ՏԻՄ ընտրություններ-2008

14/10/2008

Հոկտեմբերի 12-ին Արարատի մարզի Մասիս քաղաքում համայնքի ղեկավարի ընտրություններում, ըստ նախնական տվյալների, քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ ներկայացուցիչ Դմիտրի Նազարյանը` ստանալով 4 հազար 352 ընտրողի ձայն: Վեդիում քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ ներկայացուցիչ Վարուժան Բարսեղյանը (2 հազար 591 ձայն): Գառնիում ընտրվել է Աշոտ Վարդանյանը (ԲՀԿ)` ստանալով 2 հազար 192 ընտրողի կողմ ձայն: Եղվարդում համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ ներկայացուցիչ Նորայր Սարգսյանը

(4 հազար 122 ձայն): Ծաղկաձորում քաղաքապետ է վերընտրվել Գարուն Միրզոյանը (անկուսակցական)` ստանալով 668 կողմ ձայն: Հանքավանում ընտրվել է անկուսակցական Հակոբ Հարոյանը (37 ձայն), իսկ ՀՀԿ ներկայացուցիչ Գարեգին Մուշեղյանը ստացել է 74 ընտրողների 32 կողմ ձայն: Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում երեք թեկնածուներից ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանը ստացել է 2 հազար 188 ձայն: Վայքում ընտրապայքարում հաղթել է Հարություն Սարգսյանը (ՀՀԿ)` 22 ձայնով ավելի ստանալով, քան Թարո Ավետյանը (անկուսակցական): Ընդհանուր առմամբ` Վայքում ընտրություններին մասնակցել է 3 հազար 483 ընտրող: Հոկտեմբերի 12-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվել Արարատի մարզի եւս մոտ 7 տասնյակ համայնքներում: Կոտայքի մարզում համայնքի ղեկավար են ընտրել 47 համայնքներում: ՏԻՄ ընտրություններ են անցկացվել նաեւ Սյունիքի մարզի 88 գյուղական եւ քաղաքային համայնքներում: Վայոց ձորում համայնքի ղեկավար են ընտրել 31 համայնքում: