարեւոր է ինֆորմացիան: Հարեւան Վրաստանի իրադարձությունների ժամանակ տեսանք, որ խնդրի ինֆորմացիոն մասը ոչ պակաս կարեւոր է, քան տանկերը: Այն երբեմն ավելի կարեւոր էր, քան այն, թե մարտի դաշտում ինչ էր կատարվում:

– Ինտերնետային կապը դանդաղ է տարածվում մեր երկրում: Ո՞րն է պատճառը. գնե՞րը, թե՞ կան նաեւ այլ արգելքներ:

– Երկար տարիներ մենք ունեինք լուրջ խոչընդոտներ` գնային իմաստով կամ տեխնիկական, բայց այսօր վիճակը միանշանակ բարելավվում է. գներն իջնում են, որակը սկսում է լավանալ, մարդկանց համար ավելի հասանելի է դառնում, մարզերում, գյուղերում նույնպես այսօր տարածվում է: Ինտերնետից օգտվողների քանակն աճում է: Լուրջ խոչընդոտներ, արգելքներ չկան: Դինամիկ զարգացում ունենք: Կուզեի այլ խնդրի մասին խոսել: Տեղեկատվական տեխնոլոգիաների մասին հիմնականում խոսում են մի խումբ մասնագետներ, ժողովներ, կոնֆերանսներ են լինում: Ինձ թվում է, ընդհանուր իրազեկման խնդիր կա: Ուղղակի խոսվում է, բայց թե առօրյայում ի՞նչն է դրա օգուտը` քիչ է հայտնի: Եթե մարդը տնից կարողանա գնումներ կատարել, պետության հետ իր հարաբերությունները կարգավորել, հարկային եւ այլ հաշվետվություններ հանձնել, բարեկամների հետ կապի մեջ լինել, դրամական փոխանցումներ անել, աշխատավարձ ստանալ, ապա ինտերնետի եւ կապի խնդիրները շատ արագ կլուծվեն:

Ներդրումներ պետք է կատարվեն, եւ, բնականաբար, շահույթ պիտի ստացվի: Որքան շատ են օգտվում այդ բարիքներից, այնքան զարգանում է այդ բիզնեսը: Օրինակ, ԱՄՆ-ում տնտեսության զարգացման ամենամեծ խթանը եղել է մեքենան: Այն իր ետեւից բերեց բազմաթիվ տեխնիկական սպասարկման միջոցների զարգացում, ավտոճանապարհների կառուցում, բացվեցին բազմաթիվ աշխատատեղեր: Հայաստանում այ դերում կարող են լինել տեղեկատվական տեխնոլոգիաները: Այն, ինչը վերջնական արտադրանք չի, այլ սպասարկում է կրթության բնագավառը, պետական կառույցները, տարբեր ծառայություններ: Այդ պատճառով, հիմնական խնդիրը երկրում համակարգիչների քանակի ավելացումն է: Բանակցում ենք պետական ու մասնավոր կառույցների հետ այդ համակարգային ծրագրերն իրականացնելու համար: Հեշտանում է մատչելի արժեքով համակարգիչների ձեռքբերման հարցը եւ նրանց միացված լինելը ցանցին:

– Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ի՞նչ ազդեցություն ունի Microsoft-ի վրա, եւ, մասնավորապես` հայկական մասնաճյուղի վրա:

– Այդ ֆինանսական ճգնաժամն, այո, շատ լուրջ պրոբլեմ է, անդրադառնում է անշարժ գույքի եւ բանկային համակարգի վրա, եւ բնականաբար, կբերի համաշխարհային բիզնեսի անկման: Քանի որ Microsoft-ը մաս է, ազդեցություն կունենա, բայց դա անմիջապես ընկերության վրա չի անդրադառնում: Շատ մեծ ազդեցություն չի ունենա: Ինչ վերաբերում է հայաստանյան գրասենյակին, ապա այստեղ բացարձակապես ազդեցություն չկա, որովհետեւ այն բյուջեներն ու ծրագրերը, որ հաստատվել են, պիտի իրականացվեն, դեռ սպասվում է ծավալների ավելացում, նախաձեռնությունների քանակի շատացում, աշխատատեղերի ավելացում եւ այլն: Microsoft-ի կառույցի մեջ մենք բավական անկախ ենք, եւ դա ոչ մի կերպ չի անդրադառնալու մեզ վրա մոտակա մեկ-երկու տարում: Ինչ վերաբերում է գլոբալ խնդիրներին, ապա դրան պետք է պարզապես հետեւենք բոլորս եւ տեսնենք ազդեցությունը գլոբալ տնտեսության վրա:

– Կարո՞ղ ենք դառնալ տարածաշրջանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների առաջատար երկիր:

– Այսօր Հայաստանը տարածաշրջանում առաջատար երկիր է միկրոէլեկտրոնիկայի ասպարեզում: Ընդհանուր ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում դժվար է զարգացած լինել բոլոր բնագավառներում: Աշխարհում բավական հայտնի ընկերություններ այստեղ ունեն կենտրոններ, լուրջ ներդրումներ են արել կրթական համակարգում, օգտագործում են մեր մասնագետների գիտելիքները: Տեսնում ենք ոլորտի լուրջ շարունակականություն եւ ապագա: Եվ տարածաշրջանի ոչ մի այլ երկիր այդ ռեսուրսները, ծավալներն ու որակական մակարդակը չունի: Այսօր մենք, միանշանակ, ունենք հայկական հայտնի ընկերություն միկրոէլեկտրոնիկայի բնագավառում: Մենք առաջատար ենք Պարսկաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի նկատմամբ, այդ ասպարեզում կարող ենք համեմատվել Ռուսաստանի հետ: Մի բան, որ բոլորս երազում ենք, դա այն է, որ պետք է մեր արտադրանքը ունենանք եւ դրանով դուրս գանք միջազգային շուկա եւ ոչ թե պատվերներ կատարենք:

Դա լրիվ իրատեսական է: Պետք է համագործակցել պետական, հասարակական, մասնավոր հատվածների հետ եւ, վստահ եմ, այդպես եւս կունենանք հաջողություններ: Բայց հայկականը այդ ասպարեզում բավական բարձր վարկանիշ ունի: Ճիշտ է, մենք հիմա ուղղված ենք դեպի ներքին շուկա, բայց կարծում եմ, որեւէ ընկերության զարգացումը պետք է որոշակի փուլեր անցնի: Շուկայում կարեւոր է որեւէ ապրանքի ոչ միայն վաճառքը, այլ սպասարկումը, զարգացումը: Եվ եթե ներքին շուկան արդեն բավական չի այդ ապրանքի համար, պետք է հայացքդ հառես դուրս եւ այդ ապրանքն առաջարկես արտաքին շուկային, որտեղ եւս մենք կարող ենք շատ օգտակար լինել, մասնավորապես` այն երկրներում, որտեղ Microsoft-ն ունի գործակալություններ: Microsoft-ի գլոբալ լինելու առավելությունը հենց դրանում է. եթե մենք ունենք դրական փորձ, ապա այն անմիջապես կիսում ենք այլ երկրների հետ, եւ այն ունի ամբողջ աշխարհում տարածվելու հնարավորություն: