Երեկ Բիշքեկում կայացած ԱՊՀ գագաթաժողովում որոշվել է ստեղծել ԱՊՀ Համագործակցության անդամ երկրների ֆինանսների նախարարների աշխատանքային խումբ, որը վերլուծելու է իրավիճակը համաշխարհային տնտեսությունում` կապված միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ: «Աշխատանքային խումբը ստեղծվում է համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,- հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը` բացելով Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների ընդլայնված նիստը: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` Բակիեւը պարզաբանել է, որ նկատի ունի «ֆինանսական ճգնաժամը, որն անդրադարձել է բոլորի վրա, իսկ եթե որեւէ մեկի վրա չի անդրադարձել, ապա հաստատ կանդրադառնա»: Ղրղըզստանի նախագահը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբի առաջին նիստը կանցկացվի առաջիկա 10 օրերի ընթացքում Մոսկվայում: