Ժակ Դյուպեն «Անհնարին իրականություն»

11/10/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Ալբերտո Ջակոմետի

Հազիվ թե ժամանակակից արվեստագետներից մեկը հասու է լինում իրականությանն այնպիսի համառությամբ, մոլեգնությամբ եւ հմայվածությամբ, ինչպես Ալբերտո Ջակոմետին: Միայնակ, ընդդեմ բոլորի, նա նորիցնոր տեղադրում է մոդելը միեւնույն փոքրիկ, փոշոտ արվեստանոցում, որտեղ աշխատել է քառասուն տարուց ավելի: Նույնիսկ այն տարիներին, երբ նա, թվում էր թե, հեռացել էր այդ ամենակուլ որոնումից, նա այն առաջվա պես շարունակում էր: Ջակոմետին այրել է իր աչքերը, այրել է իր կյանքը: Ամենօրյա մարտում նա անմնացորդ վատնել է իր բոլոր ուժերը, կարծես թե հաղթանակից, որն ինքը համարում էր անհասանելի եւ ծիծաղելի, կախված էր իր կյանքի իմաստն ու արվեստի ճակատագիրը:

Իրականության ամբողջականության հետամտումն իր ուզածդ բեկորում թույլատրում էր նրան չկտրվել արվեստանոցի տարածությունից, եղբոր կնոջ գլխից կամ իրանից, սեղանի վրայի շշերից, ճամփեզրի տնից կամ պատուհանից երեւացող ծառից: Անխոնջ հետազոտվող, եւ այն սեւեռունությամբ, որը Ջակոմետին ներդնում էր յուրաքանչյուր քայլի, յուրաքանչյուր հայացքի մեջ, ցանկացած իր կամ մարդ դառնում էր անծանոթ, բացարձակապես անծանոթ եւ վերածվում էր անվերջանալի մերձեցման առարկայի, չնվազող զարմանքի, անկանգ որոնման։

Այն տասներկու տարիները, երբ Ջակոմետին, Բուրդելի արվեստանոցում անպտուղ ձախողումներից հետո, ասես խզում է իր կապերն իրականության հետ, նա իրականում, ոչ մի պահ իսկ նրանից չի բաժանվում: Ամեն անգամ Ստամպա վերադառնալիս, հոր օրինակից եւ արվեստանոցից առաջնորդվելով, փարիզյան տենդից հեռացած, նա գլուխներ եւ իրաններ է քանդակում, մոդել ծառայեցնելով իր մտերիմներին: Փարիզում նա երես է թեքում իրականությունից` սիրային բարդությունների պատճառով եւ ընդունելով սեփական անկարողությունը: Նա չի կարողանում գլուխ քանդակել, քանզի տեսնում է, թե ինչպես այն կորցնելով ծավալը, նրբանում է մինչեւ հարթ թիթեղ դառնալը, այնպես, որ դեմքի մանրամասները խոռոչների եւ ցցվածքների տեսք են առնում, որ հազիվ նշմարելի մշակում են մակերեւույթը: Անկարող լինելով ամբողջն ու մանրամասները մեկեն հաղորդելու, նա ընտրում է ամբողջը եւ ստեղծում է ապշեցուցիչ կատարելության ոճավորումներ, դրանցում միաձուլելով նախնադարյան արվեստի դասերն ու մեծ եղբայրակիցների` Լորանի, Բրանկուզիի, Լիպշիցի դասերը: Ջակոմետին յուրացնում է կուբիստների տարածության վերակառուցումը: Հասնում է շարժմանը: Սեփական հոգեկան բախումները փոխադրում է ձեւերի ու չափերի դինամիկ դիմակայության կամ իր մետաղական կոնստրուկցիաների ջղաձգումները սնում է ֆանտազմներով: Կոնկրետ իրականության փոխարեն՝ նրա մոտ հառնում է ներքին մոդելը, եւ սյուրռեալիստական քանդակներն ու օբյեկտներն ասես խորասուզվում են երազների, էրոսի, երեւակայության խավարի մեջ, եւ ոչ թե մերձեցված են երկարատեւ որոնմամբ, այլ որսված ու ամրագրված են հընթացս: Հանելուկային օբյեկտներ, որոնց սիմվոլիկ կյանքը ձգում է, ի տարբերություն շատ այլոց, որոնց մագնիսական լիցքը նույնիսկ պահ իսկ չի բավում, որոնք իրենց մեջ թաքցնում են կուրացուցիչ ցոլքերում մինչեւ միլիմետրը հաշվարկած խորքերի գաղտնիքը: Անողոք գործիքներ, էմբլեմատիկ կերպարներ, կրքերի կարծրացումներ, սքողաբար կախ տված թակարդներ, անմեկին շրջանակներ, մահվանը սիրելի խոշոր կառույցներ. բոլոր դրանցում աչքի եւ ձեռքի միեւնույն ճշգրտությունն է, արտաքինի եւ ներքինի միեւնույն բախումը, որը բնորոշ է բնորդից արված ցանկացած աշխատանքի:

Ավելի ուշ, Ջակոմետին ամեն անգամ դիմում է երեւակայականին, հենց որ հեռանում է մոդելից եւ սկսում է հիշողությամբ աշխատել: Օգտվելով լեզվից եւ ոճից, որոնք նրան հուշել եւ ներշնչել է աշխատանքն իրականության հետ, նա սեւեռուն երազների նմանվող առավել ֆանտաստիկ գործեր է ստեղծում, ինչպես, օրինակ` «Սայլակները», «Կերպարներ տուփի մեջ», «Ճոճվող մարդը» կամ «Կատուները» ու «Շները» (վերջինս, ըստ հեղինակի խոստովանության, յուրատեսակ ինքնանկար է): Այս կամ այն կոնկրետ իրադարձություններով, զգացմունքներով, տեսիլքներով ներշնչված «Գլուխը հիմքի վրա», այդ ճիչն ուրիշի մահվան առջեւ, եւ հերոսների հավաքածուն` «Հրապարակները», «Մարգագետինները», «Թավուտները», այնպես որ վիթխարի զանգվածեղ պատվանդանը, ուր հառնել են չորս ֆիգուրները, յուրովի հաղորդում է հսկայական շլացուցիչ շրջանակը, որը զատում է այցելուհին Սֆինքսի մերկ սպասավորուհիներից: Ջակոմետիի ստեղծած այդ հատվածը, ինչպես նաեւ մարդկային մարմինների օրգանները, որոնք ներկայանում են առանձին քանդակների տեսքով, այնպիսիք, ինչպիսիք են` «Ձեռքը» կամ «Ոտքը», որոնք առնչվում են սյուրռեալիստական դարաշրջանի ֆանտաստիկ աշխատանքներին եւ նույն աղբյուրից են սնվում:

Տեսնել իրականությունը Ջակոմետիի համար նշանակում է՝ աչքերը բանալ աշխարհի վրա, որն ասես առաջին անգամ է հայտնվում: Ստեղծել նոր տեսողություն` պայմանականություններից ազատագրված եւ մաքրված տեսողություն` տեսողություն, որը հասկացությունը ենթարկեցնում է ապրումին, իսկ գիտելիքը` տեսունակությանը: Հայացքի այդպիսի մաքրության եւ աշխարհի պատասխան թարմությանը հասնում են իրականության դեմ մշտական եւ անհուսալի բախմամբ` թեժ, անվերջանալի եւ անհուսալի մարտում, որն ախոյաններին առանձնահատուկ թելով է կապում, որն էլ հենց կարող է չափել նրանց միջեւ եղած տարածությունը եւ ընդգծել նրանց խորունկ տարբերությունը: Բանն այն է, որ աչքով ընկալվող իրականությունը լոկ հեռվանց է բացվում, այն խորասուզված է սեփական տարածության մեջ, եւ շրջապատված է այն մեզանից հատող դատարկությամբ: Աչքը պետք է թելադրի գծող, նկարող, քանդակող ձեռքին, թե ինչ միջոցով հասցնել, եւ առարկայի պլաստիկ նշանը, եւ այն, ինչը նրան առանձնացնում, զմռսում է սեփական տարածության մեջ, շրջափակում է խորքում եւ թույլ չի տալիս ճշմարտությանը դրսեւորվել այլ կերպ, քան հեռավորության վրա եւ տարածության մեջ: Հայացքին սպասվում է ոչ միայն որսալ առարկայի առանձնահատկությունները, բայց եւ հաղորդել նրա հեռավորությունը, վտանգը, կոչը եւ կապերի ողջ բարդությունը, որոնք բեւեռում են ուշադրությունը՝ թողնելով այն անհասանելի: Ստեղծվող կերպարը պետք է միավորի իրականության նշանները եւ նրա հեռավորության նշանները:

Այդ պարադոքսալ պահանջից էլ սերում են Ջակոմետիի իրերի առանձնահատկությունները փորձի տարբեր փուլերում, եւ հենց մոտեցումը նրանց, որպես իրականության: Մարդուն հեռվից ուղղված հայացքը, որն անբաժան է նրան զմռսած դատարկությունից, որը բացատրում է մեկուսացած եւ ձգված ֆիգուրները, փոքրիկ գլուխները, զանգվածեղ թաթերը կամ էլ մեծածավալ պատվանդանը, որից հառնում են քանդակները, արմատներով մեխվելով նրա մեջ: Հենց դա էլ բացատրում է քանդակների քաոտիկ, բզկտված մակերեւույթը, որոնց կառուցաձեւին ամեն կողմից պաշարում է բուռն դատարկությունը, որն ամեն պահ նրանց մաշում է, բարձրացնում եւ շամփրում:

Եթե խոսենք գծանկարների մասին, ապա այդ մոտեցման եւ հեռացման հետ կապված, անճշգրտության հետ, նրանցում թելադրված է գծերի բազմությունը, որոնք փնտրում եւ հաստատում են միմյանց, ձգտում են նմանության, չընդգծելով ուրվագիծը, չեզրափակելով ֆորման. այն պահանջում է ընդհատվող գծեր, մեծ մաքուր տարածություններ, կոչում է կտորների հատմանը, որոնք գծերի հյուսվածքներում բացում է դատարկության շրջապտույտի եւ օդի ներարկման համար:

Սակայն ճիշտ այդպես էլ մոխրավուն եւ օքրայավուն ներկերը` հեռահարության գույնի ցողում մաքրում են դեմքերը, խորանում են նրանցում, որ ելնում են գծերի եւ բազում կետերի կծիկից, միայն մեկ բանի համար, որ ցուցանեն իրենց հեռավոր իշխանությունն ու ընդմեջ խորությունների ջղաձգությունները:

Ջակոմետիի ողջ ստեղծածը, նրա արվեստի ողջ ամբողջությունը, այսպես թե այնպես, սկիզբ է առնում գծանկարից, որն իրեն է ենթարկում գեղանկարչությունն ու քանդակագործությունը, բայց եւ միավորում եւ միախառնում է դրանք: Կարեւորն արդեն մատիտի առաջին հպումներով գտնված է, սակայն գյուտը պիտի մեկեն վիճարկվի, բողոքարկվի շտրիխների միահյուսմամբ, որ յուրատեսակ ցանց են հյուսում, որից ողջ իր մարմնավորված զորությամբ մակաբերվում է կենդանի եւ ազատ կերպարը:

Գիծը միավորում է ցատկի արագությունը գրոհի կրկնությամբ, այնպես որ իրականությունը տեղի տալով երկակի եւ հակասական ճնշմանը, հառնում է հանց հանկարծակիի բերված խոր քնի մեջ, եւ դրա հետ մեկտեղ, առավել եւս ինքն իրենում հաստատված նրան հեռվանց գայթակղող ջերմ խոսքի նոր ճնշման ներքո:

Նրբագույն վրձնով կտավի վրա, կավը տրորող մատներով կամ հատիչի սայրով Ջակոմետին մշտապես նկարում է, ցպնելով շտրիխների տեգերով, որոնց մահացու ճնշումը հալչում է անվերջանալի կրկնության մեջ: Մոլեգնությունն այստեղ մարում է թվով, ինչպես միապաղաղությունը կանխարգելվում է յուրաքանչյուր խայթի սրությամբ:

Նրա քանդակները եռաչափ տարածության մեջ տեղադրված գծանկարներ են: Նրանց խորթ է ծավալի լիությունը ու նաեւ՝ մակերեսի ողորկությունը: Դրանք խուսափում են ամենայն զանգվածեղից եւ ծանրակշռից: Դանդաղ շուրջանակի շրջագայումն արգելելով, դրանք ուղիղ ընթերցում են պահանջում: Ֆիգուրների նեցուկները կամ պատվանդանները ընդգծվում են հանուն մի խնդրի` ազատագրել եւ ցույց տալ դրանց ցայտքի ուժը, թեթեւությունը, տարածական փխրունությունը: Թվում է, ինչ ասես չի հորինել Ջակոմետին, որպեսզի վատնի քանդակագործական սկիզբը, որպեսզի աստիճանաբար նվազեցնի այն` մինչեւ վերջ չթուլացնելով: 1927 թվականին գլուխները խտանում են մինչեւ սայրերի բարակությունը եւ վերացնում են ծավալը: Այնուհետեւ կառուցվածքները սկսում են խորաբացվել, թափանցել ու խաղալ դատարկության հետ: Ավելի ուշ խորհրդանշական առարկաները դառնում են ավելի ու ավելի մանրիկ, հետո անհնարինության չափ ձգվում են, այնպես որ, ի վերջո, զանգվածը եթե պահպանվում էլ է, ապա աչքի առաջ տեղի է տալիս, եւ բրոնզի պաղությունն իր վրա է կրում տեկտոնիկ տատանումները, որ այս կամ այն կողմում ծառս են անում քանդակագործական մակերեւույթը:

Սակայն հենց այդպիսի գծանկարներ են մնում Ջակոմետիի գեղանկարչական կտավները, հատկապես դիմանկարները, որտեղ գրունտի հարաբերական հաստատունությունը թույլատրում է արվեստագետին իր հավերժական վեճը մոդելի հետ փոխադրել անպարագրելիի անդրսահմանային տարածությունները: Խաղի հենց սկզբից պատկերն արդեն մեր առջեւ է` դիմանկարը նման է, տարածությունը վկայված է: Սակայն դա սոսկ մշտապես խթանվող հետապնդման սկիզբն է, ողջ ընթացքում պատկերը մեկ լիովին անհետանում է, մեկ էլ հանկարծ դարձյալ հայտնվում: Բախտաբերի բյուրավոր նետված, մեկեն ձեւափոխված, միմյանց վրա ելնող, հատիչով հանված գծերը ու վրձնահարվածները` սպրդող, մոլեգին, անվրեպ, ցնորական` համառորեն մագլցում են կտավի վրա, իրենց ակամա ներխուժումից հետո թողնելով լոկ մերձեցման այրող հետքերը: Գույների սկզբնական պայծառությունն արագորեն նսեմանում է մոխրագույնով, որի միջից թույլ շողարձակում է, ինչպես ածուխը մոխրի տակից: Դիմանկարները, բնանկարները, նատյուրմորտները ոչ այնքան ներկերով նկարվում են, որքան գծագրվում են` մոխրագույն, սեւ կամ ճերմակ բծերով, որոնց հետ, շղարշի միջից ձայնակցում են մե՛կ հագուստի կարմիր գույնը, մե՛կ երկնքի կապույտը: Հավասար գունավորումն այստեղ արգելված է, բայց եւ գունեղ հակադրությունները տեղ չունեն: Ջակոմետիի համար նկարելը նշանակում է՝ դարձյալ ու դարձյալ նետել խորաչափը գծերի, որոնցից ոչ մեկը չի կարող կանգնեցնել պատկերը, եւ կնշանակի՝ ցանկացած շտրիխին հավելվում է հաջորդը, որը ջնջում է նախորդը, այն բանի համար, որպեսզի դրանց միաբան փոխոչնչացումից էլ հենց կարողանա երեւալ մյուսի դեմքը:

Տեսածն ու նկարվածը, լինի դա կին, արվեստանոց թե ծաղիկ, անբաժան է դրանք սրբող եւ հյուծող դատարկությունից: Սակայն դա դեռ քիչ է: Այն պետք է ներդրվի արվեստագետի սեւեռուն հայացքում, որպեսզի նրանում հասնի կյանքի ակունքներին, սերմ նետի հայացքի խորքում, հասնի նրա էության խճճված արմատներին, որպեսզի այնտեղից վերադառնա նոր կյանքով: Այդ առարկայով եւ ուրիշի հայացքով հայացքին հասցված վերքը հենց ինքնասուզումն է, որը բեղմնավորում է կերպարի «խորասուզումը» եւ անհապաղ ցայտքը կտավի վրա, որը մի պահ ընդունում է այդ, չկարողանալով պահել: Այդ մերկացումն ակնթարթորեն լուսավորում է երկու բախվող էությունների կապը, երկու մենությունների լարվածությունը, որ զննում են մեկմեկու հորանջող դատարկությունից, կամ միմյանց փխրուն կամուրջ են նետում` փոխապշած հայացքներով:

Դրսեւորման ցանկացած միջոցներով (իսկ Ջակոմետին առանց տագնապելու թղթից անցնում է կտավին կամ կավի կտորին) նրա գործեղանակը մնում է առաջվանը, նրա հետապնդումը` անկրկնելի, մոլեգին եւ կործանարար, թեպետ այն միշտ կապված է արվեստի մի տեսակին, սակայն մինչեւ ծայրակետը հասցրած, հաճախ՝ ընդհուպ մինչեւ նկարի կամ քանդակի ինքնասպանությունը: Չխոսելով տարատեսակ առարկաների ու տարբեր ժամանակների վիթխարի հեկատոմբների մասին, բեկորների պարապուտի մասին, որին էլ երբեմն նմանվում է նրա արվեստանոցը, արվեստագետի համառ պայքարը նմանության համար աշխատանքի վերջում հանգեցվում է պատկերի լրիվ անհետացմանը: Քանի անգամ է նրա ուշ շրջանի դիմանկարներում դեմքն անհետացել կտավիցգ Մակերեւույթի վրա աննշմարելի, սուզվելով մոխրագույնի մեջ, ներմուծվելով գծերի նրբացանցի մեջ, այն, այնուհանդերձ, մնում է կենդանի եւ պատրաստ է բացվելու աչքի եւ ձեռքի մոտակա գրոհի պահին, որին պետք է դարձյալ միտվել, եւ որից այդ պատճառով չի կարելի հրաժարվել, եթե նույնիսկ դա անհնար է:

Մոդելի հետ արվեստագետի անվերջանալի վեճում միակ ուժը, որի վրա նա պետք է հույս դնի, որպեսզի անձնատուր չլինի եւ դույզն-ինչ չզիջի, եւ ինչը որ նա փրցնում է անհողդողդ անհայտից, դա հենց քայքայման ուժն է, որն ազատագրվել է նրա խենթ մտադրությամբ: Յուրաքանչյուր շարժումը, յուրաքանչյուր հայացքը, տեսանելի անթափանցության, սովորույթների եւ պայմանականությունների պատի մեջ անցք են բացում: Հին մարդն ու հին քանդակագործությունը պետք է մեկեն կործանվեն, որպեսզի պատկերի ճշմարտությունը կարողանա այրել մեզ, ինչպես անտեսանելի հուրը` բացված ու քարացած կավից: Միայն բզկտելով, միայն անդադար պատիճահանելով կարելի է կանգնեցնել մարդու կառուցվածքը, կտավի վրա հայտնված դեմքին պարգեւել բազմիցս մահացող եւ այդքան երկար մեզանից ծածկված, նոր, հագեցած եւ ճշմարիտ կյանքը:

Ալբերտո Ջակոմետին նետվում է իր աչքի առջեւ կատարվող ամեն ինչի վրա մարդակերի ախորժակով, անհագ կրքով: Նրան դյութում էին Ալեզիա փողոցի ակացիաները, ապշեցնում էին սուրճի գավաթն ու միոտանի սեղանիկը: Նա պատճենել էր արվեստի պատմության մեջ եղած բոլոր գլուխգործոցները, նետվում էր բոլոր թերթերի վրա: Նա ծարավի էր այլոց պատմություններին` ծանոթների եւ անծանոթների, դրանք բոլորն էլ իր համար նորություններ էին, ամեն ինչ առաջին անգամ էր տեսնվում: Նա ամենայն նորություն խժռում էր այդպիսի ագահությամբ, ոչ այն բանի համար, որ սնվի եւ հարստանա, այլ որպեսզի այրի եւ յուրացնի ցանկացած սնունդ: Եվ ինչպես նա գնում էր նայելու, իսկ հետո իր վրա էր փորձում «վայրի» կուբիստների, դադաիստների եւ սյուրռեալիստների ողջ հայտնաբերածը, որպեսզի կուտակի եւ նոսրացնի նրանց ժառանգությունը, այդպես նա դարձյալ ու դարձյալ դարանակալում եւ որսում էր պարզ, անսպառ իրականությունը, որը չէր հոգնում նրան ցուցանվելուց: Այն գրավում, կենտրոնացնում եւ ապշեցնում է նրան յուրաքանչյուր քայլափոխին` չտրվելով նրան: Նա առավել ուժգին է ցանկանում նրան, որքան որ այն հեռանում է իրենից եւ ծարավի թողնում: Նա սուրում է նրա ետեւից, փակում է արվեստանոցում: Անհնար է լինել ավելի անհասանելի, անհնար է լինել ավելի ցանկալի, նա ծարավի է նրան ամբողջությամբ, սակայն տենչում է նրան այնպիսին, ինչպիսին տեսնում է` ազատ, հեռավոր, անհասանելի: Ձգտում է արարել այն իր ներսում եւ իրենից անկախ, որ ինքը մարմնավորվի նրանում եւ անկախ նրանից: Եվ պատկերի մեջ վերստեղծել մտերմիկ եւ ընտել իրողությունը` մերձենալու անհնարինությամբ, ինչն այն դարձնում է այնքան հմայիչ, անզգա, աստվածանման: Ձգտելով բացարձակին, նա կարող է միայն կործանման հասնել: Սակայն գիտակցված եւ դարանակալ կործանման, որը փորփրում է վերքը, կենդանացնում է պատրանքն ու ցանկությունը, կրկին մղում անվերջանալի հետապնդման:

Հորատելով արտաքին աշխարհը, որը նա տեսնում եւ որում ապրում է, մաքրելով այն պատահականից եւ օտարամուտից, իրականության մերկացման մեջ մինչեւ վերջ գնալով: Այսպես թե այնպես, Ջակոմետին չի կարող չդիպչել հենց կիզակետին, չդիպչել հենց մահվանը: Եվ այդժամ տարածությունը քարանում է: Բացված ծաղիկը վերածվում է փոշու: Աթոռն ասես կախվում է գերեզմանի դատարկության ու մնջանքի մեջ: Նստած մոդելի դեմքին հանկարծ բացվում են ակնախոռոչները, ցցվում են ոսկորները, իսկ անշարժ շողում փայլկտում են մահացյալի ատամները: Քայլող տղամարդու եւ կանգնած կնոջ ողբերգականությունը, նրա կտավներում կախված էակներն ու առարկաներն առանձնանում են համանման հայացքով եւ համանման փորձով: Սակայն Ջակոմետին դրանով չի բավարարվում: Գանգի եւ ոսկորների խստության հետեւում, ուրիշի հայացքի կրակում նա հայտնաբերում եւ ելք է տալիս կենդանիի հեքիաթային էներգիային, հաղթահարման ուժերին, որոնցով չափում է անսպառ հանքաշերտերը այլոց եւ իր մեջ: Մի՞թե կարելի է նրա կանգնեցրած ֆիգուրներում եւ նկարված դեմքերում, նրանց ողբերգական վկայության եւ կործանարար քայքայման հետքերի ետեւում չտեսնել վերելքի նշաններն ու հզորությունը, որ կտրում են նրանց պատվանդանից՝ որպես հաստատման եւ արթնացման վերապատկերներ: