Մեդալային քաղաքականություն

14/10/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Պարզվում է՝ ինչքան աղքատ է երկիրը, այնքան առատ են մեդալները, իսկ որքան առատ են մեդալները, այնքան անհայտ են արժեքները։

Մեդալային ներկայիս առատությունն ակամայից հիշեցնում է բրեժնեւյան լճացման շրջանը, երբ տեղի-անտեղի մեդալներ էին սփռվում աջուձախ, եւ դրանք որեւէ այլ նպատակ կարծես չունեին, որքան իշխանության ֆավորիտներին հասարակությանն ի ցույց դնելը, քանզի հենց դա էր լինում առիթը նրանց դեմքով ճանաչելու, իսկ թե ինչ բանի համար էին նրանք պարգեւատրվում, մնում էր անհասկանալի, ինչպես որ այժմ մեր իրականությունում։ Ավելին, եթե խորհրդային տարիներին մեդալներ հանձնելու իրավունքը վերապահված էր պետական որոշակի կառույցների, եւ դրանով իսկ այն ինչ-որ չափով իրենից, այնուամենայնիվ, ներկայացնում էր որոշակի արժեքային միավոր, ապա մեր օրերում նույնիսկ դա է իմաստազրկվել, քանի որ մեդալներ հանձնում են ոչ միայն տեղի-անտեղի, այլեւ հանձնում է նա, ով ցանկանում է, մինչեւ իսկ այդ արարողության մեջ ներքաշվելու գայթակղությունից զերծ չի մնում հոգեւոր կառույցը։ Հանրագիտարանային բնորոշմամբ, «Մեդալը որպես պետական կամ հասարակական պարգեւ տրվում է հատուկ ծառայությունների համար, խիզախության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում նշանակալի ձեռքբերումների, ի հիշատակ հոբելյանական տարեթվերի, ինչ-որ իրադարձությունների մասնակցության համար»։ Դատելով պարգեւատրման բնույթից, կարելի է հետեւություններ անել այն արժեքների մասին, ինչ ակնկալում է, ասենք, պետությունը, կառավարությունը քաղաքացուց։ Եթե դույզն-ինչ ուշադիր լինենք այս հարցում, բավականին տխուր եզրակացությունների կարող ենք հանգել։ Սովորաբար պարգեւատրման հարթակ են դուրս գալիս այն անձինք, ովքեր երբեւէ ճանաչվել են հասարակության կողմից, ասենք՝ խորհրդային տարիներին, սակայն ներկայում կա՚մ պասիվ դերակատարություն ունեն, կա՚մ սոսկ ինչ-ինչ ծառայություններ են մատուցում իշխանական համակարգին, հասարակության մեջ լինելով իշխանությունների խոսափողը։ Հասարակությունը, բնականաբար, դրանից չի ցնցվում. հոգեբանորեն այդ կարգի պարգեւատրումների նա սովոր է դեռ խորհրդային տարիներից, եւ նա հոգնած հայացքն ուղղակի շրջում է նման գործիչներից. այս պարգեւատրումն իրականում սույն գործիչներին նսեմացնում է հասարակության աչքում, նսեմացնելով եւ այն պարգեւը, որ տրվում է նրանց։ Հասարակությունն անտարբեր է մնում նաեւ նրանց նկատմամբ, ում անունը լսում է առաջին անգամ եւ պարգեւատրման հարթակ բարձրանալու առնչությամբ. այսպիսի պարգեւները կա՚մ պատահական բնույթ են կրում, կա՚մ դարձյալ հենվում են ֆավորիտների վրա։ Հազվադեպ են այն դեպքերը, երբ պարգեւատրվողն իսկապես արժանի է ստացվող պարգեւին, եւ այս պարգեւն էլ, ի շարս նախորդների, հանիրավի կարող է հասարակության կողմից նույն անտարբեր վերաբերմունքին արժանանալ, քանի որ պարգեւատրման ինստիտուտն առհասարակ արժեզրկված է արդեն իսկ։

Վերջերս ունկնդիր եղա «Տարվա լավագույն ուսուցչի» կոչման արժանացած ուսուցչուհու՝ Անուշ Մեհրաբյանի հեռուստազրույցին։ Սպասում էի, որ նրան ընձեռված եթերը նրա համար առիթ կլինի խոսել թե՚ կրթության ոլորտի խնդիրներից եւ թե՚ այն առանձնահատուկ գործունեությունից, որի համար նա արժանացել է այդ եզակի պարգեւին։ Ցավոք, դա տեղի չունեցավ։ Ուսուցչուհին ոչ միայն աղոտ էր պատկերացնում կրթության ոլորտում տիրող սուր խնդիրները, այլեւ, իր իսկ խոստովանությամբ, որեւէ ընդգծված ու տարբերիչ հատկանիշ չուներ իր շատ կոլեգաներից, այսինքն՝ սույն պարգեւը կարելի էր հանձնել հարյուրավորների միջից ցանկացածին, եւ պատկերը նույնը կլիներ. ուղղակի, կարելի է ասել՝ շահող տոմսն այս անգամ իրեն էր վիճակվել։

Պարգեւատրման այս քաղաքականությունը ոչ միայն արժեզրկում է պարգեւատրման իմաստը, ոչ միայն զրոյական է դարձնում այն արժեքներն ու նպատակները, որ հետապնդում է պետական կառույցը, այլեւ անարդարության ու վիրավորվածության դաշտ է ստեղծում, բացառելով նաեւ ստեղծագործական մրցակցության առողջ մթնոլորտ ձեւավորելու ցանկացած քայլ։ Ըստ էության, «Տարվա լավագույն …»-ի արժանացած անձը ոչ միայն պետք է եզակի առավելություններ ունենա մրցակիցներից, այլեւ՝ իր սեփական սովորական դրսեւորումներից, այսինքն՝ աչքի ընկնի հատկապես տվյալ տարվա աշխատանքային ձեռքբերումներով, խիզախումով, պայքարով, նորարարությամբ, հետազոտական, մեթոդական ներդրումով։ Նույնիսկ պարգեւատրման անձնավորումն ու ձեւական բնույթն այնքան վտանգավոր չեն, որքան դրան ընտելանալու հասարակության կեցվածքը։ Վտանգավորն այն է նաեւ, որ տարիների տքնանքով ձեռք բերված շատ արժեքներ, անուշադրության մատնվելով (նկատի չունեմ սոսկ պարգեւատրումը), հիասթափեցնում են իր իսկ ստեղծողին, հեռացնում սեփական հետաքրքրություններից ու մասնագիտությունից։ Ցավոք սրտի, աշխատանքն ու ստեղծագործությունը հաճախ են անձնավորվում, եւ անգամ պետական կառույցներն ի զորու չեն վեր կանգնել պետական մտածողությանը ոչ հարիր նման երեւույթից եւ մարդու գործունեությունը գնահատում կամ անտեսում են ըստ անձի ֆավորիտության աստիճանի, ըստ նրա երկրորդական կարգի ծառայությունների բնույթի։ Ցանկացած ծառայություն գուցե թե արժանի է գնահատման, սակայն դրա համար էլ համապատասխան միջոցներ ու ձեւեր կան, որ կարելի է կիրառել ցանկացած առանձին դեպքերի համար եւ չխառնել հասարակական արժեքները անհատական վերաբերմունքի հետ։