Անբացատրելի լավատեսություն

10/10/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

2008 թվականի գործարար սպասումների շրջանառության հեռանկարների առումով Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները պակաս լավատես են, քան անցյալ տարի։ Նման եզրակացության հանգել են «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» կողմից հրապարակված «2008 Միջազգային գործարար զեկույցի» (ՄԶԳ) հեղինակները։

Նշենք, որ զեկույցը կազմվում է հարցումների հիման վրա՝ դիտարկելով աշխարհի 34 երկրների 7800 գործարար-ղեկավարների կարծիքը։ Զեկույցում ներառված գլխավոր թեմաներն են՝ «Գործարար սպասումներ/շրջանառություն», «Զբաղվածություն», «Խոչընդոտներ», «Արագ զարգացող տնտեսություններ», «Մրցունակություն», «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» եւ «Աշխատակազմի հավաքագրում/ պահպանում»։ Այս թեմաներից յուրաքանչյուրի համար գործարարներին տրվել են մի շարք հարցեր, եւ հաշվի է առնվել լավատեսություն եւ հոռետեսություն գրանցածների հաշվեկշիռը: Օրինակ՝ վերը նշված շրջանառության հեռանկարների առումով լավատեսության գործակիցն այս տարի Հայաստանում 81% է՝ անցյալ տարվա 83%-ի փոխարեն։ Փաստորեն, լավատեսությունը նվազել է։ Սակայն Հայաստանում ՄԶԳ ներկայացուցիչ Գուրգեն Հակոբյանի խոսքերով, այս ցուցանիշով գլոբալ միջին մակարդակից (մոտ 60%) զգալիորեն բարձր ենք։

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի տնտեսությունը կարելի է գնահատել որպես «միջին լավատես» (+61%): Ընդ որում, նախորդ տարի ցուցանիշը կազմել է 57%։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ գալիք տարվա հեռանկարների նկատմամբ ամենալավատեսորեն տրամադրված են Հնդկաստանի ձեռնարկությունները (+95%)։ Նույն ցուցանիշն ունի նաեւ Ֆիլիպինները։ Իսկ աղյուսակի ստորին մասում տեղ է գտել, որքան էլ զարմանալի լինի, Ճապոնիան (-49%)։

Վերադառնալով Հայաստանին՝ նշենք, որ շահութաբերության վերաբերյալ լավատեսության մակարդակով էլ գերազանցում ենք համաշխարհային միջինը. մեզ մոտ այդ ցուցանիշը կազմում է +63%։

Իսկ արտահանման վերաբերյալ լավատեսությունը նվազել է՝ անցյալ տարվա +21%-ից հասնելով +17%-ի։ Այս ցուցանիշով Հայաստանը մեկ տոկոսային կետով զիջում է համաշխարհային միջինին։

Զբաղվածության կանխատեսվող աճի ցուցանիշով նույնպես նահանջել ենք՝ 2007թ. +67%-ից հասնելով +63%-ի, սակայն դա էլ վատ ցուցանիշ չէ՝ եթե նկատի ունենանք, որ համաշխարհային միջինը կազմում է +33%:

Հետաքրքիր է իմանալ նաեւ, որ հայաստանյան ընկերությունների համար ամենալուրջ խոչընդոտը երկարատեւ ֆինանսավորման պակասն է (+35%)։ Իսկ համաշխարհային մակարդակում գործարարներն ամենամեծ խոչընդոտ համարում են հմուտ աշխատուժի պակասը։ Աշխատուժի նկատմամբ մտահոգությունը մեզանում զգալիորեն զիջում է համաշխարհային միջինին (19%-ը՝ 31%-ի դիմաց)։

Պատվերների պակասը կամ պահանջարկի նվազումը նույնպես հայաստանյան գործարարներին ավելի քիչ է մտահոգում (14%)` համաշխարհային մակարդակի համեմատ։

Հայաստանյան եւ համաշխարհային գործարարության համար միջազգային ներդրումներ անելիս ամենակարեւոր գործոններն են շուկայի չափն ու աճի հնարավորությունը, քաղաքական եւ տնտեսական կայունությունը, ինչպես նաեւ` շուկայի կարգավորման միջավայրը։

Զեկույցում արտացոլված են նաեւ միջազգային առեւտրին վերաբերող ցուցանիշներ։ Օրինակ, Հայաստանի ձեռնարկությունների 72%-ը ներկրում է` գերազանցելով համաշխարհային միջին ցուցանիշը (39%): Գ. Հակոբյանը առանձնացրեց այն դիտարկումը, որ հայաստանյան գործարարների 2/3-ը իրենց հիմնական մրցակիցներին տեսնում են տեղական շուկայում (այս ցուցանիշը գրեթե կրկնակի ավելի է համաշխարհային միջինից)։

Այս փաստը ամենավառ ապացույցն է, որ մրցունակ տնտեսություն ունենալու, տարածաշրջանային կենտրոն դառնալու եւ այլ գեղեցիկ բաների մասին ասվող ճառերն առայժմ բարի ցանկություններից այն կողմ չեն անցնում։

Բացի այդ, մեծ-մեծ նպատակների հասնելու համար անհրաժեշտ են գլոբալ մտածողություն, ռիսկ եւ մեծածավալ ծրագրեր։ Մինչդեռ, հայաստանյան ձեռնարկությունների միայն 30%-ն է մեծածավալ տնտեսական ծրագրերը նշել որպես մրցակցային առավելություն։ Համեմատության համար նշենք, որ այդ ցուցանիշի համաշխարհային միջինը կազմում է 44 %։

«Գրանթ Թորնթոնը» նաեւ որոշ մասնագիտական կանխատեսումներ է արել Հայաստանի տնտեսության վերաբերյալ։ Մասնավորապես, համաձայն ԳԹ-ի մասնագետների, 2008-ին Հայաստանը կունենա ՀՆԱ-ի երկնիշ իրական աճ՝ մոտ 10 տոկոսի սահմաններում` հիմնականում շինարարության բնագավառում բուռն ակտիվության շնորհիվ։ 2009-ին աճը կնվազի մինչեւ 8 տոկոս։

Ինչ վերաբերում է գնաճի ցուցանիշին, ապա ԳԹ-ի գնահատականները շատ չեն տարբերվում Կենտրոնական բանկի եւ մյուս պետական կառույցների կանխատեսումներից. «Սննդամթերքի ներկրման բարձր գների, նավթի միջազգային գների, ինչպես նաեւ մեծ ներքին պահանջարկի վրա հիմնվելով՝ կարելի է ակնկալել, որ այս տարվա վերջին սպառողական գների ինդեքսի աճը կկազմի մոտ 7 տոկոս՝ գերազանցելով գնաճի հայտարարված սահմանը (4 տոկոսը): Այդուհանդերձ, այս ցուցանիշն ավելի ցածր է, քան հարեւան երկրներինը, եւ ակնկալվում է, որ 2009-ին կնվազի՝ հայտնվելով հայտարարված սահմաններում»։