Ծառայում եմ, բայց արդյո՞ք Հայրենիքիս

11/10/2008 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Ժակ Բրելն ասում էր, որ մարդու կյանքում կա երկու կարեւոր իրադարձություն՝ ծննդյան եւ մահվան տարեթվերը, իսկ այն, ինչ դրանց մեջտեղում է, խոշոր հաշվով, արդեն այնքան էլ էական չէ: Մարդու համար այս երկու կարեւոր տարեթվերին Հայաստանում ավելանում է եւս մեկը՝ տասնութ տարեկանը, երբ երիտասարդը պետք է զորակոչվի բանակ: Տասնութ տարին երիտասարդի համար կարող է լինել նույնքան ճակատագրական, որքան ծնունդը, եւ նույնքան անհեռանկար, որքան մահը:

«Զինապարտության մասին» օրենքում փոփոխությունները, որոնք ներկայացրել է կառավարությունը, պիտի որ հիմնավորված լինեին ոլորտում բարեփոխումներ անցկացնելու ցանկությամբ: Այսինքն՝ բոլոր երիտասարդներին տասնութը լրանալուն պես բանակ ճանապարհելը, ենթադրում ենք, կառավարությունում եւ ԱԺ-ում համարում են մեկ քայլ առաջ եւ հերթական հաղթանակը «հայի ինքնության» պահպանման գործում:

Սակայն բանն այն է, որ այդպես էլ անհասկանալի է, թե 21-րդ դարում, ուր ամեն րոպեն արդեն իսկ երկար ժամանակ է, երկու տարով տասնութը լրացած պատանիներին ուղարկել ծառայելու այնպիսի համակարգում, որպիսին է մեր բանակը, տրամաբանական չէ: Տարածաշրջանային զարգացումները, չավարտված պատերազմը եւ շատ այլ մարտահրավերներ անհրաժեշտ են դարձնում հզոր, կանոնավոր բանակի անհրաժեշտությունը: Սակայն այդ համակարգն այնքա՜ն անկատար է եւ հիմնականում չի ծառայում իր գերնպատակին՝ առողջ, գիտակից զինվորներ եւ հրամանատարներ, հետեւաբար՝ հզոր բանակ:

«Զինապարտության մասին» օրենքում ոչ թե կոսմետիկ կամ տրամաբանությունից մղոններով հեռու փոփոխություններ են անհրաժեշտ, այլ լուրջ, հիմնային փոփոխություններ, որին պիտի մասնակցեն կրթության եւ գիտության, առողջապահության համակարգի լուրջ մասնագետներ, հոգեբաններ, զինվորականներ, ովքեր էլ պետք է որոշեն՝ արդյոք բանակը՝ կոռումպացված համակարգով, զինծառայողների հանդեպ խտրական ու ոչ սրտացավ վերաբերմունքով, բանակում ընդունված ոչ կանոնադրային հարաբերությունների բազմազանությամբ, գեներալների այս խմբով, ովքեր զինծառայողներին օգտագործում են որպես ձրի ուժ՝ սեփական դղյակները կառուցելու համար, այսօր ավելի շուտ օգնո՞ւմ, թե՞ խանգարում է նորմալ բանակ եւ տանելի հասարակություն ունենալուն:

Թե ինչ է հայ ծնողի համար որդուն բանակ ուղարկելը, գիտենք բոլորս: Արու զավակի ծննդյան առաջին րոպեների ուրախությանն անմիջապես հաջորդում է վախը՝ երեխան բանակ պիտի գնա: Տղային բանակ ուղարկելուց հետո երկու տարի ծնողները տառացիորեն սթրեսի մեջ են, նրանցից շատերն իրենց լուրջ եւ մահացու հիվանդությունները ձեռք են բերում հենց այդ երկու տարում: Ընդ որում, նրանց վախը, որ իրենց զավակը բանակից կարող է վերադառնալ ոչ լիարժեք կամ առհասարակ չվերադառնալ, լրիվ հիմնավորված է: Բանակում կանոնադրային փոխհարաբերություններին զուգահեռ՝ իշխում են գաղութի օրենքները, գործում է բանտային հիերարխիան՝ իր «զորամաս նայողով», կան զինծառայողների հետ հատուկ դաժանությամբ վարվող արտոնյալ սպաներ: Այս ամենի թերեւս չնչին տոկոսն է պայմանավորված օբյեկտիվ պատճառներով՝ տաքարյուն երիտասարդների խումբը՝ երկու տարով կտրված ընտանիքից, զինվորական կյանքի դժվարություններից՝ օբյեկտիվորեն իրենց կարող են թույլ տալ նաեւ ոչ կանոնադրային հարաբերություններ: Սակայն բանակում սպանված, հաշմված, հոգեկան հավասարակշռությունը կորցրած եւ ինքնասպան եղած երիտասարդների թիվը չի պակասում:

Այն, որ բանակը կհամալրեն տասնութ տարեկան անուսում տղաները, իրերի դրությունը, խոշոր հաշվով, չի փոխում: Նա, ով պիտի բանակ չգնար, դարձյալ չի գնա, քանի որ այդ ոլորտը հանրապետության ամենակոռումպացվածներից է: Բոլորը գիտեն՝ տասը հազար կամ ավելի գումարով հնարավոր է երեխային բանակից ազատել: Երկու տարի ժամկետը, որն անտրամաբանական երկար շրջան է, ավարտվում է զինծառայողների ընկճվածությամբ (եւ սա՝ լավագույն դեպքում) կամ դրա հակառակ դրսեւորմամբ է՝ երիտասարդը բանակից վերադառնում է ագրեսիվ, պատրաստ՝ ինքնապաշտպանության նպատակով աշխատեցնել ստորին բնազդները:

Բանակ զորակոչելու այն սիստեմը, որը գործում է այս տարիներին, կրթական համակարգի որակի անկման հիմնական պատճառներից մեկն է: Երիտասարդները բանակից խուսափելու համար ամեն գնով ցանկանում են բուհ ընդունվել: Ասպիրանտուրայի հարցը վեր է ածվել քաղաքական խնդրի. գիտական լուրջ պոտենցիալ ունեցող որեւէ երիտասարդ, որպես կանոն, չի ընդունվում ասպիրանտուրա: Դրանից էլ գիտական համակարգում հիմնականում սիրողներ ու ոչ պրոֆեսիոնալներ են: Հիշատակենք նաեւ այն խայտառակ կոռուպցիան, որ բանակը պարտադրում է բուհերին:

Նման վիճակ է նաեւ այն ոլորտներում, որոնք անմիջականորեն առնչվում են բանակի հետ. բուժհիմնարկներում, զինվորական հոսպիտալներում ծնողներից անխնա գումարներ են շորթվում:

Բանակում երեխայի մնալը ծնողներից եւս փոքր գումար չի խլում: Սպաներին, հրամանատարներին պետք է «լավ նայեն», եւ այլն, եւ այլն: Երիտասարդները, ովքեր բանակից գալիս են խեղված հոգեբանությամբ եւ տատանվող առողջությամբ, լուրջ դեմոգրաֆիկ խնդրի առաջ են կանգնեցնում նաեւ պետությանը: Վիճակագրությունը լռում է, թե քանի-քանի երիտասարդ բանակից հետո չի ամուսնանում, եւ ոչ միայն՝ սոցիալական խնդիրների պատճառով:

Իհարկե, դժվար է գտնել ամենահարմար մոդելը, սակայն, չենք ծուլանա կրկնել՝ երկու տարին շատ երկար ժամանակ է՝ երիտասարդների այդ մեծ խմբին իրար հետ եւ փոխհարաբերությունների այդ մակարդակում թողնելու համար: Խոսվում է պրոֆեսիոնալ բանակի մասին: Ինչո՞ւ հնարավոր չէ, ասենք, պարտադիր զինվորական ծառայությունը դարձնել վեց ամիս, եւ այն կազմակերպել ավելի խիստ ու արդյունավետ: Յուրաքանչյուր հինգ տարին մեկ անցկացնել պարտադիր զորահավաքներ՝ դարձյալ կարճ ժամկետով: Որոշ մասնագետներ խոսում են պրոֆեսիոնալ բանակի առավելությունների մասին:

Այսինքն՝ տարբերակներ կան, որոնք սրտացավ ու լուրջ մասնագետների քննարկման արդյունքում կարող են փոխարինել այս ճահճացած ու ոչ արդյունավետ վիճակին, որն ունենք այսօր: Ամեն դեպքում, հնարավոր է գտնել ոսկե միջինը, որ հայ երիտասարդները եւ նրանց ընտանիքները երկու տարի պատանդի եւ երկու տարի բանտում անցկացնելու զգացողությունը փոխարինեն իրենց հայրենիքին արժանապատիվ ծառայելու ցանկությամբ: Իսկ կառավարության կամ ԱԺ հերթական եւ լրջությունից զուրկ օրենսդրական նախաձեռնությունները միայն ավելի են խորացնում բանակի հանդեպ անվստահությունն ու վախը: