Ֆլեն Օ՚Բրայեն (1911-1966)

14/10/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Արձակագիր Բրիան Օ՚Նուալանն իր ստեղծագործական կյանքում կիրառում էր զանազան կեղծանուններ եւ տարանուններ կամ տարատեսակ դիմակներ: Եթե Դանիիլ Խարմսը ենթադրում էր. որ անփոփոխ անունը դժբախտություն է բերում, եւ նոր ազգանուն էր ընտրում դժբախտությունից եւ Խորհրդային երկրի մղձավանջից ազատվելու կամ փախչելու համար, ապա Բրիան Օ՚Նուալանն ուներ հեղինակի անհատականության կոտորակման իր մեկնակերպն ու բացատրությունը, որն ինչ-որ բանով հիշեցնում է Սյորեն Կիերկեգորի եւ Ֆերնանդո Պեսոայի արածը: Նա գրում էր. «Հարկ չկա, որ հեղինակն իր անունով գրի: Հեղինակ-անհատի մասնատումը յուրաքանչյուր հաջորդող գրական փորձի ընթացքում՝ երաշխավորում է, որ նրան, ով թաքնված է այդ բոլոր դիմակների տակ, չեն կարող վերագրել որոշակի մտածելակերպ, անփոփոխ հայացքներ, արտահայտման եղանակի անբեկանելիություն»:

Մի անգամ նա ինքն իր մասին այսպես է արտահայտվել. «Այս մարդը`ամենաանսպասելին է բոլոր անկերպարան, սահմանի չենթարկվող եւ իր ստեղծագործությունների ձեւի եւ բովանդակության առումով անկանխատեսելի, միշտ հարափոփոխ իր լեզվի, ոճի եւ նույնիսկ անվան ընտրության մեջ… Նա հիացմունք կամ ատելություն է հարուցում ծաղրանքի դիպուկությամբ եւ անհեթեթության (որը կազմավորվում է մարդկանց զբաղմունքների աներեւակայելի քանակով) բացարձակապես ակամա մերկացման իր շնորհով»:

Ընթերցողին առավել հայտնի են նրա երկու դիմակները` Ֆլեն Օ՚Բրայենը («Ու Սնավ-Դա-Էն», «Ծանր կյանք», «Դոլքիի արխիվը», «Երրորդ ոստիկանը» եւ այլ վեպերի հեղինակը) եւ Մայլզ-նա Գոպալինը («Ղազարոսին երգողները», «Ֆաուստո Բելլին», ինչպես նաեւ՝ «Լիքը սափորը» սյունակի հեղինակը «Այրիշ Թայմս» թերթում): Բրիան Օ՚Նուալանը ծնվել է Ստրաբանում` Թիրոն կոմսությունում: Նա մեծացել է երկլեզվյան միջավայրում եւ մանկուց տիրապետում էր թե՚ իռլանդերենին, թե՚ անգլերենին, իսկ հետագայում նաեւ երկու լեզվով էլ գրում էր, ամեն լեզվի համար ընտրելով իր դիմակ-տարանունները: Իռլանդերենի հետ կապված նա բանաստեղծ Պատրիկ Կավանախին հղված նամակներից մեկում գրում էր. «Իռլանդերենը` ճշգրիտ, նրբագեղ եւ հիանալիորեն զարգացած լեզու է, որով գոյություն ունի առավել քան արտասովոր եւ հետաքրքրական գրականություն: Ձեր վերաբերմունքն առ այն, հավանաբար, սերում է չիմացությունից, եւ դուք ավելի եք բարդացնում ձեր վիճակն այն բանով, որ այդ լեզվով զբաղվելը շփոթում եք Գելիական Ընկերակցության բթամիտների այծային թռիչքների եւ խեղկատակությունների հետ (որոնց մեծամասնությունն ընդհանրապես իռլանդերենին չի տիրապետում): Չի կարելի հրաժարվել շամպայնից, միայն այն բանի համար, որ այն խմում են բարձրակարգ պոռնիկները…»:

Ֆլեն Օ՚Բրայենին բնորոշ են այն հնարքները, որոնց օգնությամբ հեղինակի բանիմաց երեւակայությունը հարստացնում է ստեղծագործությունների կառուցվածքն ու հյուսվածքը, այնտեղ ներմուծելով տարրեր իռլանդական էպոսից եւ բանահյուսությունից, ինչպես, ասենք, հերոսի ծննդյանը նախորդող կանխանշանները, վարազների ավանդական որսը, ակնածանքը մութ եւ այսօր արդեն քիչ ընկալելի իռլանդերենի հանդեպ, երկար ծագումնաբանական թվարկումները, «մարդու կերպարանափոխումը փոկի», Ծովակատուն, իռլանդական «Մաելդունի նավարկությունը» սագայի եւ այլ բանահյուսական եւ մոգոնած հնությունների հիշատակությունները:

Ֆլեն Օ՚Բրայեն… Կանգ առնենք այս կեղծանվան վրա, քանի որ այս հեղինակի ռուսերեն համարյա բոլոր թարգմանությունները լույս են տեսել այս անվամբ, եւ հիշենք նաեւ, հակառակ կողմից Բուլգակովին երկրորդելով, որ իռլանդացի հայտնի ազգային հերոս եւ քաղաքական գործիչ Օ՚Բրայենն ընդամենը մեր հեղինակի ամենահայտնի տարանուններից մեկի ազգանվանակիցն է:

Ֆլեն Օ՚Բրայենի գրական կարիերան սկսվեց 1939 թվականին, երբ լույս տեսավ նրա առաջին եւ ամենահայտնի «Ջրլողորդների մասին» վեպը, որը 2000 թվականին ռուսերեն լույս ընծայեց Սանկտ Պետերբուրգի «Սիմպոզիում» հրատարակչությունը: Գրքում տեղ էր գտել նաեւ «Դժվար կյանք» վեպը:

«Ջրլողորդների մասին» վեպն արժանացավ Սեմյուել Բեքեթի գովասանքին, կիսակույր Ջոյսը խոշորացույցով ծայրեծայր կարդաց այն եւ նույնպես շատ բարձր գնահատեց: Ասենք նաեւ, որ Ֆլեն Օ՛Բրայենը Վիլյամ Սարոյանի ամենասիրելի հեղինակներից մեկն էր, ում` գրչին հետեւելով, ազատ ու անկաշկանդ ճամփորդության ելնելու եղանակն ու մտքի թռիչքը շատ հոգեհարազատ էր նրան: Հավելենք նաեւ, որ Ֆլեն Օ՛Բրայենի աբսուրդիստական հումորին էր արժանի Վիլյամ Սարոյանի 100-ամյակը նշելու այն կերպը, որը մենք ընտրեցինք` տարատեսակ եւ սրտառուչ ճոռոմաբանություններից եւ ամենուր քաղաքում Սարոյանի մեծադիր նկարները տարածելուց հետո վերահրատարակել վաղուց տպված քառհատորյակը, եւ ոչ իսկ մի նոր պատմվածք, պիես կամ էսսե:

Սա, անշուշտ, արդեն բոլորովին այլ եւ չափազանց տխուր մի պատմություն է:

Ի տարբերություն «Ջրլողորդների մասին» վեպի հաջողությանն ու հանած աղմուկին, Ֆլեն Օ՛Բրայենի հաջորդ վեպը` «Երրորդ ոստիկանը», մերժվեց բոլոր հրատարակություններում, եւ վիրավորված հեղինակն այլեւս այն տպագրելու որեւէ փորձ չձեռնարկեց, ծանոթներին ասելով, թե ձեռագիրը կորցրել է, որը, թեպետ, Ֆլեն Օ՚Բրայենի մահից հետո հայտնաբերվեց նրա սեղանի գրադարակում, եւ հրատարակվեց արդեն 1967 թվականին, արժանանալով գրականագետների հիացական արձագանքներին: Այդ գիրքը համարում էին «սեւ հումորի» գլուխգործոցներից մեկը, եւ համեմատում էին Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» երկի հետ:

«Երրորդ ոստիկանը» վեպի հետ կապված պատմությունից հետո Օ՚Բրայենը քսան տարի անգլերեն ոչինչ չէր հրատարակում: Եվ 1940 թվականից սկսյալ Մայլզ-նա Գոպալին կեղծանվամբ վարում էր «Այրիշ Թայմս» թերթի երգիծական սյունակը, տպագրվելով նաեւ այլ իռլանդական թերթերում եւ ամսագրերում: Հետագայում Ֆլեն Օ՚Բրայենի այդ տարիներին գրած ֆելիետոններն ու պատմվածքները խնամքով ժողովվեցին եւ մի քանի գիրք կազմեցին, որոնց մեջ հատուկ ուշադրության են արժանի «Լավագույնը Մայլսից» եւ «Դոգմայի մազը» երկերը:

Այսօր դժվար է հասկանալ, թե ինչու հրատարակիչներն ու ընթերցողները, որ այդքան մեծ հիացմունքով էին ընդունել «Ջրլողորդների մասին» վեպը, չգնահատեցին «Երրորդ ոստիկանը» վեպի նրբագեղ պարզությունն ու փառահեղ հումորը, ինչպես նաեւ չընկալեցին Օ՚Բրայենի իռլանդերեն գրած «Ղազարոսին երգողները կամ աղքատ բերանը» վեպը:

Ընթերցողին գուցե շվարածության մեջ էր գցում առաջին հայացքից ավանդական ժանրային շրջանակների մեջ ընթացող ռեալիստական պատումը, որի մեջ հեղինակը զգուշորեն, քայլ առ քայլ, գրոտեսկի եւ ալլոգիզմի տարրեր էր ներմուծում:

Առանձին ուսումնասիրության նյութ է Օ՚ Բրայենի աներեւակայելի հումորը սնող իռլանդական բանահյուսական ատաղձը, ինչպես նաեւ՝ դրա տարակերպումները նոր ժամանակներում:

2003 թվականին «Սիմպոզիում», հրատարակչությունը Բրիան Օ՚Նուալան` գրողի նախնական անվամբ լույս ընծայեց «Ղազարոսին երգողները կամ աղքատ բերանը» վեպը: Ըստ հեղինակի վկայության, վեպի գաղափարը նրա գլխում ծնվել էր 1940 թվականի փետրվարի երեքին, իսկ ձեռագիրը նա ավարտեց 1941 թվականի ապրիլի 13-ին` Չարչարանաց ուրբաթ օրը, եւ 1941-ի դեկտեմբերին այն լույս տեսավ: Վեպի ձեռագրի վերջին էջին Օ՚Նուալանը գրել էր. «Կարծում եմ, որ նման բան ինձ հետ այլեւս չի պատահի»: Ռուս գրականագետներից մեկը, խոսելով Ֆլեն Օ՚Բրայենի մասին եւ պախարակելով ռուս գրաքննադատության մեջ տարածված հիվանդությունը` ցանկացած օտարազգի գրողի մեջ ռուսական զուգահեռներ փնտրելը, այդուհանդերձ, այսպես է շարունակում. «Եթե «Երրորդ ոստիկանը» եւ «Ղազարոսին երգողները» ընթերցելիս հիշվում է Դանիիլ Խարմսը, ապա «Ջրլողորդների մասին» վեպը հիշեցնում է Վագինովին, եւ ոչ թե ընդհանրապես Վագինովին, այլ կոնկրետ «Սվիստոնովի օրերն ու գործերը»: Անշուշտ, նմանությունն այդ պայմանավորված է վեպի թեմատիկայի եւ կառուցվածքի որոշակի աղերսներով»:

Նմանության հետ մեկտեղ, ասենք նաեւ, որ Ֆլեն Օ՚Բրայենը (հիշելու համար, թերեւս, կանգ առնենք այս կեղծանվան վրա) շատ ավելի խաղացկուն, ժամանակակից, անսահմանելի ու անկանխատեսելի է եւ երբեմն հիշեցնում է մի ուրիշ հանճարեղ իռլանդացու` Լորենս Սթերնին, ով 18-րդ դարում գրում էր այսօրվա արձակ:

Գոնե փոքր-ինչ պատկերացում տալու համար Ֆլեն Օ՚Բրայենի գրելաոճի, ռիթմի եւ անսահման հումորի մասին, կուզենայի մեջբերել մի հատված «Ջրլողորդների մասին» վեպի հենց առաջին գրքից. «Բերանս դնելով երեքրոպեանոց ծամելու գործընթացի համար նախատեսված հացի պատառը, ես իմ մեջ խեղդեցի զգայական ընկալման բոլոր մղումները եւ ինքնախորասուզվեցի իմ բանականության մեկուսացած տարածքների մեջ, ընդ որում, դեմքն ու հայացքն իմ մտահոգ-անմասն արտահայտություն ընդունեց: Ես լրջորեն մտորեցի իմ պարապ գրական ստեղծագործությունների մասին: Կտրականապես գլուխս չի մտնում, թե ինչու գիրքը պիտի ունենա միայն մեկ սկիզբ եւ մեկ վերջ: Լավ գիրքը կարող է ունենալ երեք միանգամայն չնմանվող սկզբնավորություններ, որ փոխկապակցված են միմիայն հեղինակային կանխատեսմամբ, իսկ թե վերջավորություններ`ապա բյուր-բյուրավոր»:

Առաջին պարբերությանը հետեւող սկզբնավորության երեք տարբերակներն էլ, առանց մեջբերելու, թողնում եմ ընթերցողին, այն ընթերցողին, ով չի բավարարվում կցկտուր մեջբերումներով: