Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստերում հայտարարել է, թե այսուհետ իրենց նիստերի ընթացքում պարբերաբար անդրադարձ է կատարվելու ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներին: Դա, ըստ նրա` կնպաստի, որպեսզի նպատակային ցուցանիշները քայլ առ քայլ ապահովվեն: Ի դեպ, նա նաեւ տեղեկացրել է, որ իր եւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի համատեղ խորհրդակցության արդյունքում որոշվել է հոկտեմբերի 22-ին լսել բոլոր նախարարությունների հաշվետվությունները` պարզելու, թե որքանով են կատարվել տարածքային զարգացման մասով տրված հանձնարարականները: «Քննարկումներին կմասնակցեն նաեւ բոլոր մարզպետները, որոնց հնչեցրած յուրաքանչյուր հարցին դուք պետք է պատասխան տաք, թե ձեր գերատեսչությունը մարզերում 2009թ. բյուջեով ինչ միջոցառումներ է իրականացնելու: Քանի որ երկար ժամանակ է, ինչ այդ հանձնարարականը տրվել է, բոլորդ պետք է պատրաստ լինեք ներկայացնելու դրա կատարման արդյունքները»,- ասել է Տ. Սարգսյանը: