«Նոր դերակատարում»՝ հին «խաղացողներով»

11/10/2008 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դժվար չէր կանխատեսել, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի անցած շաբաթ Երեւան կատարած այցը վերլուծաբաններին մտորելու համար, ինչպես ասում են, «հարուստ սնունդ էր» տալու: Եվ պետք է նկատել, որ թե՛ այցի ընթացքում բարձրաստիճան այս հյուրի հայտարարությունները, եւ թե՛ օրերս նրա` մոսկովյան «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում արտահայտած մոտեցումներն, իրոք, պետք է որ հուսախաբ արած չլինեն էքսպերտային հանրության ներկայացուցիչներին: Նախեւառաջ այն պարզ պատճառով, որ ՌԴ ԱԳ նախարարը եւ՛ Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, եւ՛ վերոհիշյալ թերթին տված հարցազրույցում գրեթե բացահայտ ուրվագծեց կովկասյան հնգօրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված նոր «ստատուս-քվոների» պայմաններում Ռուասաստանի հարավկովկասյան քաղաքականության նոր առաջնահերթությունները: Ու եթե Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի կողմից վարվող նոր «կոմպլեմենտար» քաղաքականության նկատվող ծիլերի մասին մինչ այդ խոսվում էր միայն վերլուծաբանների ու փորձագետների մակարդակով, ապա Ս. Լավրովի կողմից հնչեցված մոտեցումները փաստորեն եկան հաստատելու, որ էքսպերտային հանրության այդ դիտարկումները հեռու չէին իրականությունից: Այս առումով հատկանշական էր ՌԴ ԱԳ նախարարի Երեւանում վստահաբար արած այն պնդումը, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռուս-վրացական հակամարտության ժամանակաշրջանում հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել եւ շահագրգռված է եղել իրավիճակը շուտափույթ կարգավորելու հարցում: Սրանով Սերգեյ Լավրովը, ի դեպ, ուղղակիորեն հերքեց այն պնդումները, որ ադրբեջանական կողմը ժամանակին իր աջակցությունն է հայտնել Հարավային Օսիայում Վրաստանի ղեկավարության ձեռնարկած գործողություններին` պնդելով, թե առհասարակ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցված նման հայտարարությանը ծանոթ չէ: Մինչդեռ հընթացս հիշեցնենք, որ ժամանակին Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունն, իրոք, հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Ադրբեջանն աջակցում է Վրաստանին իր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում»: Սակայն սա էլ վերջը չէր: Ինչեւէ, ՌԴ արտգործնախարարն այս թեման առհասարակ վերջնականապես փակեց՝ հայտարարելով, որ «Ռուսաստանի հարաբերություններն Ադրբեջանի հետ կոնյունկտուրային բնույթ չունեն: Ադրբեջանը մեր վաղեմի եւ շատ կարեւոր գործընկերն է, եւ մենք մտադիր չենք այդ հարաբերությունները զոհաբերել ինչ-որ կոնյունկտուրային նպատակների: Նմանատիպ վերաբերմունք մենք տեսնում ենք նաեւ Բաքվի կողմից: Այնտեղ նույնպես կարեւորում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ռազմավարական բնույթը եւ առաջնորդվում են բոլոր հակամարտություններն այս տարածաշրջանում կարգավորելու հրամայականով»: Համաձայնեք, որ հենց Երեւանում «պրոադրբեջանական» նման հայտարարության հնչեցումը շատ բան արժե: Բացի այդ, դիվանագիտական որոշ շրջանակների պնդմամբ` արդեն «կուլիսների» հետեւում Ս. Լավրովն էլ ավելի կոշտ խոսակցություններ է ունեցել վերջին շրջանում չափից դուրս «նախաձեռնող» դարձած ՀՀ ամենաբարձրաստիճան ղեկավարության հետ: Բայց այս այցը թերեւս ավելի շատ կանխարգելիչ եւ «դաստիարակչական» նպատակներ էր հետապնդում, քանի որ, նույն աղբյուրի պնդմամբ` ՌԴ արտգործնախարարը Երեւան էր ժամանել Ռուսաստանի եւ Հայաստանի ապագա համագործակցությանը վերաբերող նոր ծրագրային փաթեթով: Այդ ծրագրերի մասին էր օրերս տեղեկացնում «զարմանալիորեն» ռուսաստանյան ղեկավարության մտադրությունների վերաբերյալ սովորաբար լավ տեղեկացված ադրբեջանական «Այնա» պարբերականը: Ըստ այդ աղբյուրի` Կրեմլը միջոցառումների նոր շարք է սկսում, որոնք նպատակաուղղված են լինելու Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ծրագրերի չեզոքացմանը: Դրանցում որոշիչ դեր է հատկացվում Երեւանին: Պարբերականի պնդմամբ, Ռուսաստանի այս ծրագրերն են քննարկվել օրերս Երեւանում կայացած Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Ըստ այդմ, թեպետ Ռուսաստանը փորձում է իր ռազմաքաղաքական եւ տնտեսական ազդեցությունն էապես բարձրացնել Ադրբեջանում, այնուհանդերձ Մոսկվան շարունակում է հենց Հայաստանին համարել Հարավային Կովկասում անվտանգության ապահովման խնդիրներում իր հիմնական դաշնակիցը: Նման նախապատվությունը հիմնված է մի շարք իրողությունների եւ գործոնների վրա: Նախ` Հայաստանի տարածքում է գտնվում Ռուսաստանի հսկայական ռազմական բազան: Հաջորդ գործոնն այն է, որ Ռուսաստանի անմիջական օգնությամբ Հայաստանին այնուամենայնիվ հաջողվել է երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանի հետ շուրջ 20 տարի ընթացող հակամարտությունը Ադրբեջանին նույնպես ստիպում է Հայաստանի հետ երկխոսել: Կարեւորագույն գործոն է համարվում նաեւ այն, որ Հայաստանն այժմ փորձում է միջնորդական առաքելություն ստանձնել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բռնկված ռազմական հակամարտության հետեւանքները հարթեցնելու գործում: Եվ վերջապես, կարեւորագույն հանգամանք է համարվում հայկական սփյուռքի հզոր եւ կազմակերպված կառույցների առկայությունը, որոնք ի վիճակի են ներազդել նույնիսկ գերտերությունների վարած քաղաքականության վրա:

Սակայն, ինչպես պնդում է պարբերականը, ամենից կարեւորն այն է, որ Հայաստանը կարող է հակազդել ՆԱՏՕ-ին Ադրբեջանի եւ Վրաստանի ինտեգրացմանը, քանի որ ԼՂՀ հարցի վերջնականապես չկարգավորված լինելու պարագայում պատերազմի վերսկսումն Արցախում միշտ էլ հնարավոր է: Եվ, իհարկե, Ռուսաստանն առանձնակի նշանակություն է տալիս այն հանգամանքին, որ Հայաստանն ի զորու է «անջատողական խաղեր» սկսել Ջավախքում, որը բնակեցված է հայերով:

Թեպետ այս նույն ադրբեջանական աղբյուրը ոչ հեռու անցյալում հրապարակել էր նաեւ Ադրբեջանի հետ կապված ռուսական նմանատիպ ծրագրերը եւ շարունակում է պնդել, որ այսօր Ռուսաստանն առավել քան երբեք փորձում է, իրոք, ռազմավարական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, այնուհանդերձ նկատում է, որ ներկայումս Ադրբեջանը դեռեւս փորձում է չեզոք եւ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հանդեպ հավասարակշռված քաղաքականություն վարել: Այս հանգամանքը ստիպում է պրագմատիկ քաղաքականություն վարող Կրեմլին, «աչքաթող» չանելով ադրբեջանական ուղղությունը, այս պահին այնուամենայնիվ իր ռազմավարական եւ մարտավարական ծրագրերն իրականացնել տարածաշրջանում առայժմ միակ ռազմավարական դաշնակից համարվող «ֆորպոստային» Հայաստանի հետ: Ռուսաստանյան վերլուծաբանները կարծում են, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձեռնտու չէ Ռուսաստանին: Ըստ այդմ, այս դեպքում չի բացառվում, որ Հայաստանը դեպի Արեւմուտք կշրջվի, եւ Ռուսաստանը Հարավային Կովկասում կկորցնի իր վերջին դաշնակցին: Այս սպառնալիքից ելնելով էլ վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանը հնարավորինս կփորձի նախկինի նման ղարաբաղյան հարցը «սառեցված վիճակում» պահել` շարունակելով պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա ճնշման լծակները: Այս կոնտեքստում բավականին տրամաբանական է թվում, որ Ս. Լավրովը մի կողմից հայտարարում է Ադրբեջանին տարածքային ամբողջականության ճանաչման մասին, մյուս կողմից «Ռոսիյսկայա գազետայում» նույն ինքը Հայաստանին հավաստիացնում է, որ «հենց ԼՂ խնդրի կարգավորումն իրականություն դառնա Թուրքիան պատրաստ կլինի Հայաստանին օգնել նորմալ կապեր հաստատել արտաքին աշխարհի հետ` բնականաբար Անկարայի եւ Երեւանի միջեւ պաշտոնական եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհով»:

Վերադառնալով ռուս-հայկական «հականատօ»-ական» նոր ծրագրի թեմային, նշենք, որ վերոհիշատակված նույն աղբյուրի պնդմամբ՝ փորձագետները կարծում են, որ արդեն առաջիկա ամիսներին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում են լինելու հետեւյալ հարցերը` 1.Հարավային Կովկասի երկրներով ՆԱՏՕ-ի ընդլայնմանը արդյունավետ հակադրման խնդիրը: 2.Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի շարունակելիության ապահովումը: 3.Արեւմուտքի եւ մյուս կողմից Ադրբեջանի ու Վրաստանի միջեւ իրականացվող տնտեսական ծրագրերի իրականացման վիժեցումը կամ առնվազն այդ ծրագրերում Հայաստանի եւ Ռուսաստանի ներգրավվածության ապահովումը:

4. Գյումրիի ռուսաստանյան ռազմական բազայի հզորացումը եւ Հայաստանի տարածքում Ռուսաստանին պատկանող երկրորդ բազմաֆունկցիոնալ ռազմական բազայի կառուցումը: 5. Ռուսաստանի, Հայաստանի եւ Իրանի միջեւ ինտենսիվ համագործակցության համար նոր ֆորմատի ձեւավորումը: Ի դեպ, չի բացառվում, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական եւ աշխարհատնտեսական համագործակցության նոր ծրագրերին կոնկրետ «միս ու արյուն» տալու համար էր Ս. Լավրովի այցից անմիջապես հետո ընդամենը մի քանի ժամով Երեւան ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Վ. Սերդյուկովը: Վերջինս, ըստ պաշտոնական հաղորդագրության, խորհրդավոր հանդիպում է ունեցել միայն իր հայաստանյան գործընկեր Սեյրան Օհանյանի հետ, թեեւ ոչ պաշտոնական աղբյուրները պնդում են, որ եղել են նաեւ այլ կարեւոր հանդիպումներ: Եվ կարծում ենք, որ ՌԴ պաշտպանության նախարարի այս այցը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին ժամանումը չէր Երեւան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հոկտեմբերի 21-23-ը (նախնական տվյալներով) Հայաստան կատարվելիք այցից առաջ: