Մերժեցին միջնորդությունները

14/10/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Ավետիսյանը մերժեց Սմբատ Այվազյանի պաշտպանների ներկայացրած գրեթե բոլոր միջնորդությունները: Նախ դատը սկսվեց 50 րոպե ուշացումով: Ս. Այվազյանին կալանավայրից բերել էին դատարան, սակայն չէր եկել մեղադրող Հովսեփ Սարգսյանը: Իսկ արդեն նիստի ժամանակ դատավորը նախ մերժեց դեռեւս նախորդ նիստին ներկայացրած` Արտակ Սիսակյանին ու Վարդան Կիրակոսյանին հարցաքննության հրավիրելու միջնորդությունը: Ոստիկանները փետրվարի 24-ի առավոտյան Ս. Այվազյանի հետ միասին բերման էին ենթարկել նաեւ այս երկու քաղաքացիներին, ովքեր հաստատ կարող էին որոշ տեղեկություններ հայտնել: Սակայն, ինչպես նախաքննական մարմինը, այդպես էլ դատարանը չեն ցանկացել լսել նրանց ցուցմունքները: «Փաստորեն դուք բավարարվում եք միայն մեղադրող ցուցմունքներ տվող վկաներով: Դուք խուսափում եք լսել արդարացնող ցուցմունքներ: Ես գտնում եմ, որ դուք խախտում եք Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը եւ Քրեական օրենսգրքի մի քանի նորմեր, որոնք ասում են, թե դատարանը պարտավոր է լսել արդարացնող ցուցմունքները: Մեզ համար արդեն պարզ է, որ դուք այս գործն անկողմնակալ չեք քննում»,- հայտարարեց Լ. Սահակյանը: Իսկ մյուս պաշտպան Հ. Արսենյանը հայտարարեց, թե դատավորն իր այս վարքագծով ու որոշումներով պատիվ չի բերում մեր հայրենիքին: «Այստեղ ակնհայտ երեւում է, որ դուք հավասար հնարավորություններ չեք ստեղծում պաշտպանական կողմի համար, որպեսզի կարողանան դատական պրոցեսը նորմալ անցկացնել»,- հայտարարեց Ս. Այվազյանը: Հետո պաշտպանները ներկայացրեցին եւս մի քանի հոգու` Պատվական Խաչատրյանին, Կարեն Ղազարյանին, Սմբատ Այվազյանի եղբայրներ Վահե եւ Սեյրան Այվազյաններին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը: Իսկ այս մարդիկ եղել են Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ, երբ Ս.Այվազյանին նարկոլոգիական դիսպանսերից ետ են բերել: Հիշեցնենք, որ Ս.Այվազյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235` սառը զենք կրելու, եւ 316՝ Իշխանության նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով: Եվ Կենտրոնի ոստիկան Կարեն Հովսեփյանը ցուցմունք է տվել, թե հենց այդտեղ էլ Ս.Այվազյանը բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ: Եվ ահա պաշտպանները դատարանին միջնորդում էին, որ այս ոստիկանների հետ միասին հարցաքննվեն նաեւ վերը նշված անձինք, ովքեր Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ են եղել եւ տեսել են, թե ինչպես են բերել Ս. Այվազյանին: Բացի այդ, Լ.Սահակյանը հայտնեց, որ Ոստիկանության շենքի մուտքի մոտ տեսախցիկ է տեղադրված, եւ այդ ողջ ընթացքը նկարահանված է: Պաշտպանը դատարանին միջնորդեց Ոստիկանությունից ստանալ այդ օրվա տեսաժապավենը: «Մենք 1 ամիս առաջ դիմել ենք, բայց մեզ ընդհանրապես չեն պատասխանել: Հարգելի դատարան, խնդրում եմ Ոստիկանությունից ստանալ այդ ժապավենը: Այնտեղից ամեն ինչ պարզ կերեւա, եւ այլեւս ոչ մի վկայի հարցաքննելու կարիք չի լինի»,- ասաց Լ.Սահակյանը:

Մեղադրող Հ.Սարգսյանն առարկեց այս բոլոր միջնորդություններին, դատավորն ընդունեց միայն ձայներիզը ստանալու միջնորդությունը: Իսկ Ս.Այվազյանի համար Ոստիկանության մոտ հավաքված մարդկանց հարցաքննելու միջնորդության պատասխանը հետաձգեց՝ մինչեւ տեսաերիզի ստանալը: Պաշտպանները, սակայն, համոզված էին, որ Ոստիկանությունն այդ տեսաերիզը չի տա դատարանին: Դատարանն էլ իր հերթին կմերժի այդ անձանց հարցաքննելու միջնորդությունը: Վերջում Լ.Սահակյանը դատարանին միջնորդեց այս գործով հարցաքննել մեկ այլ կալանավորի` ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին: Ս.Այվազյանին ձերբակալելուց առաջ արդեն ձերբակալված էր Գ.Ջհանգիրյանը եւ գտնվում էր Ոստիկանության 6-րդ վարչությունում: Ըստ Լ.Սահակյանի` նա նախապես տեղյակ է եղել, որ մի քանի ժամ հետո պետք է բերման ենթարկեն Ս. Այվազյանին: Գ.Ջհանգիրյանին հարցաքննելու միջնորդությունը եւս արժանացավ Հ. Սարգսյանի առարկությանն ու դատավորի մերժմանը: Փաստորեն դատարանը նաեւ Ս. Այվազյանի գործով բավարարվեց միայն ոստիկանների միակողմանի ցուցմունքներով եւ մերժեց այլ վկաներին հարցաքննելու հնարավորությունը: Լսեց միայն մեղադրող ցուցմունքները եւ մերժեց արդարացնող ցուցմունքները: Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ-ն իր երկու բանաձեւերով ՀՀ իշխանություններին կոչ էր անում կարճել միայն ոստիկանի ցուցմունքով մեղադրվող կալանավորների գործը: Այս մասին դատավորին ու մեղադրողին հիշեցրին պաշտպաններն ու հայտարարեցին, թե Ոստիկանությունից տեսաերիզը ստանալուց հետո կորոշեն, թե ինչ միջնորդություններ ներկայացնեն: «Հոկտեմբերի 17-ից է սկսվում իսկական գործը: Լավ մնացեք»,- նիստի ավարտին ներկաներին մաղթեց Ս. Այվազյանը: Իսկ դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին: