«Կինոն պետք է երեխաների համար հասանելի լինի»

14/10/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Աշխարհում մանուկ եւ պատանի կինոդիտողներին ուղղված ֆիլմեր շատ քիչ են նկարահանվում, քանի որ ռիսկայնության (գումարային, հոգեբանական) մեծ տոկոս են իրենց մեջ պարունակում։ Դա բավականին դժվար ժանր է, քանի որ պատանիները շատ զգայուն, կեղծիքը միանգամից ըմբռնող ու խստապահանջ հանդիսատես են։ Հսկայական բյուջեներով ու ճանաչելի հերոսներով եւ սյուժեներով նկարահանված «բեթմենների», «սուպերմենների» ու «սպայդերմենների» արկածների մասին պատմող ֆիլմերը հիմնականում նախատեսված են ընտանեկան դիտման համար, իսկ մանկապատանեկան ֆիլմերը հազվադեպ են մեծ էկրան բարձրանում։ Խորհրդային Միությունում այդ ժանրին մեծ ուշադրություն էին դարձնում, ու տարեկան անպայման մի քանի մանկական ֆիլմ-գլուխգործոցներ էին լույս աշխարհ գալիս, իսկ հայ կինոմասնագետներն ընդգրկված էին լինում այդ կինոպրոցեսին։ Նաեւ՝ հատուկ մանկական ֆիլմերից բաղկացած փառատոներ էին կազմակերպվում։ Հիմա, երբ այլեւս չկա Խորհրդային կայսրությունը, վերստեղծվել են երկու նման փառատոներ. մեկը՝ Մոսկվայում, մյուսը՝ Երեւանում, որոնք անցնում են «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Այդ հիմնադրամը (որը ղեկավարում է ազգությամբ հայ Արմեն Մեդվեդեւը) աշխատում է կինոյի ու հեռուստատեսության ոլորտում զարգացնել երեխաներին ու պատանիներին ուղղված ֆիլմերն ու հաղորդումները։ Այս տարվա երեւանյան փառատոնը, որը մեկնարկելու է հոկտեմբերի 16-ին, հագեցած է լինելու գեղեցիկ ծրագրերով, ֆիլմերով ու պատվավոր հյուրերով։ Երեւան կայցելեն միջազգային կինոֆոնդի նախագահ «Սոյուզմուլտֆիլմի» տնօրեն Հակոբ Կիրակոսյանը, հեռուստալրագրող Ալեքսանդր Գորդոնը, «Մոսֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Կարեն Շահնազարովը, ով ոչ միայն իր վերջին՝ «Անհետացած կայսրություն» ֆիլմը կբերի Հայաստան, այլեւ՝ իր երկու որդիներին, որոնք մինչ այդ չեն եղել իրենց նախնիների երկրում։ Երեւանյան Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը մի շարք ծրագրեր կիրականացնի Հայաստանի մարզերում եւ Արցախում։ Շուշիում կկազմակերպվի նաեւ մուլտֆիլմերի երաժշտության կատարող, դաշնակահար Լեւոն Օգանեզովի համերգը։ Հայկական ջազի 70-ամյակից բացի, մենք եւս մեկ հոբելյան տոնելու լավ առիթ ունենք։ Մեր առաջին հայկական մուլտֆիլմը՝ «Շունն ու կատուն», ծնվել է 70 տարի առաջ, եւ մենք՝ «Ռոլան Բիկով» հիմնադրամի շնորհիվ՝ մեր մանկության մուլտֆիլմերն ու նրանց հեղինակներին վերհիշելու գեղեցիկ հնարավորություն կստանանք։ Երեւանի Ազգային պատկերասրահում կբացվի ցուցահանդես, որը նվիրված կլինի հայկական մուլտիպլիկացիայի պատմությանը, իսկ մեր հանրապետություն կայցելեն գրեթե բոլոր հայտնի ռուս մուլտիպլիկատորները՝ Յուրի Նորշտեյնը (թերեւս բոլորը կհիշեն նրա նկարահանած «38 թութակները», «Ոզնին մշուշում» մուլտֆիլմերը), Վիոլետա Կոլեսնիկովան (նրա ստեղծած «Վիննի Թուխը», «Բրեմենյան երաժիշտները» իսկական անիմացիոն գլուխգործոցներ են), օսկարակիր մուլտիպլիկատոր Ալեքսանդր Պետրովը եւ էլի շատ հայտնի անուններ անիմացիայի արվեստում։ Բոլոր հյուրերը հայ հանդիսատեսի հետ հանդիպումներ կունենան։ Նշենք, որ հոկտեմբերի 16-20-ը «Մոսկվա» կինոթատրոնում ցերեկային ժամերին ցուցադրվող փառատոնային ֆիլմերն ու մուլտֆիլմերը կարելի է դիտել 300 դրամ արժողությամբ տոմս գնելով։ Երեւանյան փառատոնն արդեն 4-րդ անգամ է կազմակերպվում, եւ ինչպես վստահեցնում է փառատոնի հիմնադիր ու «Ռոլան Բիկով» հիմնադրամի հայկական մասնաճյուղի նախագահ Նունե Մանուկյանը՝ իրենք փորձում են չշտապել ու առաջին հերթին ցանկանում են կինոդիտումների ավանդույթը վերականգնել։ Նունե Մանուկյանը գիտականորեն է մոտենում այսօրվա մեր կյանքին ու փորձում է հաշվի առնել մանուկ հանդիսատեսի հոգեբանությունը: Ընդունված է համարել, որ արվեստի յուրաքանչյուր գործ պետք է մարդկանց սրտերին ու հոգուն որեւէ բան տա, եւ Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը (որի շրջանակներում տարբեր քննարկումներ ու հանդիպումներ կլինեն) լավ հնարավորություն է ստեղծում հասկանալու համար` իսկ ի՞նչ են ուզում մեր երեխաները տեսնել էկրանին: Իսկ դա հասկանալով, մենք կիմանանք նաեւ, թե ի՞նչ են նրանք սպասում իրենց կյանքից ու մեզանից` իրենց ծնողներից:

– Ի՞նչ ֆիլմեր եք ընդգրկել փառատոնի մրցութային ծրագրում:

– Բոլոր 18 ֆիլմերը ստեղծվել են վերջին տարիներին եւ տարբեր խոշոր փառատոների մրցանակակիրներ են։ Եկեք, դիտեք, հավատացնում եմ` շատ հետաքրքիր ֆիլմեր են: Իհարկե, հիմա հատուկ երեխաների համար ֆիլմեր քիչ են նկարահանվում, բայց աշխարհում ավելի քան 40 նման փառատոն կա։ Կարծում եմ, որ մեր փառատոնի ֆիլմերն ու մուլտֆիլմերը ոչ միայն երեխաների, այլեւ՝ նրանց ծնողների համար հետաքրքիր կլինեն, քանի որ դրանք այն մուլտֆիլմերն են, որոնց վրա նրանք դաստիարակվել են։ Շատ հզոր հեղինակային թիմ է գալու՝ Նորշտեյնը, Խրժանովսկին, Պետրովը, Նազարովը, Չերկասսկին, Կոլեսնիկովան։

– Իսկ ֆիլմերը գնահատող ժյուրի աշխատելո՞ւ է։

– Այո, մենք երկու ժյուրիի կազմ ունենք՝ գեղարվեստական ու անիմացիոն ֆիլմերի։ Այս տարի նաեւ իր գնահատականները կտա մանկական ժյուրին, որը բաղկացած կլինի հայ պատանիներից ու երեխաներից։ Անցյալ տարի նման ժյուրի կար, սակայն այն միայն ֆրանսիացի երեխաներից էր կազմված։ Մենք մի քանի տարիների ընթացքում աշխատել ենք հայ երեխաների հետ, նրանց տարբեր փառատոների ենք ուղարկել, որպեսզի իմանան, թե ի՞նչ չափանիշներով պիտի ֆիլմերը գնահատեն։

– Փառատոնն անցնում է ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ՝ Հայաստանի մարզերում։ Դա պարտադի՞ր նախապայման է։

– Այո, արդեն ավանդական դարձած մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն այս տարի հոկտեմբերի 16-20-ը կանցնի Երեւանում, 21-23-ը՝ Արցախում, իսկ այնուհետեւ մինչեւ դեկտեմբեր ամիս կշրջի Հայաստանի 6 մարզերում։ Մեր փառատոնը կայցելի մարզերի Մշակույթի տների դահլիճները, մանկական հիվանդանոցները, մանկատները, դպրոցները, այսինքն՝ այն վայրերը, որտեղ ֆիլմեր ցուցադրելու հնարավորություն կա։

– Հայաստանը երեխաներին այդքան էլ շատ բան չի առաջարկում, զուտ զվարճանքներով լի զբոսայգիները ոչ մի դաստիարակչական բեռ չեն կրում։ Եվ թվում է, որ մանկական ֆիլմերի փառատոնը պիտի շատ արագ արձագանք ստանա մեր հանրապետությունում։ Համաձա՞յն եք։

– Համաձայն չեմ, մեզ մոտ ընդհանրապես կորել է կինոթատրոն այցելելու կուլտուրան։ Չմոռանանք նաեւ, որ շատ երեխաների համար կինոթատրոն գնալն անհասանելի մի երազանք է։ Մի դատեք միայն Երեւանով, այլ տեսեք, թե ի՞նչ է կատարվում մարզերում։ Մեր փառատոնն արդեն չորրորդ անգամ է տեղի ունենում, եւ մենք հասցրել ենք որոշակի հետեւություններ անել։ Երբ մենք դեռ նոր էինք փառատոնը ստեղծում, գնացինք Ստեփանակերտ՝ հասկանալու համար՝ ինչով են ապրում հետպատերազմյան տարիների երեխաները։ Եվ տեսնելով այնտեղի ցավալի վիճակը, որոշեցինք մեր ծրագրերի մեծ մասը Երեւանից դուրս անել։ Շատ երեխաներ ուղղակի չեն կարող 300 դրամ վճարել ու ֆիլմ դիտել։ Դա շատ ցավալի է, քանի որ այդ անդունդը տարեցտարի ավելի է խորանում։ Անցյալ տարի, օրինակ, լինելով Ալավերդիում, մենք հասկացանք, որ կան երեխաներ, որոնք չեն էլ պատկերացնում, թե ի՞նչ է կինոթատրոնը, նրանք երբեք մեծ էկրանին ֆիլմ չեն դիտել։ Եվ դա շատ լուրջ ողբերգություն է։

– Փառատոնին աջակցում է Մշակույթի նախարարությունը, որը հայտարարել էր նաեւ շրջիկ կինոթատրոնների ստեղծման մասին։ Արդյոք ավելի կոնկրետ քայլ չէ՞ր լինի նման կինոավտոբուսի ուղեւորությունը դեպի մարզեր՝ Ձեր ֆիլմերի հավաքածուով։

– Իհարկե, դա լավ գաղափար է, որը, սակայն, մենք ինքներս մեզ թույլ տալ չենք կարող, քանի որ շրջիկ կինոթատրոնները թանկ արժեն։ Բայց ես շատ լավ հասկանում եմ դրա կարեւորությունը, հիանալի միտք է։ Ամեն դեպքում մենք բաց ենք համագործակցության համար։ Անցյալ տարի, օրինակ, մենք տարբեր մասնագետների հետ կլոր սեղան կազմակերպեցինք, ուզում էինք հասկանալ, թե ինչ գրքեր են կարդում եւ ինչի մասին են գրում տարբեր երկրների երեխաները, որպեսզի ճշտենք նրանց համար արդիական համարվող թեմաները։ Պարզվեց, որ բոլոր երկրներում իրավիճակը գրեթե նույնն է, երեխաներն ամեն տեղ նույն կերպ են մտածում ու երազում։ Պարզապես սոցիալական վիճակը մեր երեխաներին թույլ չի տալիս գումար ծախսել կինոյի, գրքերի վրա։ Եվ ստեղծված իրավիճակն ուղղելու համար ժամանակ է հարկավոր։ Եվ մենք էլ փորձում ենք քայլ առ քայլ ուղղել այն։

– Մտադրություն չունե՞ք համատեղ ֆիլմերի ստեղծումը խթանել։

– Հիմա աշխարհում գրեթե բոլոր ֆիլմերն էլ համատեղ արտադրություն են։ Եվ մենք հույս ունենք, որ հայտնի ռեժիսորները, ֆիլմարտադրողները՝ Երեւան գալով, կշփվեն միմյանց հետ ու կմտածեն այդ ուղղությամբ։ Չէ՞ որ ժամանակին Խորհրդային Միությունը հիմնականում համատեղ ֆիլմեր էր ստեղծում, եւ դրանք շատ լավ մանկական ու պատանեկան ֆիլմեր ու մուլտֆիլմեր էին։ Իհարկե, հիմա մենք անկախ երկրներում ենք ապրում, բայց ի՞նչ է խանգարում կրկին միասին աշխատել։ Չէ՞ որ 70 տարի առաջ մուլտիպլիկատոր Ատոմանովը Հայաստանի հրավերով եկավ Երեւան ու «Հայֆիլմում» ստեղծեց առաջին հայկական մուլտֆիլմը։ Մենք իրականում միայն աշխարհագրական իմաստով ենք հեռու իրարից, բայց ամեն ինչը նույնն է մնում, պարզապես հարկավոր է մարդկանց առաջարկել կրկին միասին աշխատել։

– Տպավորություն է, որ Դուք ավելի շուտ ոչ թե էմոցիաներով, այլ՝ բանականությամբ եք առաջնորդվում։ Նաեւ՝ մեծ լավատես եք։

– Այո, ես լավատես եմ, քանի որ համոզված եմ, որ եթե կյանքին մռայլ գույներով նայես, կզրկվես լավ բան անելու ցանկությունից։ Իրականում, եթե որեւէ բանով զբաղվում ես, պետք է մտածել հեռանկարներ, նոր շփումներ ու նոր ուղիներ բացելու մասին։ Ոչ մի գործ մեկ օրում, կամ նույնիսկ՝ մեկ տարում անել չես հասցնի։ Մեր նպատակը երեխաներին կինոթատրոն տանելու ավանդույթը վերականգնելն ու կինոյի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն է։ Իմ առաջին մասնագիտությամբ ես գիտնական եմ, եւ որպես գիտնական՝ գիտեմ, որ միանգամից ոչինչ չի լինում, հարկավոր է քայլ առ քայլ մոտենալ նպատակին։ Գաղափարներ ծնելը, թերեւս, բոլորն են կարողանում, սակայն քչերն են իրենց գաղափարներն իրականացնում։ Երբ Մոսկվայում ուսումնասիրում էի գործնական շփումների հոգեբանությունը, մի շատ կարեւոր դրույթ հասկացա. երբեք պետք չէ գնացքից առաջ վազել, այլ՝ պետք է փորձել շատ ետ չընկնել գնացքից։ Դա է բանական մոտեցումը յուրաքանչյուր հարցին։ Հավատացեք, ետ չընկնելն ավելի բարդ է, քան առաջ անցնելը։