«Մարդկանց թվում է, որ իշխանությամբ կարելի է հաղթել աշխարհը»

17/10/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հոկտեմբերի 9-ին «Art gallery»-ում տեղի ունեցավ «Զերո» խորագիրը կրող ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվեցին ԱՄՆ-ում բնակվող նկարիչներ Քիքիի (Գրիգոր Միքայելյան) եւ Սեւ Հենդոյի (Հենրիկ Խաչատրյան) աշխատանքները: Հայտնի աբստրակցիոնիստ Քիքին, որ այս օրերին Երեւանում է, բացի 1990-ականներին արված իր մի քանի նկարներից, ներկայացրել էր նաեւ «Բոբոների պարը» տեսաֆիլմը:

– Ինչո՞ւ «Zero»:

– Զրոյից է սկսվում ու ավարտվում ճանապարհը: Յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է հարաբերական մի կետից, որը մենք անվանել ենք զրո: Իրականում զրոն իմաստավորելու, սկսելու, վերջացնելու մի ճանապարհ է: Հիմնական գաղափարն այն է, որ տիեզերքը՝ բնությունը, մարդը ոչ թե սեղմվող է, այլ միշտ բաց է: Կան սեղմվող, փակվող եւ բացվող բաներ, իսկ զրոն միշտ բացվելու ու ճանապարհ բացելու հատկություն ունի:

– Իսկ ներկայացված սեւ կտավնե՞րը:

– Սեւ կտավների գաղափարը եւս զրոն է, որովհետեւ մարդն է ստեղծել զրոն, ու զրոն իր համար ճանապարհ է բացում: Մարդն իր ստեղծած զրոյի օգնությամբ սկսում է մտածել, իմաստավորվել: Այսինքն՝ այն ճանապարհն է, որտեղ դու հնարավորինս ազատ ես: Այս գործերը ոչ թե սեւ, այլ մուգ կտավներ են, որովհետեւ այս դեպքում սեւը ոչ թե պատ է, որտեղ մարդը գլուխը խփում է սեւ պատին, այլ խորություն է, որը քեզ տալիս է անսահմանափակ ճանապարհ: Դու կարող ես անցնել, կարող ես կանգ առնել կամ պարզապես մտածել:

– Սպիտակ գույնը զրոյի գաղափար չի՞ արտահայտում:

– Սպիտակն էլ ունի, բայց մուգն ավելի խորն է արտահայտում: Սպիտակը լույս է, բայց լույսը, կարծես, մի քիչ պարզ է: Մուգն ու մութը խորհրդավոր են, գաղտնիք ունեն: Գիշերվա երկինքն ուրիշ է, ցերեկվանն՝ ուրիշ: Կապույտ երկինքն ավելի պարզ է, իսկ երեկոյի երկինքն իր հետ բերում է խորհրդավորություն: Մուգը նաեւ վերջի խնդիր ունի, այսինքն՝ վերջ այն բաներին, որոնք քեզ համար պարզ են թվում:

– Բայց, եթե խորհրդավոր է՝ նշանակում է՝ վերջ չունի:

– Այո՛, վերջ չկա, դրա համար էլ կտավները սեւ չեն, այլ մուգ կապույտի ֆոն ունեն, մուգ կտավներ են: Մուգ երկնքի նման գնում-գնում է ու գ աստղեր են երեւում: Եթե կտավներին ուշադիր նայես՝ կետեր կտեսնես՝ աստղեր, հեռու, հեռավորություն, անհասկանալի, բայց սիրելի: Ամենակարեւորը դա է, որովհետեւ կարծես թե անսահման է, բայց սիրելի է, կարծես կողքիդ է, շոշափելի է, քոնն է, կարծես դու ու ինքը մեկ եք: Եթե էսթետիկական, արվեստի, ժամանակի, ուղղությունների հարց է դրված, ապա զրոն լավ միտք է կանգ առնելու ու մտածելու համար:

Մուգ կտավները քեզ մղում են հանգստության: Նայում ես՝ ինչպես մեկ գավաթ պարզ ջրին, ու թողնում ես արվեստի մասին պատկերացումները, նշանները, սիմվոլները… հանգստանում ես:

– Մուգի, մթի մասին քո պատկերացումները հետաքրքիր են, բայց մարդկությունը մութն ասոցիացնում է վախի հետ:

– Մարդկային ամբողջ պատկերացումները կախված են նրանից, թե մարդն ինչի՞ց է կառչում՝ ինչ-որ մի գաղափարից կամ առարկայից: Մարդն ինքը պիտակներ է ստեղծում, ամեն ինչի վրա պիտակ է կպցնում եւ հետո սկսում է վերլուծել, թե դա ինչ է: Բայց քանի որ պիտակ է դրել՝ արդեն սկսում է վերլուծել ոչ թե երեւույթը, այլ պիտակը: Երբ մարդը սկսում է մի բանից կառչել, սկսում է պատկերացնել, որ սրանից փրկություն չկա, կարծես թե իր սարքածից փրկություն չկա: Այնինչ ինքն է դա սարքել, իրականում դա չկա, որովհետեւ աշխարհն ազատ պոտենցիա, հնարավորություն է: Այլապես կստացվեր ամենադաժան բանը՝ աշխարհը կլիներ չարիքի խաղ: Մինչդեռ, եթե փրկություն չկա, այդ ամենից դուրս գալու հնարավորություն չունենք, ուրեմն՝ մենք գերիներ ենք, ազատազրկված ենք: Կա մի իրականություն, որը մեզ բռնել է, փախուստի տեղ չունենք, ինքը մեզ օգտագործում է իր նպատակների համար:

– Ենթադրում եմ, որ նաեւ մերժում ես սատանայի գոյությունը:

– Իհարկե… մեր պատկերացումն է, սատանա որտեղի՞ց պիտի լինի:

– Ստացվում է, որ մարդուն պետք են այդ պիտակները, վանդակները, այլապես չէր ստեղծի այդ ամենը:

– Այո՛, որովհետեւ վանդակներով է մարդը հասկանում: Մարդը միշտ փորձում է հասկանալ, իմաստավորվել, դրա համար մասնատում, վանդակների է բաժանում, որպեսզի հասկանա. դա մարդու տրամաբանությունն է, այլապես ոչ միայն շատ բան չի հասկանա, այլեւ ինքն իրեն չի հասկանա:

– Բայց մարդը նաեւ տառապում է, չէ՞, իր ստեղծած արգելքների պատճառով:

– Այո՛, տառապում է, բայցեւ հասկանում, որ ինքն է ստեղծել այդ վիճակը:

– Ուրեմն ինչո՞ւ չի ցանկանում քանդել պատերն ու ազատագրվել:

– Չի ուզում, որովհետեւ մարդը սովոր է կառչել մի բանից ու ինքն իրեն ռեալիզացնել, մարդ զգալ: Դրանից գալիս է վտանգավոր աստիճանի էգոցենտրիզմը՝ ես եմ որ կամ: Խելագարված մարդն ասում է՝ «Ես եմ որ կամ, դուք ո՞վ եք, որ…»: Ինքը չի տեսնում, որ ոչ ինքը կա, ոչ ուրիշը կա, բայցեւ համ ինքը կա, համ ուրիշը կա: Այսինքն՝ ինքն ունի իրեն ուրիշներից տարբերելու, գնահատելու խնդիր. վանդակներ ու խնդիրներ է դնում հասնելու բացարձակին՝ իշխանության: 2000 տարի է արդեն, ինչ մարդը խփնված է իշխանության վրա: Միշտ ձգտում է իշխանության: Հռոմից սկսած՝ մադու կենտրոնացումն իշխանությունն է: Մարդուն թվում է, որ իշխանությամբ կարելի է հաղթել աշխարհը, ամբողջ տիեզերքը: Այսինքն՝ գրավես ու հետո պատասխանատվություն վերցնես աշխարհի վրա, բայց շատ քչերն են այդ պատասխանատվությունը վերցրել, որովհետեւ հիմնականում իրենց իշխանությունը դարձել է ինքնասպան: Ազատ մարդը գիտի, որ չկա էդ տեսակ բաներ, ամեն ինչ հավասար է: Ամենափոքրիկ ատոմը, փոշին, որից կազմված են աստղերը՝ նույն էլեմենտներն են, ուղղակի տարբեր մոդուսներով: Դրանք հավաքական օրգանիզմներ են՝ տարբեր աստիճանի, ֆունկցիաների, բայց չկա բարձրի ու ցածրի խնդիր: Արեւն ավելի բարձ չէ, քան աստղերը, ջուրն ավելի բարձր չէ, քան հողը, հողն ավելի բարձր չէ, քան մրջյունը, ու մրջյունն ավելի բարձր չէ, քան ծաղիկը: Այդ չափումները մենք ենք ստեղծել մեր օգտագործման համար, որովհետեւ ինչը մեզ օգտակար է՝ համարում ենք կարեւոր եւ լավ, իսկ ինչը մեզ օգտակար չէ՝ համարում ենք վտանգավոր եւ վատ: Բայց շատ դեպքերում դեղերը ստանում են թույնից:

– Մարդը մոլորյա՞լ է:

– Չէ՛, մարդը պոտենցիա, ազատ հնարավորություն է: Մարդը սահմանում է լավն ու վատը ու ընտրություն է կատարում: Մարդը տիեզերքի զավակը, բնությունն է, պարզապես կան էակներ, որոնք դրա մասին չեն մտածում, եւ կան, որ գիտակցություն, կուլտուրա է տրված, որն ինքն է սարքել փրկվելու համար, որպեսզի ինքն իր գիտակցությունը հաղթահարի, իր մտքերը մինչեւ վերջ կարողանա հասկանալ: Արվեստի մեջ էլ այդպես է. կա արվեստ, նկարչություն, որի միջոցով մարդն ինքն իրեն հաղթահարում է, եւ նկարչությունը դառնում է մաքուր, ազատ։ Ինքը թվացյալ հանգիստ է, բայց ներսը՝ անսահման կյանք…:

– Ազատագրվելու համար մարդուն պետք է զրոյի՞ց սկսել, թե՞ պետք է պարզապես վերանայել կյանքը:

– Կարող է ինքը զրոյից չսկսի, բայց կարող է գալ զրոյին: Կարող է ինքը մի թվից, աստիճանից սկսի, բայց, այնուամենայնիվ, գա զրոյին: Ի՞նչ է զրոն… շրջան, ամբողջականություն է: Զրոն դատարկ է եւ դատարկ չէ, բայց շրջանն ամբողջականության ամենամեծ նշանն է: Զրոն տիեզերքի հրաշքն է՝ աշխարհի եղբայրությունը, ազատությունը բոլոր էակների:

– Զրոյի գաղափարը իրատեսակա՞ն է:

– Դե՛, եթե իրատեսական չլիներ՝ դա չէր լինի մեր հույսը, այլ մեր հույսը կլիներ հավերժ բաժանումը, կռիվը, տառապանքը: Եթե այդ բառն օգտագործում ենք, ուրեմն՝ իմաստն իրատեսական է, գոյություն ունի: Բառն արտահայտելով՝ մենք՝ ինքներս, ապացուցում ենք, որ զրոյի գաղափարը կա: