«Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Կովկասում»

11/10/2008

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան երեկ BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը մրցակիցներ չեն Կովկասում: «Ես չէի ասի, որ մենք մրցակիցներ ենք: Մենք ունենք մեր ռազմավարական շահերը, որոնք կիսում ենք Կովկասի մեր գործընկերների հետ: Եվ ինձ թվում է՝ Ռուսաստանը դեմ չէ բոլոր այդ շահերին, օրինակ, ես նկատի ունեմ Հարավային Կովկասի կայունությունը: Մենք գտնում ենք, որ ժողովրդավարության աճը Ռուսաստանին չի վնասում, որովհետեւ Ռուսաստանն այսքան դարեր իր հարավային սահմաններում կայունություն հաստատելու ուղիներ է փնտրում: Մենք կարող ենք համագործակցել այդ բնագավառում»,- ասել է նա: Պատասխանելով հարցին, թե Հարավային Օսիայի իրադարձություններից հետո արդյոք ավելի՞ է մեծացել ղարաբաղյան հակամարտությունը լուծելու քաղաքական կամքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն ասել է. «Կարելի է այսպես ասել` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն այժմ գտնում են, որ այդ հակամարտությունը պետք է լուծել հնարավորինս արագ»: Նա ուշադրություն է դարձրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի ջանքերի ակտիվացմանը` նշելով, որ Անկարան ԱՄՆ-ի շատ կարեւոր դաշնակիցն է, այդ թվում՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ: «Մենք գտնում ենք, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Կովկասում: Օրինակ, Թուրքիան արդեն նպաստել է Կովկասում խողովակաշարային համակարգի զարգացմանը: Մենք չգիտենք, թե ինչ է բովանդակում Կովկասի անվտանգության եւ կայունության պլատֆորմը, որը ներառում է թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը, թե՛ Հարավային Կովկասի բոլոր երկրները: Եթե Թուրքիան կարողանա դրական ներդրում կատարել, ապա մենք այն կպաշտպանենք»,- ասել է Մեթյու Բրայզան` հավելելով, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը շատ կարեւոր է, եւ, որ այն պետք է շարունակի աշխատանքը: