«Երկիրը ողբալի վիճակում է»

10/10/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ասում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով, թե «բանկային համակարգը աշխարհով մեկ գրիպով հիվանդ է, փռշտում է, մեզ էլ հասնում է, բայց իշխանությունները մարդկանց ոչին չեն ասում»։

– Պարոն Բագրատյան, վերջին 10 օրում եվրոն Հայաստանում կտրուկ արժեզրկվեց: Ձեր կարծիքով՝ դա միջազգային տնտեսական ճգնաժամի՞, թե՞ տեղական գործոնի ազդեցության արդյունք էր:

– Եվրոյի կուրսի փոփոխություն նկատվում է ամբողջ աշխարհում: Հայաստանում այդ երեւույթը խտացված ձեւով է արտացոլվում: Մինչեւ եվրոյի բացատրությունը տալը վերհիշենք դոլարի արժեզրկումը վերջին 3-4 տարիներին: ԿԲ-ն ասում էր, որ դրամն արժեւորվում է դոլարի նկատմամբ, քանզի ՀՀ-ում աշխատանքի արտադրողունակությունը բարձրանում է: Հետո բոլորը հասկացան, որ հիմնական պատճառը դրսից դոլարի ներհոսքն է (տրանսֆերտները): Հիմա դրամի նկատմամբ եվրոն է արժեզրկվում: Այստեղ երկու պատճառ կա: Նախ, եվրոն վերջին մի քանի շաբաթում դոլարի նկատմամբ արժեզրկվել է 10-12 %: 1 եվրոյին տալիս են 1,30 դոլար, ընդամենը 1 ամիս առաջ մինչեւ 1,60 է եղել: Ինչո՞ւ է համաշխարհային շուկայում դոլարն այսօր արժեւորվում, շատ պարզ պատճառով` տնտեսական ճգնաժամ է: Ճգնաժամն ընդգրկված է ԱՄՆ-ում: Այդ ճգնաժամի հետեւանքով արժեթղթերի գործարքների հետ կապված մեծացել է պահանջարկը դոլարի նկատմամբ: Բացի այդ, դոլարի արժեւորմանը նպաստում է նաեւ նավթի գների անկումը: Սա, իրոք, մեզանից անկախ գործոն է: Բայց կա նաեւ երկրորդ, մեզանից կախված գործոնը: Հայաստանում եվրոյի նկատմամբ պահանջարկի լուրջ անկում կա: Հարաբերականորեն եվրո-զոնայի հետ կատարվող առեւտրի տեսակարար կշիռը պակասել է: Արդյունքում հարաբերական անկում է ապրել եվրոյի պահանջարկը: Կենտրոնական բանկի բացատրությունները, թե մենք կապ չունենք դրսի ճգնաժամի հետ, բացարձակ հիմարություններ են: Եվ ընդհանրապես ԿԲ-ն ու այս կառավարությունը Հայաստանում որեւէ բանի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ:

– Իսկ ի՞նչ է կատարվում աշխարհում:

– Այն, ինչ կատարվում է աշխարհում, վկայությունն է այն բանի, թե ինչ է նշանակում չաշխատող նախագահը: Այս անգամ խոսքը վերաբերում է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին: Վերջին 7-8 տարում (Քլինթոնից հետո) ԱՄՆ-ի տնտեսության հերն անիծվել է: Իրաքյան, Աֆղանական պատերազմի հետեւանքով առաջացած ճգնաժամը մարդը փորձեց լուծել` արհեստականորեն խրախուսելով շինարարությունը: Բավական է ասել, որ եթե 2000թ. 2 մլն մարդ էր բանկերից հիպոթեքային վարկ վերցնում, 2006-ին՝ արդեն 8 մլն մարդ: 20 տարի առաջ, որ ԱՄՆ բնակիչների շուրջ կեսը վարձով էին ապրում, այսօր մեծ մասը տներ են առել: Բանկերը վարկի դիմաց գրավ էին դնում գնվող բնակարանները, որոնք հուսալի չէին: Իսկ բանկերը տալով այդ վարկերը՝ իրենց արժեթղթերն ապահովագրում էին մյուս բանկերի մոտ, վերջիններս՝ այլ բանկերի, ապահովագրական ընկերությունների, փոխադարձ ներդրումային հիմնադրամների եւ այլոց մոտ: Եվ նույնիսկ տեսություն էր առաջացել, որ կարելի է արժեթղթերի վերավաճառքի միջոցով նվազագույնի հասցնել ռիսկը, ու խնդիրը կկորի: Բայց խնդիրը պիտի դուրս գար ջրի երես: Ֆեդերալ-պահուստային համակարգը վերջին տարիներին 1,5-2 տոկոսով էր փող տալիս բանկերին: Ամբողջ շուկան ողողեցին փողով, որը նպաստեց դոլարի արժեզրկմանն աշխարհում: Հիմա էլ այդ արժեթղթերը: Բանկերը չգիտեին, թե այդ թղթերն ինչ անեին: Բայց գալու էր մի օր, որ այդ շինարարության համար վերցված փողերը պիտի ետ տային: Պարզվեց, որ շատերը փող չունեն, որ տան: Ոմանք էլ հասկացան, որ ճիշտ ժամանակն է այդ փողերը ետ չտալու: Ասում էին` վարկով ստացած տունը վերցրեք, վաճառեք: Այդպիսով, տան առաջարկը շեշտակիորեն գերազանցեց պահանջարկը: Ճիշտ է, շինարարությունն աշխուժացրեց տնտեսության մյուս ճյուղերի աճը, բայց նրանք սպառման նոր ոլորտներ չստեղծեցին, իրենց հերթին չկարողացան օգնել շինարարությանը: Այդ աճը մեղմեց տնտեսության անկումը, բայց մարդկանց չտվեց այն եկամուտները, որ նրանք վաստակեին միջոցներ ու փակեին վարկերը: Կարծես թե վարկավորող բանկերի մեծ մասն էլ դրան դեմ չէր: Եվ շատերն իրենց սնանկ հայտարարեցին: Ամերիկյան բանկերում պետք է տարբերել երկու բան, այնտեղ բացարձակապես տարբեր են կառավարիչներն ու սեփականատերերը: Խնդիրն այնքան խորացավ, որ մի շարք բանկերում աշխատակազմը չփորձեց լրջորեն պայքարել բանկը փրկելու համար: Ունենալով համաշխարհային տնտեսության 25 %, համաշխարհային առեւտրի 12 %, արժեթղթերի շուկայում Ամերիկան ունի 50 %-ից ավելին: Եվ ահա տվեցին լուծում` 700 մլրդ-ով գնել այդ արժեթղթերը: Դա բացարձակապես սխալ եւ կոռուպցիոն մեծ ռիսկով քայլ էր: Մինչդեռ խելոք լուծումն այն է, որ ժողովրդի պարտքը վերաձեւակերպեին որպես պետության պարտք, փողը տային ժողովրդին, որ դա մուծեին բանկերին ու գործ չունենային արժեթղթերի շուկայի հետ: Արժեթղթերի շուկան անտակ տակառ է: Ոմանք ասում են, որ 500 տրլն դոլարի արժեթուղթ է բաց թողնվել: Արժեթուղթը վերածվել է երկրորդ տեսակի դոլարի, իսկ ֆեդերալ ռեզերվների համակարգը դրանց էմիսիայի կարգավորմամբ չի զբաղվել: Դրամի բացթողումը եւ շինարարությունն արհեստականորեն խրախուսելը դրամավարկային սկզբունքներին դեմ էր, դա տնտեսության մեջ միջամտության շատ կոշտ ձեւ է: Հնարավոր է, որ Բուշին, վստահ եմ, հանգիստ չէին տալիս Քլինթոնի դափնիները (վերջինս 20-րդ դարի ԱՄՆ լավագույն նախագահներից մեկն է, 8 տարի շարունակ ապահովել է բարձր աճ` վերացնելով բյուջեի դեֆիցիտը եւ գրեթե վերացնելով պետության արտաքին պարտքը, ցածր մակարդակի վրա պահել գործազրկությունը): Շինարարության միջոցով բարձր տնտեսական աճ ապահովելու փորձը բնորոշ է նաեւ Ռուսաստանին եւ Հայաստանին:

– Իսկ ի՞նչ վիճակ է այսօր Հայաստանի տնտեսությունում:

– Հայաստանում կա ահավոր խնդիր: Կառուցվել են բազմաթիվ տներ, որոնց մեծ մասն այսօր չի վաճառվում: Ես կասեի՝ Հայաստանում ճգնաժամը եկել է 1 տարի առաջ, եւ խնդիրը մի փոքր այլ է: Այստեղ շինարարության գլխին կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գեւորգյանը, Բիշինը, Հերմեքը, «Էլիտ Գրուպը», «Տոնուսը» եւ այլք: Այստեղ հսկայական պիրամիդաներ են սարքվում. այս մարդիկ բանկերից վարկ են վերցնում, շինարարություն են անում, հետո վերավարկավորում են նույն նախագիծը: Եվ այդ ամենը բյուջեում չի արտացոլվում: Դրա համար էլ եթե 10 տարի առաջ մենք Ադրբեջանի հետ համեմատելի բյուջե ունեինք, հիմա 6-7 անգամ պակասն ունենք: Մենք արդեն, մի քանի տարի է, վճարում ենք մեր չզարգացած կենսամակարդակով: Ի՞նչ հետեւանքներ կարող է մեզ վրա ունենալ ճգնաժամը: Նախ, վտանգ կա, որ արագորեն կիջնի փոխանցումների (տրանսֆերտների) մակարդակը, աստիճանաբար կկրճատվի ներմուծումը, գները կբարձրանան: Առանց այդ էլ բարձր են: Երկրորդը` լուրջ հարված կստանա Հայաստանի լեռնամետալուրգիան, արդեն լրջորեն իջնում են մոլիբդենի գները: Այստեղ պրոբլեմային կարող են դառնալ, օրինակ, «Արդշինինվեստ», «ՎՏԲ Հայաստան» բանկերը, որոնք լեռնամետալուրգիայի եւ հիպոթեքի ուղղությամբ մեծ ներդրումներ են արել: Երրորդ խնդիրը շինարարության իրացվելիության բացակայությունն է: Քանի որ դրանք իշխանությանը մոտ կանգնած մարդիկ են, եւ գլխավոր շինարարը, սեփականատերը նախկին նախագահն է, հարկեր սահմանված չեն: Մարդիկ չէին էլ շտապում այդ ամենը վաճառել: Շատ բանկեր շինարարական շատ նախագծեր ռեստրուկտուրիզացիա են անում: Հիպոթեքի մասով ընդունված է եղել վերավարկավորման միջոցով պիրամիդաներ սարքելը (ԿԲ լուռ համաձայնությամբ): Միեւնույն շինարարական նախագիծը 3-4 անգամ վարկավորում են: Մի քիչ կառուցում են, հետո գումարը չի բավարարում, էլի վարկ են ուզում: Մինչդեռ շինարարը պետք է ընթացքում ինչ-որ մաս վաճառի, որ աշխատելու գումար ունենա: Չի վաճառվում: Վերը նշված բանկերն արդեն լիկվիդայնության խնդիր ունեն: Հուսով եմ, որ մարդկանց ավանդները վերադարձնելու խնդիրներ չեն լինի: Չորրորդ, հատկապես սկզբնական փուլում հնարավոր է, որ խնդիրներ ունենան ռազմավարական ներդրումներով բանկեր` «Կրեդիտ ագրիկոլը», «Էյչ-Էս-Բի-Սի»-ն եւ այլն: Երկարատեւ ժամկետում` 1 տարի հետո լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնեն հայկական բանկերը: Այս ամենը ցայտուն կերեւա գարնանը: Հինգերորդ, լուրջ մտահոգություն են առաջացնում IPO-ները: Տիգրան Սարգսյանի թեթեւամիտ ձեռքով մի շարք կազմակերպություններ («ՀայՌուսգազարդ», «Վալեքս») ահագին փող են հավաքել: Ստրատեգիական ինվեստորը փողը պետք է ծախսի սեփական գրպանից կամ էլ բանկից վարկ վերցնի: Նա ժողովրդից փող չպետք է հավաքի, IPO չպետք է թողարկի:

Այսօր պնդում են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ մենք կապ չունենք, մի տարի առաջ գլուխ էին գովում, որ մենք կայացած բանկային համակարգ ունենք, աշխարհին ինտեգրված: Ես խորհուրդ կտայի կառավարության որեւէ անդամի որեւէ ասածին չհավատալ: Այս կառավարությունն ի վիճակի չէ որեւէ լուրջ վերլուծություն անել:

– Այս իրավիճակում ի՞նչ պիտի անի կառավարությունը, ի՞նչ պետք է անեն բանկերը:

– Անելիք շատ ունեն: Օրինակ, ինձ հայտնի չէ, թե շինարարական օբյեկտների վերավարկավորումը դադարեցնելու որոշում կա՞: Է, որտեղ շենք են սարքում, գումարը չի բավարարում, թող սնանկանան: Բայց դե շինարարություն անողները իշխանություններն են: Կամ նույն լեռնամետալուրգիան, որը նորից նախկին նախագահի թիմն է վերցրել: Այնտեղ հիմա վնաս առաջանա-չառաջանա` ո՞վ կիմանա: Սա նույնպես մրցունակ շուկա չէ: Տնտեսական ճգնաժամի ժամանակ մրցունակ շուկայի բացակայության պայմաններում ինքնարժեքը հսկայական է լինում: Մոլիբդենի գին էր բարձրացել, մարդիկ ծախում ու շահույթ էին ստանում, բայց չէ՞ որ ոչ ոք նրանց չի ստուգել, մրցակցության ընթացքում չեն փաստվել նրանց ծախսերը: Այնպես որ, սրանք լուրջ հետեւանքներ կարող են ունենալ Հայաստանի համար: Ես կարող եմ մի հետեւանք ասել` ամբողջ աշխարհում 45 տոկոս նավթի գին է իջել, 15-30 տոկոս բենզինի գին է իջել: Հայաստանում իջա՞վ: Մենք արդեն վճարում ենք այդ ճգնաժամի համար: Հայաստանում մրցակցություն չկա, բոլոր գները նշանակովի են: Բանկի վարկի տոկոսն էլ է նշանակովի, կուրսն էլ է նշանակովի, ամեն ինչ: Պիտի որ վերջին 1 ամսում միջբանկային վարկերը կտրուկ իջած լինեն, մեզ թիվ չեն ասում: Բացեք ԿԲ սայթը, մի հատ տեղեկատվություն չկա, ստից-մտից բաներ են, որեւէ լուրջ վերլուծություն չկա: Անընդհատ ցույց են տալիս չինովնիկների՝ մեզ համար արդեն ատելի դարձած դեմքերը, որոնք մեզ ասում են` խնդիր չկա: Որ խնդիր չկա, ինչո՞ւ եք ամեն օր հեռուստատեսությամբ կրկնում: Բայց այս կոռումպացված իշխանությունը որ փորձում է հարկերի, ժողովրդի հաշվին լուծել իր բիզնեսի, հոգսի խնդիրը, դա էլ չի հաջողելու: Չի էլ երեւում, որ ուզում են որեւէ քայլ անել: Գաղափար էլ չունեն, թե ինչ քայլ անեն:

– Պարոն Բագրատյան, իսկ ի՞նչ լուծում կառաջարկեք այս վիճակի համար:

– Ես ամեն անգամ պարտավոր չեմ հա՛մ քննադատել, հա՛մ էլ բոլոր լուծումները տալ: Այդուհանդերձ, որոշ լուծումներ կարող եմ ասել: Դրանք, անշուշտ, կապված են իրական բարեփոխումների հետ: Թող խոշոր գույքից գույքահարկ գանձեն, հատկապես քաղաքի կենտրոնում: Թող մտցնեն շինարարության հարկ: Դե, կարող են` թող մտցնեն: Ռ. Քոչարյանն իրենց կաշին կքերթի: Ես պարտավոր չեմ խոսել եւ ամեն խոսքի վրա ռեֆորմ առաջարկել: Իրենք ռեֆորմ են համարում, որ հարկայինը պետք է ազնիվ աշխատի, կարծես թե նախկին օրենքներում գրված է, որ պիտի անազնիվ աշխատի: Բայց դա ի՞նչ հանճարեղ միտք է, որ վարչապետն ու նախագահը հայտարարում են:

– Վերջերս որպես ռեֆորմ հայտարարեցին, թե ներկրողները կարող են մաքսայինի առաջարկած հսկիչ-գները վիճարկել:

– Առաջ չէի՞ն կարող դատի տալ, հիմա արդեն թո՞ւյլ են տալիս: Օրենքով միշտ էլ կարելի էր վիճարկել: Մաքսային օրենսգրքում 1991-92 թվականներից դա գրված է: Այդտեղ ռեֆո՞րմ կա: Ես ձեզ մի երկու ռեֆորմ ասացի: Կարող եմ շարունակել. ԿԲ-ին պետք է զրկել վարկեր դուրս գրելու իրավունքից: Դպրոցների ֆինանսավորումը պետության կողմից պետք է իրականացնել վաուչերների ձեւով: Ծնողները թող որոշեն, թե երեխաներին որ դպրոցը տան: Եվ վերացնեն կրկնուսույցների համակարգը: Այսօր ավելի քիչ են վճարում մասնավոր դպրոցում, քան թե պետական դպրոցում: Թե չէ լոլոներ են մեզ պատմում: Դասատուների մի զգալի մասը կաշառված են ու ընտրություններում` քրեականացված:

Բանկային համակարգը աշխարհով մեկ գրիպով հիվանդ է, փռշտում է, մեզ էլ հասնում է, բայց ոչինչ չեն անում: Թող խորհրդակցություն հրավիրեն, խորհրդարանական քննարկում կազմակերպեն: Բայց խորհրդարանում ո՞ր մի օլիգարխի հետ քննարկեն: Ռուսաստանի կառավարությունը ՎՏԲ բանկին փող տվեց: ՎՏԲ-ն 247 մլն դոլարով ֆինանսավորում է Թեղուտի ծրագիրը: Պղնձի գներն իջնում են, ես ուզում եմ իմանալ` ի՞նչ է սպասվում: Պետք է մեզ ասեն` դա մեզ է վերաբերում: Եթե այս պրիզմայով ենք նայում՝ ԿԲ պաշտոնյաներն անկապ հայտարարություններ են անում: Իսկ մենք չենք կարող խոսել, խոսում ենք, վերլուծություն ենք անում, մեզ դատի են տալիս: Եթե իշխանությունը միտք չունի, չի կարող ուրիշի միտքը հանդուրժել: Հայաստանը ողբալի վիճակում է: Դրան պետք է ավելացնենք նաեւ քաղաքական դժվարությունները: