Վաղամեռիկ եղբոր ծնունդը

09/06/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Մայիսի 28-ին պարեցինք։ Այսինքն՝ ոչ թե պարեցինք, այլ պարեցին նրանք,
ովքեր չհասցրին հասկանալ տարօրինակ այդ միջոցառման իմաստը, կամ նրանք,
ովքեր լավ էլ հասկանում էին, բայց սովոր են ամեն ինչին մատների արանքով
նայելու, կամ նրանք, ովքեր հավատում են, որ այդ շուրջպարով մենք ավելի
երջանիկ կդառնանք ու մեր կյանքն՝ ավելի բարեկեցիկ, կամ նրանք, ովքեր
հայրենասիրության միջից քաշել են պատասխանատվության ջիղը։
Պարողները պարեցին, իսկ չպարողներին ընդամենը թվաց, թե իրենք չեն պարում։
Ո՞նց կարող էին չպարել, երբ մթնոլորտն արդեն քանի ամիս հագեցած էր այդ
«առասպելական» շուրջպարով եւ միասնության «հաղթական» գաղափարով։ Այսինքն՝
հին սովետական հանաքը՝ «եթե կանգնած ես, դա դեռ չի նշանակում, որ նստած
չես», գործեց իր ողջ ճշգրտությամբ։
Տասնհինգ րոպե պարեցինք։ Այդ րոպեների ընթացքում, իհարկե, Ստամբուլը
հասցրեց դառնալ արյան ծով, եվրոպացիները հասցրին մտածել՝ «սրանց դեմ խաղ
չկա», ամերիկացիները ձեռ քաշեցին հեղափոխության մտքից՝ տեսնելով, որ
Հայաստանում անհրաժեշտ զանգվածը կուտակվում է միայն միասնության գաղափարի
եւ գառան խաշլամայի շուրջ, «Բաքու-Ջեյհանը» ղալաթ արեց, եւ այս ամենը տեղի
ունեցավ ընդամենը տասնհինգ րոպեում։
Տասնհինգ րոպեն գագաթնակետն էր, չուզողի աչքը հանելու բուն
գործողությունը, իսկ գաղափարն ավելի վեհ էր ու անհասանելի։ Միասնություն։
Մի բան, որը պարի կազմակերպիչների պատկերացմամբ՝ ամենից շատ է պակասում
մեր ժողովրդին, մի բան, որի առկայության դեպքում կդառնանք հայտնի առակի
ցախավելը։ Պարի կազմակերպիչներն, ովքեր պետական բարձրաստիճան պաշտոնյաներ
են, իրենց պարտականությունների կատարումը չեն պատկերացնում
պառակտվածության պայմաններում։ «Միասնական» ժողովրդին ղեկավարելն,
անշուշտ, շատ ավելի հեշտ է։ Ասում ես՝ պարիր՝ պարում է, ասում ես՝ մի
պարիր՝ չի պարում, ասում ես՝ խաշլամա կեր՝ ուտում է, ասում ես՝ մի կեր՝ չի
ուտում։ Այսպես սահմանում ես տարվա մեջ մի օր, երբ պետք է պարել եւ
խաշլամա ուտել, մնացած օրերին պետք է ապրել «միասնության» գաղափարով,
այսինքն՝ պետք է անհարմար զգալ անգամ նկատելուց, որ պարի փոքրաթիվ
կազմակերպիչները մի քանի անգամ լավ են ապրում մեծաքանակ պարողներից, որ
պարի կազմակերպիչներն իրենց գործունեությամբ կամ անգործությամբ
նվաստացնում են մեծաքանակ պարողներին, որ պարի կազմակերպիչները պարզապես
թոզ են փչում մեր աչքերին, որպեսզի չտեսնենք ամեն օր պատահող անկումը։
Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր պարբերաբար չեն գնում դիագնոստիկ
ստուգումների, բայց բաց չեն թողնում հարսանիք, կնունք կամ ծնունդ գնալու
որեւէ առիթ։ Գնաս բժշկի ու պարզվի, որ քաղցկեղ ունես, ավելի լավ չէ՞ չգնաս
ու չիմանաս այդ տհաճ բանը, իսկ հարսանիքի, կնունքի, ծնունդի տեղերում, ուր
անպայման կա պար ու խաշլամա, նման բան դժվար թե պարզվի։ Այսպես շուրջպարի
մասնակիցներից շատերն իրենք իրենց հարցնում էին. «Ի՞նչ կա որ, ի՞նչ վատ
բան է պարելը, կպարենք, կուրախանանք»։ Իսկապես, ոչ մի վատ բան էլ չկա
պարելու, հատկապես՝ քառագագաթ մի սարի բոլորքը շուրջպար բռնելու մեջ։ Հո
չե՞ս կարող ամեն օր նստել ու մտածել կաշառակերության, գործազրկության,
թալանի, բեսպրեդելի, սափրագլուխների, Շեքսպիրը կասեր՝ «հարստահարչի
անիրավության», ու նման բաների մասին։
Չես կարող, իհարկե։ Մարդ ես ու կարիք ունես հանգստանալու, մարդ ես ու
կարիք ունես սիրո։ Ոչինչ, որ այդ սերը սադոմազոխիստական է. քառագագաթ
լեռան փեշերին սպասվող հեշտանքը կարդարացնի ամեն ինչ։
Բայց հեշտանքն այդ մայիսի 28-ին էր եւ միայն։ Արագածը եզերող բնակավայրեր
շտապողները մոռացել էին, որ 28-ից հետո գալիս է 29-ը, այսինքն՝ անհոգ
կիրակիին հաջորդում է «ծանր» երկուշաբթին, որ տոնին, այն էլ՝ այդպիսի
լայնամասշտաբ տոնին, հաջորդելու է ունայնությունը։
Շատերն են հիմա խոսում շուրջպարի անհեթեթության մասին, հատկապես՝ որ
ստիպված են եղել այդ բանն անել առանց երաժշտության, առանց իմանալու՝ մյուս
բնակավայրերում պարո՞ւմ են, թե՞ արդեն խաշլամա են ուտում, թե՞ արդեն իրար
հրմշտելով փորձում են խցկվել «Գինեսի» ռեկորդների գրքի մեջ։ Շատերն են
իրենց ամիսներ տեւած ոգեւորությունն իզուր համարում, բայց այդ
հիասթափությունը փորձում են բացատրել «միասնության» գաղափարի վեհությամբ։
Սիրելիներ, ասում եմ ես նրանց, եթե Հայաստանում գոյություն ունենային
զանգվածային լրատվության իսկապես ազատ եւ ազդեցիկ միջոցներ, դժվար թե
հայտնված լինեիք այդքան անհարմար վիճակի մեջ, որովհետեւ կգտնվեին մարդիկ,
ովքեր ոսկեղենիկ հայերենով կբացատրեին ձեզ, որ տեխնոլոգիաների այս
դարաշրջանում, երբ առանց դժվարությունների կարող ես մասնակցել Միացյալ
Նահանգներում պսակվող ընկերոջդ հարսանիքին կամ շախմատ խաղալ Չինաստանում
նստած մեկի հետ, առանձնապես մեծ հայտնագործություն չէ սարի չորսբոլորը ձեռ
ձեռի տված շուրջպար բռնելը եւ դա միասնություն կոչելը։
Եթե Հայաստանում գոյություն ունենային զանգվածային լրատվության իսկապես
ազատ միջոցներ, կգտնվեին մարդիկ ու հասկանալի լեզվով կբացատրեին, որ
«միասնություն» կոչվածն այսօրվա աշխարհում դադարել է լինել ուսակցիդ
քրտինքի հոտից ստացված հաճույք, ինչպես Էլիաս Կանետտին էր ասում
նացիստական ամբոխի մասին, այլ արդեն եւ վաղուց դարձել է վերցեղային
գիտակցության ձեւ, ինչպիսին է, ասենք, Եվրամիությունը, որը հարեւանի աչքը
հանելուն հակադրել է իր աչքի գերանը հանուն ընդհանուր բարեկեցության
վերացնելը։
Եվ եթե Հայաստանում գոյություն ունենային զանգվածային լրատվության իսկապես
ազատ միջոցներ, անպայման կգտնվեին մարդիկ, ովքեր կասեին, որ միասնության,
այսօրինակ միասնության մարմաջը հատուկ է պետությունից զուրկ ցեղերին,
որոնք հանկարծահաս կարկտահարությունը, անտառից եկած գայլի երախում սեփական
հոտի հայտնվելն ու հարեւան ցեղի ղաչաղների հաճախադեպ հարձակումները
բացատրում են «միասնության» բացակայությամբ։
Եվ այդ մարդը կասեր, որ պետությունն ազգի միասնության մինչ օրս հնարված
լավագույն ձեւն է։ Պետությունն է իր հաստատություններով երաշխավորում ազգի
անվտանգությունն ու ապահովությունը, պետությունն է տալիս այն
պատկանելությունը, որով բոլորը դառնում են հավասար ու միասնական։ Եվ
կբացատրեր, որ միասնության լավագույն ձեւը քաղաքացի լինելն ու
քաղաքացիությունը գիտակցելն է եւ այս քաղաքացիությամբ միայն կարող են
միասնական լինել, ասենք, Տիգրան Մանսուրյանն ու ռաբիս երգ թխող մի տղա,
Հրանտ Մաթեւոսյանն ու թուղթ մրոտող թաղապետի մի թեկնածու, զոհված
ազատամարտիկի այրին ու իրավապահ մարմիններում բարձր դիրք զբաղեցնող մեկի
կինը, պաշտպանության նախարարն ու խաղաղ բանակում անկարգապահության զոհ
դարձած զինվորի վշտից կորացած հայրը։
Պետությունն է միասնության գերագույն դրսեւորումը։ Պետությունը մեր, որ
արդեն 14 տարեկան է, բայց ո՞վ է հիշում այս պատանու ծնունդն ու տարիքը։
Չէ՞ որ ավելի հեշտ է նշել վաղամեռիկ եղբոր ծննդյան օրը։