«Ազգային ժողովը, թերեւս, քաղաքական Օլիմպոսի ամենաերեւացող հատվածն է, որտեղ պատեհապաշտության, անկայունության (ուրիշ ավելի կոպիտ բառեր չեմ ուզում օգտագործել) պատկերը ամենից ցցուն է երեւում: Եվ դա սարսափելի է»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ալվարդ Պետրոսյանը: Ըստ նրա, ներկայումս, իր իսկ բնորոշմամբ, «մարդկային լղոզված հարաբերություններն ամենից շատ երեւում են հենց ԱԺ-ում», ինչն էլ նա չափազանց վտանգավոր է համարում: Ա. Պետրոսյանի կարծիքով, ԱԺ պատգամավորների առաքելությունը պահպանել ու ժողովրդին բարոյական չափանիշներ ներկայացնելն է, եւ, ըստ նրա, ԱԺ-ն իր պարտականությունների այդ հատվածը չի կատարում: «Ինձանից շատ հաճախ են նեղանում Ազգային ժողովի իմ գործընկերները, որ երբեմն ես չեմ դիմանում ու ասում եմ, որ մի 20 գրագետ, տառաճանաչ հազիվ կա Ազգային ժողովում: Բայց ես ճիշտ եմ ասում»,- անկեղծացել է Ա. Պետրոսյանը: Նա ասել է, որ իր գործընկերները հաճախ են իրեն մեղադրում, թե պատգամավորն այդքան «խոսքաշեն է», ու չի մոտենում ամբիոնին` ելույթ ունենալու համար: Սակայն Ա. Պետրոսյանը նշել է, որ ամբիոնին մոտենալու համար պետք է հասցեատեր ունենա, իսկ ԱԺ-ում նա այդպիսիք չի գտնում: «Բան ասելուց առաջ ես պիտի հենվեմ ինչ-որ մեկի աչքին, բայց ես չեմ գտնում այդպիսիք: Մեծն Թոմաս Էլիոթին հարցնում են, թե քանի ընթերցող ունի, նա պատասխանում է` 5, ու ավելացնում է, եթե ինքն իմանա, որ դրանից ավելի ընթերցող ունի, ապա իրեն մասսայական կուլտուրայի ներկայացուցիչ կհամարի»,- նման համեստ համեմատություն է ներկայացրել Ա. Պետրոսյանն ու ավելացրել, որ ԱԺ-ին տառաճանաչություն է պետք: Հետո, ինչպես նկատել է ՀՅԴ խմբակցության անդամը, երբ տառաճանաչություն լինի, հերթը կգա մտածելուն, ապա` հնարավոր կլինի խոսել բարոյական չափանիշների մասին: Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի` ԱԺ ամբիոնից ունեցած ելույթին, ապա Ա. Պետրոսյանը, բնականաբար, դա դրական է գնահատում: «Ես ավելի ակնկալիքներ ունեի, բայց սպասենք երկրորդ, երրորդ ուղերձին, եւ դրանք ընդունենք որպես նոր մշակույթ: Ես շատ դրական եմ ընդունում ելույթը»,- ասել է նա: Իսկ այն, որ Ս. Սարգսյանի ելույթում Ա. Պետրոսյանը «չի լսել իր հարցերի պատասխանները», իր սեփական խնդիրն է համարում, ոչ թե նախագահինը, քանի որ գտնում է, որ չի կարելի 40 րոպեում միանգամից բոլոր հարցերի պատասխանները տալ: Նա, բնականաբար, չէր կարող դրական չգնահատել նաեւ վերջերս` Սարալանջի մայրուղուց եւ Աբովյան պուրակից սկիզբ առնող ու մինչեւ Մյասնիկյան պողոտա ձգվող թունելի բացման արարողությանը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը: Ա. Պետրոսյանն ասել է, թե «ներկայիս նախագահը կարողացել է հաղթահարել կարեւոր բարդույթը ու ճանապարհի բացմանը ներկայացել է Ռ. Քոչարյանի հետ»: «Վերջերս, որպես երեւույթ, ինձ շատ դուր եկավ այն, որ ճանապարհի բացման արարողությանը հրավիրված էր երկրորդ նախագահը: Եկեք մեզ թյուրիմացությունների մեջ չգցենք, միշտ էլ եկողը նախորդի համար բարդույթներ ունի, բայց Սերժ Սարգսյանը կարողացավ հաղթահարել դա ու ճանապարհի շինարարությունը սկսող նախագահին հրավիրեց միասին ժապավենը կտրելու»,- ասել է Ա. Պետրոսյանը: