Երեկ հրավիրված ասուլիսում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանն իրար հակասող հայտարարություններ է արել: Մի կողմից՝ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները 2 ամսով երկարաձգելու անհրաժեշտությունը նա պայմանավորել է փաստահավաք խմբի ստեղծմամբ` ասելով, թե հակառակ դեպքում հանձնաժողովը ժամանակի խնդիր չունի: Մյուս կողմից նա ասել է, թե հանձնաժողովը դեռ բավական շատ անելիքներ ունի, կան դեռեւս չճշտված մանրամասներ, որոնց մեջ դեռ «պետք է խորանալ»: Ա. Շահբազյանը հենց այս «խորացումներով» է պայմանավորել ՀՀ նախագահին կամ նախկին ոստիկանապետին հանձնաժողով հրավիրելու հնարավորությունը` չբացառելով, որ նման բան, այնուամենայնիվ, կարող է տեղի ունենալ: Ինչ վերաբերում է հանձնաժողովի օբյեկտիվությանը, իսկ ավելի ճիշտ` կողմնակալությանը, ապա Ա. Շահբազյանն ասել է, որ անդամներն իրենք իրենց դիրքորոշումներով քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչ են, սակայն հանձնաժողովի աշխատանքում փորձել են լինել հնարավորինս օբյեկտիվ եւ շոշափել ու հնչեցնել այն բոլոր հարցերը, որոնք բարձրացրել է ընդդիմությունը մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ: Իսկ առաջիկայում ստեղծվելիք փաստահավաք խումբը, Ա. Շահբազյանի տեղեկություններով, ձեւավորվելու է նախագահի հրամանագրով` ներառելով կոալիցիայից՝ երկու, «Ժառանգություն» խմբակցությունից եւ ընդդիմությունից՝ մեկական, եւ նաեւ մարդու իրավունքի պաշտպանի մեկ ներկայացուցիչ: Թե երբ է այդ խումբը ձեւավորվելու, Ա. Շահբազյանը չգիտի: Երեկվա ասուլիսում Ա. Շահբազյանն անդրադարձել է նաեւ ընդդիմությանը` դաշնակցականին հարիր ոճով ասելով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմում երեւի թե չկա շարունակելու վերաբերյալ «միակարծիքություն»: Ըստ նրա, Լ. Տեր-Պետրոսյանի հին թիմակիցները, որ նրա գլխավորած քաղաքական թիմում են տարիներ ի վեր, կարծես թե ավելի հակված են այն միջոցառումներին, որոնք կնպաստեն բանտարկված ընկերների ազատմանը, որպեսզի նրանք դուրս գան բանտից, գնան տուն: Իսկ քաղաքական թիմի նոր անդամները, ըստ Շահբազյանի տպավորության, կարծես թե ավելի ձեռնտու են համարում այն, որ ընկերներից ոմանք գտնվում են ազատազրկման մեջ, պատանդային վիճակում: