Երեւանում ամառ է: Իսկ դա նշանակում է, որ շատրվանների, կարուսելների եւ
ամառային սրճարանների հետ մեկտեղ բացվում են մեր հայրենակցուհիների էրոգեն
գոտիները (փողոցում աղջիկ «կապող» պատգամավորներին կարող եմ ասել, որ
«էրոգեն գոտիները» «ղայիշների» հետ ոչ մի կապ չունեն): Այն, որ հայերի
բարոյական նշագիծը վաղուց արդեն ավարտվում է «կարմիր խնձորով», բոլորին
պարզ է: Իմիջիայլոց, «կարմիր խնձորի» իմաստը, փաստորեն, անձեռնմխելիության
կորստի նշանն է: Այս պարագայում պարզ է դառնում, թե մեր պատգամավորներն
ինչու են այդպես ծանր տանում իրենց չվերընտրվելու փաստը՝ նրանք կորցնում
են անձեռնմխելիությունը: Մի քանի տարի առաջ «Save the children»
միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակը նկարահանեց
«Հայաստա-նում երեխաների սեռական դաստիարակությունը» ֆիլմը: Այս
պարագայում ես ստիպված եմ միջազգային կազմակերպության հարգարժան
ներկայացուցիչներին պատասխանել հայկական ժողովրդական բառերով՝ «Յանիմ
մեծերի սեռական հարցերը լուծե՞լ ենք, որ հիմա էլ երեխեքին ենք անցել»:
Հայաստանում սեքսով զբաղված են բոլորն անխտիր: Կառավարությունը բռնաբարում
է ժողովրդին: Ի դեպ, նշեմ, որ ժողովուրդն առանձնապես չի դիմադրում:
Ուղղակի մի քանի տարին մեկ (ընտրություններից առաջ) ժողովրդին դրա համար
«մի քանի կոպեկ» փող են տալիս կամ վճարում բնամթերքով: Չնայած դեպքեր են
գրանցվել, երբ խոստացել են վերադարձնել ավանդները եւ այդ խոստումով արդեն
երեք տարի է՝ ժողովրդի լայն զանգվածներին «սիրում» են հերիք չէ, հլա մի
բան էլ «էքստազի» մեջ են ընկնում: Եթե հիշենք, որ սերը տարբեր է լինում՝
սեր առաջին հայացքից, փոխադարձ սեր, «շվեդական» սեր, «ֆրանսիական» սեր,
ապա կարելի է փաստել, որ մեզ մոտ այդ ամենի թնդացված խառնուրդն է: Իհարկե,
Հայաստանում սեքսով զբաղվելու ամենատարածված ձեւը երազախաբությունն է,
որովհետեւ միայն «արթնանալուց» հետո է պարզվում, որ իրենց կուռքերն իրենց
խաբել են: Եթե հավատանք մեր հեռուստաընկերություններին, ապա ստացվում է,
որ մեր քաղաքական եւ պետական գործիչները «կույս» են: Հենց դրա համար էլ
ժողովուրդը «բավարարված» չէ:
Վերադառնալով մեր երիտասարդներին, կարելի է վերհիշել խորհրդային տարիները,
երբ գոնե Սոչիում կամ «Մոսկվա տեղերում» նրանք կարողանում էին ինչ-որ փորձ
ձեռք բերել: Այսօր այդ երիտասարդների հայացքում կա կենդանական կարոտ մի
բանի հանդեպ, ինչն, ուտելու եւ քնելու նման, մարդու համար կենսական
անհրաժեշտություն է: Այլ հարց է, որ մենք մի հետաքրքիր հատկություն
ունենք՝ ընկնում ենք մի ծայրահեղությունից մյուսի մեջ: Կամ, ինչպես
ժամանակին մի հայտնի տիկին էր ասում՝ «Խորհրդային Միությունում սեքս չկա»,
կամ, երբ գիշերային ժամերին անցնում ես Երեւանի փողոցներով, այնպիսի
տպավորություն է, որ ընկել ես մի մեծ «բարդակ» բաց երկնքի տակ: Ավանդապաշտ
տատիկների թոռնիկներին թվում է, որ բացելով իրենց էրոգեն գոտիները՝ իրենք
դարձել են սեքսուալ հեղափոխության լիդերներ (ընդդիմությանը կխնդրեի՝ այս
բառակապակցությունից «չղզղնել», սա իրենց իմացած հեղափոխության հետ ոչ մի
կապ չունի): Այս ամենը հղի է ծանր հետեւանքներով (նորակոչիկ
«պուտանկաները» կարող են չանհանգստանալ, սա իրենց իմացած հղիության հետ ոչ
մի կապ չունի): Ա՛յ, այստեղ ես ստիպված եմ հիշել «ծերուկ» Ֆրեյդին
(պատգամավորները կարող են չծանրաբեռնել իրենց ուղեղները, նրա գրած գրքերով
կինո չեն նկարել) եւ փաստել, որ վերոնշյալի հիմքում ընկած են հոգեբանական
շեղումները: Բայց ես լավատես չէի լինի, եթե չհիշեի, որ մեր ժողովուրդն,
այս ամենի հետ մեկտեղ, շատ է սիրում երեխա: Իսկ երեխան նորմալ սիրո
արդյունքն է: Այնպես որ, ես համոզված եմ, որ հայերի երեխաները միշտ եղել
են, կան ու կմնան սիրո արդյունք, ոչ թե աբորտից մազապուրծ եղած արարածներ: