Վաղը Կոտայքի մարզի մի շարք համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Ընտրությունները թեժ են լինելու հատկապես Զովունի գյուղում: Այստեղ առաջադրվել են գործող գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը եւ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Աղասի Սիմոնյանը:
Ի սկզբանե կային հինգ թեկնածուներ, սակայն վերջին պահին առաջադրվեցին երկուսը: Ընդ որում, երկուսն էլ անկուսակցական են: Ա. Սիմոնյանը երկրապահ Խաչիկ Սիմոնյանի բարեկամն է, եւ կարծես թե նրան պաշտպանում է գյուղի ընդդիմադիր հատվածը: Իսկ Ս. Ավետիսյանը Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսանի հարազատ եղբայրն է, ու նրան պաշտպանում են իշխանությունները: Նախորդ ընտրություններին Ս. Ավետիսյանին պաշտպանել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա նույնիսկ անձամբ գնացել է Զովունի ու բնակիչներին հորդորել ընտրել Սերժիկ Ավետիսյանին: Այս անգամ Ա. Հովսեփյանն անձամբ չի միջամտում ընտրություններին, բայց զովունեցիներն ասում են, որ նա գյուղ է ուղարկել ուրիշ մարդկանց: Ս. Ավետիսյանն ասում է, որ ծագումով ապարանցի է ու «Նիգ Ապարան» հայրենակցական միության անդամ է: Իսկ այս ընտրություններին նա արդեն չորրորդ անգամ է առաջադրվում:
Զովունին Դավթաշենին կպած գյուղ է, եւ Հայաստանի մյուս գյուղերից տարբերվում է նրանով, որ այստեղ կառուցվում են բազմաթիվ շքեղ կազինոներ: Մի քանի տարի առաջ, երբ ՀՀ կառավարությունը որոշեց Երեւանից կազինոները դուրս բերել, սեփականատերերը դրանք տեղափոխեցին Երեւանին շատ մոտ բնակավայրեր: Եվ դրանից հետո Զովունիում կառուցվեցին բազմաթիվ կազինոներ, ու գյուղն ավելի նշանակալից դարձավ, հողը թանկացավ: Երեւանի մեծահարուստներն այստեղ կառուցում են արտադրական տարածքներ, հիմնում են այգիներ: Մեր այցի ժամանակ զովունեցիները պատմում էին, որ այդ տեղափոխության արդյունքում Ս. Ավետիսյանը հեկտարներով շատ թանկ հողեր է վաճառել ու հարստացել: Մի քանի օր առաջ Զովունիում էինք, ու գյուղում իշխում էր առաջիկա ընտրությունների տրամադրությունը: Բակերում խմբված գյուղացիները խոսում էին իրենց գյուղապետ Ս. Ավետիսյանի քաջագործություններից: Պատմում էին, որ Ավետիսյանը դավիթաշենցիներին, նույնիսկ կենդանի մարդկանց իրենց գյուղի գերեզմանոցից բարձր գներով տարածքներ է վաճառել: Հետո նրանց ստիպել է, որ այնտեղ տեղադրեն հետագայում մեռնողի մահարձանը, որպեսզի մարդիկ իմանան, որ այդտեղ իսկապես թաղված կա, ու իրեն չմեղադրեն անկուշտ լինելու մեջ: Հիմա Զովունու գերեզմանոցում կան բարեկարգված, արձաններով գերեզմաններ, որոնք սպասում են իրենց «տիրոջը»: Զովունեցիների ասելով` Ս. Ավետիսյանն ապօրինություններ է անում ու մարսում դատարանի նախագահ եղբոր շնորհիվ: Պատմում էին, որ տեղի սպորտային դաշտ է լցվում ողջ գյուղի կոյուղին, ու այդտեղ ճահիճ է գոյացել: Զովունցիները նաեւ պատմում էին, որ Ս. Ավետիսյանն իր պաշտոնավարման 9 տարիների ընթացքում այդ կոյուղին չի վերանորոգել, որպեսզի ճահիճը վերանա, շրջակայքը աղբից ու գարշահոտությունից ազատվի: Ավելին, գյուղապետը որոշել է այդ տարածքը ծածկել աղբով: «Քաղաքից մեքենաներով աղբ են բերում-լցնում, ու ամեն մի մեքենայի համար Սերժիկը 1500-2000 դրամ է վերցնում: Էդ փողը գյուղի կարիքների համար չի օգտագործում, դնում է սեփական գրպանը»,- պատմում էին զովունեցիներն ու խնդրում իրենց անունները չնշել` ասելով` «Սերժիկը հետո մեզ կնեղի»: Ս. Ավետիսյանից դժգոհություններին ականջալուր եղանք դեռեւս գյուղ գնացող ավտոբուսի մեջ: Գյուղացիները զրուցում էին ընտրություններից ու պատմում իրենց գյուղապետի արարքներից: Եվ դեռ գյուղ չհասած, հայտնի դարձավ, որ Զովունին Հայաստանի նաեւ այն եզակի գյուղերից է, որտեղ գյուղապետի ընտրությունների համար կաշառք են բաժանում` մի ձայնի համար 6-10 հազար դրամ: «Սերժիկը գյուղի հողերը ծախել է ու հիմա մեզ կաշառք է տալիս, բա՞»,- կողքիններին ասում էր տիկին Ռոզան, ով կաթ ու մածուն է բերում Երեւանում վաճառելու: Երեկ մենք զրուցեցինք նաեւ Զովունու գյուղապետի հետ:
«Ընտրակաշառք ես իմ աշխատած ժամանակ սաղ ժողովրդին բաժանել եմ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիք, բայց ընտրության պահին ես ոչ մեկին ընտրակաշառք չեմ բաժանել, դրա կարիքը չունեմ: Բոլոր անապահով ընտանիքներին միշտ օգնել եմ»,- մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց Ս. Ավետիսյանն ու միանգամից որոշեց, որ իր մասին հոդվածը պատվիրել է իր մրցակիցը` Ա. Սիմոնյանը: «Դա նախկին պատգամավոր Աղասի Սիմոնյանի վաճառքը չէ, որ Կոմբիկերի զավոդից սկսած վաճառի ու գա ինձ առաջարկություն անի, թե 20 մլն գումար տուր ընդամենը 28 դրամով առած շենքին, որ թեկնածությունը չդնի: Դա իր արած փիառն է: Ժողովուրդն ինձ շատ էլ սիրում է, շատ էլ հարգում է, ես էլ վերընտրվելու եմ»,- ավելացրեց թեկնածուն եւ սկսեց պատմել իր «լավ» գործերի մասին: Պատմեց, որ գյուղի փողոցներն է ասֆալտապատել: Մեր այցելության ժամանակ Զովունիի փողոցները սովորական գյուղի քանդված փողոցներ էին: Գյուղն ունի մոտ 7000 բնակիչ եւ 3400 ընտրող: Մամուլում հրապարակում եղավ, թե նախագահական ընտրությունների ժամանակ, երբ զովունեցիները գալիս էին Երեւան հանրահավաքի, Ս. Ավետիսյանը նրանց կանչում եւ ահաբեկում էր: Պատմում էին, որ նրա մատնությամբ հանրահավաքների մասնակցած մարդկանց ոստիկանները տանում-ծեծում էին: «Իմ գյուղացիներից որեւէ մեկը դատապարտվե՞լ է, որեւէ մեկը քրեական գործ ունեցե՞լ է: Իսկ ընտրությունների ժամանակ բոլոր գյուղերից էլ մարդ բռնել են: Ո՞ր մեկին եմ ես այդ բառերն ասել, կարող եք մեկին բերել, որ ասի: Ընդհակառակը, ժողովրդին ահաբեկող մարդը հակառակ զանգվածն է: Էնքան լավ, ամուր տղա եմ, որ երկու տեղն էլ ընկերներ ունեմ»,- ասաց գյուղապետը:
Զովունեցի մի եզդի կին էլ ասաց, որ Ս. Ավետիսյանն ու իր եղբայրը գյուղում կազինոներ ունեն: «Միլիոնը» Դավիթ Ավետիսյանինն է: Գյուղապետն էլ հերքեց` «Մեզ էդքան հնարավորություն որտեղի՞ց, որ ըտենց բաներ դնենք: Եղբայրս տնամերձ ունի, վարձակալությամբ է տվել»:
Մենք խոսեցինք նաեւ Աղասի Սիմոնյանի հետ: «Ապուշություն է դուրս տվել, 2 տարի է` ես էդ գյուղապետի հետ լեզու չեմ թրջել: Նա բոչկա գլորող անձնավորություն է: Թող գա ու իմ երեսին ասի, որ իրեն առաջարկել եմ թեկնածությունս հանելու համար շենք գնել,- ասաց մյուս թեկնածուն ու ավելացրեց, որ ինքն ընդդիմադիր չէ,- Այդ լավ ընկերոջ լավ գործերի համար են գյուղացիներն ինձ պաշտպանում: Դա այն մարդն է, որ ամեն ինչի պատրաստ է: 10 տարի գյուղապետ է, բայց կոյուղին լցվում է տաշտը: Միլիոններ էր ծախսված, նախագիծն արված էր, որ պետք է սպորտկոմպլեքս սարքվեր: Իսկ ինքը բերել է այդ աղբը լցրել է, որ դա էլ հարթեցնի, ու վաճառվի: Հիմա այդ ամբողջ կոյուղին լցվում է այդ տարածք: Բյուջեից 25 մլն դրամ էին տվել, որը չգիտես ինչ արեցին, ու հիմա աղբով են փակում, բայց էլի ճահիճ է: Դպրոցում, քաղաքին կպած տեղ է, զուգարան չկա, երեխաները պատերի տակն են անում»,- ասաց Ա. Սիմոնյանը:
Դաշնակցությունից դուրս է եկել
Ավելի ուշ մեզ հաջողվեց խոսել նաեւ չառաջադրված թեկնածուներից մեկի` նախկին դաշնակցական Տիգրան Բաղդասարյանի հետ: Նա ոչ միայն որոշել է հրաժարվել գյուղապետ դառնալու մտադրությունից, այլեւ դուրս է եկել ՀՅԴ շարքերից: Որքան էլ զարմանալի է, «Դաշնակցությունը» Զովունիում պաշտպանում է ոչ թե իր կուսակցության անդամին, այլ Ս. Ավետիսյանին: Տ. Բաղդասարյանը չցանկացավ խոսել ընտրությունների ու գյուղապետի մասին: Միայն ասաց, որ ուզում է հայտարարություն անել «Դաշնակցության» մասին: «ՀՅԴ-ն կորցնում է իր արժանապատվությունը, երբ դիմացինը հզոր է: 2007թ. ԱԺ ընտրությունների մասին Զովունու գյուղապետ Ս. Ավետիսյանը բացարձակ հայտարարեց. «Դաշնակներն ովքե՞ր են, նրանք հերթ են կանգնում իմ դռանը մոմ վառելու համար, թող պատերի տակից մի քանի ձայն հավաքեն»: Դաշնակների վերին էշելոններում իմանալով այս մասին` խոնարհաբար լռեցին` ասելով «ոչինչ, նրանք (հանրապետականները) հզոր են»: Բայց երբ ՏԻՄ ընտրություններին սկսեցին պաշտպանել նույն գյուղապետին` մեծարելով նրան իրենց «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով, հանձնաժողովի տեղերով, իրենց անդամների ու հավատարիմ կուսակից ընկերների վրա ճնշում գործադրելով, պարզվեց, որ «Հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսը փոխվել է: Հին ընկերներին պետք է դավաճանել, միայն թե՝ ուժեղի կողքին կանգնելով: Երբ այս ամենը կատարվում է վերին էշելոններում, ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, բայց որ այս ամենը կատարվում է ընդամենը իրենց վիրավորած գյուղապետին մեծարելու համար, կորցնում են իրենց դեմքն ու արժանապատվությունը»,- ասաց Տ. Բաղդասարյանը: