Հյուրերը եկել են

11/10/2008

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ ընդունել է Երեւանի 2790-ամյակի կապակցությամբ տարբեր երկրների 17 քաղաքներից Հայաստան ժամանած գործընկեր եւ քույր-քաղաքների պատվիրակություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, այլ հյուրերի: «Մեր հանրապետությունն անցել է զարգացման մի նոր` բացառիկ շրջան: Բավական է նշել, որ այսօր ՀՀ պետբյուջեն հանրապետության առաջին տարիների համեմատությամբ աճել է շուրջ 10 անգամ: Սա նշանակում է, որ մենք այսօր 10 անգամ ավելի մեծ հնարավորություն ունենք շենացնելու մեր երկիրը, մեր մայրաքաղաքը, ամրապնդելու մեր տնտեսությունը եւ պաշտպանվածությունը, ստեղծելու սոցիալական երաշխիքներ մեր երեխաների ապագայի համար,- ասել է Ե. Զախարյանը` հավելելով,- թե Երեւանն այսօր աճող տեմպերով զարգացող, ապագային վստահությամբ նայող ժամանակակից քաղաք է: Դրա վկայությունն է ծավալված շինարարությունը: Երեւանի գլխավոր հատակագծի կյանքի կոչումը ենթակառուցվածքների, փողոցների, գազամատակարարման, ջրամատակարարման, կապի, արտաքին լուսավորության, ոռոգման ցանցերի, կանաչ տարածքների վերականգնումն ու արդիականացումն է»: