«Երկարատեւ եւ բուռն քննարկումներից» հետո մայիսի 11-ին ՀՀ ԱԺ-ն
«անսպասելի» որոշում ընդունեց` արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ որպես
սահմանադրական փոփոխությունների հիմք ընդունելով փոփոխությունների`
կոալիցիայի առաջարկած նախագիծը: Եվ ահա, ինչպես տեղեկացնում է Հայաստանում
Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակը, նախորդ շաբաթվա վերջին Եվրախորհրդի
Վենետիկի հանձնաժողովն իր խորին անբավարարվածությունն է արտահայտել
վերոնշյալ նախագծի կապակցությամբ, քանի որ հանձնաժողովի
մեկնաբանությունների մեծ մասը հաշվի չեն առնվել, մասնավորապես` նախագահի
եւ խորհրդարանի իշխանությունների միջեւ հավասարակշռությանը (ինչն առավել
ուժեղ դեր էր ենթադրում Ազգային ժողովի համար), դատական համակարգի
անկախությանը եւ Երեւանի քաղաքապետի ընտրությանը (նախագահի կողմից
նշանակման փոխարեն) վերաբերող առաջարկները: Իսկ հանձնաժողովի ֆինլանդացի
անդամ Կաարլո Տուորին էլ հավելել է, որ այն պետք է մինչեւ 2-րդ ընթերցմամբ
ընդունելն արմատականորեն վերանայվի: Հանձնաժողովի անդամները նաեւ նշել են,
որ «եթե փաստաթուղթն ամբողջովին չարտացոլի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը,
սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը Հայաստանին չի մոտեցնի
եվրոպական արժեքներին եւ չի նպաստի հետագա եվրոպական ինտեգրման նպատակի
իրականացմանը»: Այսօր, իշխանությունների հետ վերոհիշյալ խնդիրները
քննարկելու նպատակով, Հայաստան են ժամանելու Վենետիկի հանձնաժողովի
աշխատանքային խմբի ներկայացուցիչները: Նկատենք, սակայն, որ ամեն ինչ միայն
նշված խնդիրներով չի սահմանափակվում: Փոփոխությունների` հիմք ընդունված
նախագծի որոշ հոդվածներ այս կամ այն չափով սահմանափակում են մարդու եւ
քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իսկ մի քանի հոդվածներ էլ լի
են անհասկանալի եւ նույնիսկ զավեշտալի որոշ արտահայտություններով: Օրինակ`
գործող Սահմանադրությամբ՝ ցանկացած պայմաններում, նաեւ ռազմական դրության
ժամանակ, բացարձակ անձեռնմխելի են համարվում մարդու եւ քաղաքացու որոշ
իրավունքներ, ներառյալ՝ մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի
անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների
գաղտնիության իրավունքը: Կոալիցիայի առաջարկած նախագիծն այս հոդվածն
անձեռնմխելի հոդվածների ցանկից հանել է (հոդված 44): Վերոնշյալ
իրավունքները, գործող Սահմանադրության համաձայն, կարող են սահմանափակվել
միայն դատարանի որոշմամբ (հոդված 20), սակայն կոալիցիայի առաջարկած
նախագծով դրանք կարող են սահմանափակվել նաեւ օրենքով (հոդված 23): Չնայած,
որ նախագծով էլ, ինչպես գործող Սահմանադրությամբ, նշված է, որ ՀՀ պետական
լեզուն հայերենն է (հոդված 12), սակայն նախագծի 23 հոդվածի առաջին մասում
բառացիորեն գրված է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր
անձնական ու ընտանեկան կյանքը»: Մի անորոշ նախադասություն եւս. գործող
Սահմանադրության 92-րդ հոդվածի առաջին մասում գրված է. «Հայաստանի
Հանրապետության ընդհանուր իրավասության դատարաններն են. առաջին ատյանի
դատարանները, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը», այսինքն`
առաջին ատյանի դատարանների եւ վերաքննիչ դատարանների քանակը մեկից ավելի
է, իսկ վճռաբեկ դատարանը մեկն է: Կոալիցիայի առաջարկած նախագծով այստեղ
ամեն ինչ խառնվում է իրար: Այսպես, համաձայն այդ նախագծի, «Հայաստանի
Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, ընդհանուր
իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները, իսկ
օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ այլ մասնագիտացված դատարաններ»
(հոդված 92, մաս 1-ին): Այսպիսով, պարզ չի դառնում, թե որոնք են ընդհանուր
իրավասության դատարանները. միայն առաջին ատյանի՞ դատարանները, նաեւ
վերաքննիչ ու վճռաբե՞կ դատարանները, թե՞ բոլորը միասին: Պարզ չի դառնում
նաեւ, թե հոգնակի թիվը սրանցից որի՞ն է վերաբերում, այսինքն` պարզ չէ, թե
այս դատարաններից որի՞ քանակն է մեկից ավելի եւ ո՞րն է մեկը, կամ գուցե
յուրաքանչյուրից մեկակա՞ն պետք է լինի, կամ էլ` բոլորից էլ մի քանի հա՞տ:
Նախագծում տեղ են գտել նաեւ որոշ հակասություններ, օրինակ` նշվում է, որ
«Սահմանադրությունն ընդունվում կամ դրանում փոփոխություններ կատարվում են
հանրաքվեի միջոցով` Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի
նախաձեռնությամբ» (հոդված 111-ի 1-ին մաս), այսինքն` վերջիններս վերը
նշված նպատակի համար ընդամենը հանրաքվե նախաձեռնող են: Այնուհետեւ,
նախագծի 111.1 հոդվածում նշվում է, որ Սահմանադրության որոշ կետեր (նշված
են) կարող են փոփոխվել օրենքով` ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն
երկու երրորդով: Եվ վերջապես, սահմանադրական փոփոխությունների` կոալիցիայի
առաջարկած նախագծի թերեւս գլխավոր զավեշտը. գործող Սահմանադրության
համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներն
ունեն անմիջականորեն կամ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց
ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունք»
(հոդված 27-ի 1-ին մաս): Կոալիցիան ընդամենը փոխել է այս նախադասության
շարադասությունը, եւ այն դարձել է. «Տասնութ տարին լրացած Հայաստանի
Հանրապետության քաղաքացիներն ունեն անմիջականորեն եւ կամքի ազատ
արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության
կառավարմանը մասնակցելու իրավունք» (հոդված 30-ի 1-ին մաս), այսինքն`
համաձայն առաջարկվող փոփոխության` ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել
ընտրական իրավունքից, եթե լրանա Հայաստանի Հանրապետության 18 տարին, ընդ
որում` այդ դեպքում ընտրական իրավունքից կարող են օգտվել ՀՀ բոլոր
քաղաքացիները` առանց տարիքային սահմանափակման: Ի դեպ, այս նույն հոդվածը,
նույն ձեւակերպումով 2003-ին դրվել էր հանրաքվեի: Հուսանք, որ հետագա
քննարկումների ժամանակ այս զավեշտալի վրիպակը կվերացվի, եւ
փոփոխությունների ընդունվելու դեպքում անհեթեթ իրավիճակում չենք հայտնվի: