Քաղաքացիական խոնարհությամբ

09/06/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Սառը վերաբերմունք

Հոկտեմբերի 26-ին խորհրդարանը «քննարկեց» եւ հաստատեց 2004թ. բյուջեի
կատարողականը։ Հիասթափված էին բոլորը՝ եւ՛ կառավարության անդամները, եւ՛
անգամ իշխանամետ լրատվամիջոցները։ Երկրի տնտեսական հիմնական
հաշվետվությունը ներկայացնելու համար կառավարությունը ԱԺ էր ներկայացել
համարյա լրիվ կազմով։ Չէին ներկայացել պատգամավորները։ Նիստերի դահլիճում
նախարարները քանակով ավելի շատ էին խորհրդարանականներից։ Արդյունքը դժվար
չէր կռահել՝ հայտարարվեց, որ բյուջեն կատարվել է ամբողջությամբ։
Խորհրդարանն՝ իր անտարբեր վերաբերմունքով, ՀՀ գործող օրենսդրության
համաձայն, վավերացրեց այդ հայտարարությունը։ Պատգամավորների այս
վերաբերմունքին արդարացում չգտան ո՛չ իշխող կոալիցիայի լիդերները, ո՛չ
կառավարության անդամները, ո՛չ էլ իշխանամետ փորձագետները։ Փոխարենը՝ ոչ
իշխանամետ լրագրողներն ու փորձագետները եւս մեկ անգամ արձանագրեցին, որ
ֆինանսատնտեսական փաստաթղթերի քննարկումը գործող ԱԺ-ի ինտելեկտուալ
հնարավորություններից վեր է։
 
Ինչո՞ւ ընթերցել բյուջե

Ֆինանսատնտեսական փաստաթղթերը մի էական հատկանիշով տարբերվում են
քաղաքական հայեցակարգերից։ Ամենամանրամասն հղկված ու պուպուշացված
ֆինանսատնտեսական փաստաթղթում միշտ կարելի է հետաքրքիր (տնտեսական
հանցագործությունների դեմ պայքարող ուժային կառույցների բառապաշարով՝
կրիմինալ) փաստեր գտնել։ Կարելի է գտնել փաստեր, որոնք ակնհայտ հակասում
են տնտեսական աճի մասին պաշտոնական հայտարարություններին։ Օրինակ՝ բյուջեի
կատարողականը պաշտոնապես արձանագրում է, որ արտահանման տեմպերն աճել են
4,3%-ով, իսկ ներմուծմանը՝ 5,6-ով։ Այսինքն՝ երկրի արտաքին տնտեսական
գործունեության մեջ աճում է բացասական բալանսը։ Սա մի երեւույթ է, որը
բոլոր տնտեսագետները բացասական են գնահատում։ Որքան էլ հայտարարվի
արտահանումների աճի մասին, դրանք ծածկում են ներմուծումների 60%-ը։
Այսինքն՝ երկիր բերվող ապրանքների 39%-ի դիմաց Հայաստանից կանխիկ դրամ է
դուրս տարվում։
 ԿԲ հաշվետվության հատվածում նշված էր, որ այս հիմնարկը սղաճի
ցուցանիշը պահելու առաջադրանքը գերակատարել է։ Նման հայտարարությունից
հետո ԿԲ-ին ավելի դժվար կլինի բացատրել, որ ինքն անմեղ է (համարյա
անգործունակ) դրամի արժեւորման գործընթացին։ Հատկապես, որ բառացի նշվում
է՝ «ՀՀ ԿԲ 2004թ. դրամավարկային քաղաքականության ծրագրով դրամի միջին
փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց նախատեսված էր 580 դր.»։ Մինչդեռ տարեկան
միջին փոխարժեքը կազմել է 533դր.։ Այստեղ հարկ է խոսել բյուջեի կատարման
գործընթացի ամենադրական փաստի մասին։ Անցած տարի բյուջեի եկամուտները
նախատեսվածից ավելի էին 2,4%-ով (կազմել է 302,2 մլրդ դրամ)։ Խրոխտ
հայտարարություններով ընդգծվում է, որ աճել է շահութահարկի ծավալը։
Իսկապես, շահութահարկի աճը դրական չափորոշիչ է։ Բայց բյուջեի կատարողականի
հաջորդ հատվածը միանգամից կոտրում է այդ վարդագույն պատկերը։ Շահութահարկն
աճել է հիմնականում բանկային եկամուտների հաշվին։ Դրամի արժեւորումը, որ
լրացուցիչ հարկի նման ծանրացել է տնտեսության իրական հատվածի ուսերին,
բանկային համակարգին լուրջ եկամուտներ է բերել։ Միայն այս եւ
թերֆինանսավորված ոլորտները գտնելու համար արժեր ընթերցել բյուջեի մոտ 900
էջանոց կատարողականը։
 
Թերակատարումներ

Բյուջեի ծախսերի վերլուծությունը ներկայացնելիս կառավարությունը գրում է.
«Նախատեսված հատկացումների սահմաններում պետական մարմինների կողմից
գրանցված պարտավորությունները, որոնց համար սահմանված կարգով ՀՀ Ֆին. եւ
Էկ. նախարարություն ներկայացվել են ֆինանսավորման հայտեր, ամբողջությամբ
կատարվել է»։ Ցանկացած ոլորտում նախատեսված գումարից որքան պահանջվել է՝
կառավարությունը վճարել է։ Այնուամենայնիվ, բյուջեի կատարման
հաշվետվությունում կան թերֆինանսավորված ոլորտներ։ Օրինակ՝ տեղական
ընտրությունների համար նախատեսված գումարից 15% պակաս է ծախսվել՝ «շեղումն
առաջացել է ընտրացուցակների կազմման ծրագիրը չիրականացնելու եւ ԿԸՀ-ի ու
Ընտրական հանձնաժողովների պահպանման ծախսերի տնտեսմամբ» հիմնավորումով։
Եթե քաղաքական տեսանկյունից վերլուծվի ասվածը, կարելի է պնդել՝ ճիշտ են
արել, որ ընտրացուցակների կազմման ծրագիրը չեն իրականացրել։
Ընտրությունների մեր ազգային նկարագրին խորթ են, եւ ավելորդ թիթիզության
վրա չարժե պետական փողեր մսխել։ Նույն տրամաբանության մեջ է ԱԳՆ-ի վրա
խնայելը (նախատեսված գումարից մոտ 36% պակաս է ֆինանսավորվել)։
Արտգործնախարարն այս փաստը կարող է օգտագործել ոլորտի անհաջողությունները
բացատրելու համար։ Փոխարենը՝ պետական ֆինանսական կառավարումը
պլանավորվածից 37,5% փող ավելի է ստացել։ Անհասկանալի է, թե ինչու են
Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզպետարանները համապատասխանաբար 37 եւ 11%
պակաս ֆինանսավորվել։
Եթե դուք Երեւանը համարում եք թափթփված, կեղտոտ քաղաք կարող եք այս
կատարողականով հիմնավորել ձեր կարծիքը։ Աղբահանության եւ փողոցների
մաքրման նպատակով հատկացվածից 45% պակաս է տրամադրվել։ Այս խնայած ճոխ
թվերը ստվերում են այն փաստը, որ Սոցիալական ապահովության ոլորտը 4% քիչ է
ստացել։
 
Ինչո՞ւ չընթերցել բյուջեն

Մեր խորհրդարանականները բյուջեի կատարողականը հավանաբար չեն ընթերցում ոչ
այն պատճառով, որ ի վիճակի չեն։ Հնարավոր է, որ այլ պատճառ կա։ Նրանք
երեւի գիտեն, որ բյուջեն լուրջ փաստաթուղթ չէ։ Ճիշտ է, այն օրենք է եւ
հենց «ՀՀ բյուջեի մասին» օրենք էլ կոչվում է։ Բայց խիստ հարաբերական
փաստաթուղթ է։ 2004թ. բյուջեի մասին օրենքը սահմանել էր, որ Երեւանում
վաճառվող հողերից 300 մլն դրամ է մուտք արվելու։ Այսինքն՝ օրենքը հարակից
սահմանափակել էր ապապետականացվող հողերի ծավալը։ Մինչդեռ, կառավարության
որոշմամբ այդ թիվը փոխվել է եւ մայրաքաղաքում 2004թ. վաճառվել է օրենքով
թույլատրված չափից 26 անգամ ավելի արժեք ունեցող հողատարածք։ Իսկ դուք
ասում էինք՝ Երեւանը մաս-մաս է վաճառվում։ 26 անգամից ավելի շուտ «բիրիք»
առեւտուր է հիշեցնում։ Եթե ԱԺ պատգամավոր լինեիք եւ ձեր որոշած (օրենքի
ուժ ստացած) թիվը փոխվեր 26 անգամով, գիտե՞ք՝ ինչ կանեիք։ Հնարավոր է,
գործող պատգամավորների նման ձեւացնեիք, թե չեք նկատել այդ փաստը։

Հ.Գ. Նկատեցի՞ք, թե քաղաքացիական ինչ նրբանկատությամբ շրջանցեցի
միտինգներ ցրող հասարակական կարգերի պահապաններին բյուջեով նախատեսվածից
ավելի փող տալու փաստը։