Շոուն կշարունակվի եւս 2 ամիս

14/10/2008

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը դիմել է խորհրդարանի ղեկավարությանը` հանձնաժողովի աշխատանքը մինչեւ 2 ամիս երկարաձգելու համար: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է հանձնաժողովի ՀՅԴ-ական անդամ Արտյուշա Շահբազյանը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը մարտի 1-2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ եզրակացությամբ պետք է հանդես գար հոկտեմբերի 25-ին: Սակայն դա արդեն տեղի չի ունենա, քանի որ, կարելի է չկասկածել, որ ԱԺ-ն կերկարացնի հանձնաժողովի գործունեության ժամկետը: Իսկ ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը, ինչպես Ա. Շահբազյանն է ասել, կապված է մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող փաստահավաք խմբի ստեղծման հետ: Սա հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու պաշտոնական վարկածն է: Անցած ամիսների ընթացքում հանձնաժողովը ոչ միայն մարտի 1-ի հետ կապված որեւէ բացահայտում չի արել, այլեւ հասցրել է մի քանի անգամ ծիծաղի առարկա դառնալ. Շոթա Վարդանյանի` խոճկորի գանգի եւ հորթի լեզվի վերաբերյալ «փորձագիտական եզրակացությունը» դրա վերջին դրսեւորումն էր: Սակայն, դատելով այն «տրամաբանությունից», որն իշխանությունները ցանկանում են դնել քաղբանտարկյալների դատավարությունների հիմքում (խոսքը մասնավորապես 7 քաղբանտարկյալների եւ մարտի 1-ի տուժողների գործերը միավորելու մասին է), երկու ամիս հետո հանձնաժողովն ավելի աննախանձելի վիճակում է հայտնվելու: