Գործազրկությունը Շիրակում

17/10/2008

Շիրակի մարզում հոկտեմբերի 1-ի դրությամբ գործազրկության մակարդակը կազմել է 12.9 տոկոս: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է Զբաղվածության Շիրակի մարզի տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:

Ըստ նրա, մարզում գրանցված է աշխատանք փնտրող 15 հազար 200 քաղաքացի, որի 80 տոկոսն ունի գործազուրկի կարգավիճակ: Նրանց մեծ տոկոսը՝ 84.4 տոկոսը, կանայք են, 62.2տոկոսը` բանվորի մասնագիտությամբ: Գործազուրկների մեջ մեծ թիվ են կազմում նաեւ մանկավարժները, ինժեներները, բուժքույրերը եւ հաշվապահները: Իսկ տարեսկզբից մինչ օրս մարզի Զբաղվածության տարածքային կենտրոնի աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել 334 աշխատանք փնտրող: Չնայած գործազուրկների առկայությանը` մարզում առկա է նաեւ բժիշկների, լրագրողների, ցանցային ադմինիստրատորների, փականագործների, խառատների, ծեփագործների, մեխանիկների եւ էլեկտրիկների պահանջարկ: