Արդեն մի քանի շաբաթ է` միջազգային հանրությունը, բառի բուն իմաստով, ապրում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով` դրա խորացման վերաբերյալ սարսափով կամ հաղթահարման, դեռեւս մշուշոտ, հեռանկարով: Հայաստանում, սակայն, ամեն ինչ խաղաղ է. համաշխարհային տնտեսական ճգնաժամը, համենայնդեպս, մինչ օրս որեւէ կերպ չի ազդել մեր տնտեսության վրա: Առաջին հայացքից, իհարկե, կարելի է միայն ուրախանալ: Սակայն, ցավոք, դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ մեր տնտեսությունն անխոցելի է, որ մենք ունենք գերկայացած ֆինանսական համակարգեր ու ենթակառուցվածքներ, ռիսկերը կանխատեսող ու համապատասխան քայլեր ձեռնարկող կառավարիչներ… այլ այն պարզ պատճառով, որ ժամանակակից պատկերացումներով տնտեսություն` որպես այդպիսին, մենք չունենք: Հայաստանն այսօր իրականում հիշեցնում է պարզ ապրանքաշրջանառություն ապահովող մի համակարգ, որը գրեթե ամբողջությամբ մեկուսացված է համաշխարհային տնտեսությունից ու տնտեսական հարաբերություններից: Եվ այն, որ ամեն ինչի հետ մեկտեղ Հայաստանը շրջանցում է նաեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, մեզ, մեղմ ասած, չպետք է ոգեւորի: Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն, եթե այսօր միջազգային հանրության խնդիրը ֆինանսական ճգնաժամն է, մեր պրոբլեմն այն է, որ մենք նման խնդիր չունենք: Երեւի հենց սա է «հայկական աշխարհի» ֆենոմենը, որը փորձում է կառուցել վարչապետ Տիգրան Սարգսյանը: