Բավարարել է մասնակիորեն

10/10/2008

Երեկ Երեւանի վարչական դատարանը մասնակիորեն բավարարել է ընդդիմության հայցը, որով վիճարկվում էր Երեւանի քաղաքապետարանի հոկտեմբերի 2-ի` Հյուսիսային պողոտայում հոկտեմբերի 17-ին հանրահավաք եւ երթ անցկացնելու հայտը մերժելու վերաբերյալ որոշման օրինականությունը: Դատարանն ընդդիմությանն առաջարկել է հանրահավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, իսկ երթի անցկացումն արգելել է: Դատավոր Արծրուն Միրզոյանը հրապարակել է վճիռը, ըստ որի՝ անվավեր է ճանաչվել Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչ Գագիկ Բաղդասարյանի որոշումը` հանրահավաքն արգելելու մասով, հայցվորին («Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին), այդուհանդերձ, արգելվել է նշված օրը հանրահավաք անցկացնել Հյուսիսային պողոտայում, սակայն իրավունք է տրվել նույն օրը նույն ժամին հանրահավաք անցկացնել Մատենադարանին հարող տարածքում: «Երթն արգելված է, հանրահավաքը` ոչ»,- ասել է Միրզոյանը: «Այս վճիռը որեւէ աղերս չունի իրավունքի ու օրենքի հետ»,- վճռի հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: