Համաշխարհային լրատվության առաջին էջերում տնտեսական թեմաներ են: Միջազգային հեռուստաընկերությունների լրատվական թողարկումների կեսից ավելին տնտեսական տեղեկատվություն է ու վերլուծություններ: Համաշխարհային տնտեսությունը ցնցվում է: Սակարաններում արձանագրվող ամեն անկումից հետո համոզվում ես, որ ֆինանսական անդունդն անդունդներից ամենախորն է: Ամերիկյան ճգնաժամն արագ փոխանցվեց Եվրոպա: Ռուսական իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ իրենց տնտեսությունն առողջ է: Որ ճգնաժամի ներքին պատճառներ չկան: Սակայն երեկ ռուսական երկու խոշորագույն սակարաններում 11-14 տոկոսանոց անկում արձանագրվեց: Սեպտեմբեր ամսին ռուսական խոշորագույն ընկերությունների արժեթղթերն «էժանացել» էին 25 տոկոսով: ՌԴ տնտեսական իշխանությունները սակարանները փակելու որոշում կայացրին: Որոշվել է, որ դրանք չեն գործելու մինչեւ հոկտեմբերի 10-ը: Արեւմտյան պետությունների օրինակին հետեւելով՝ ռուսական իշխանությունները նախ հայտարարել էին, որ 475 մլրդ ռուբլու չափով աջակցություն են ցուցաբերելու ճգնաժամ ապրող խոշոր ընկերություններին: Հետո գումարը մեծացրին` 760 մլրդ ռուբլի: Ճգնաժամից ՌԴ-ում ամենաշատը տուժում է վառելիքաէներգետիկ համակարգը: Իսկ դա ռուսական տնտեսության ողնաշարն է ու ստնտուն: Ռուսաստանում նույնիսկ նվազեցրին նավթի արտահանման մաքսատուրքերը: Փորձելով այդ ճանապարհով օգնել վնասներ կրող ընկերություններին: Ճգնաժամի պատճառով միջազգային շուկայում կտրուկ նվազել է նավթի պահանջարկը: Հետեւաբար՝ նաեւ գները: Աշխարհում ֆիզիկական ամենամեծ ծավալն ունեցող երկրում` ԱՄՆ-ում, անհավանական պատկեր է: Մի շարք նահանգներում բենզին չկա: Հայտարարվել է, որ բենզինի ամերիկյան պահուստներն աննախադեպ քիչ են: Դրանք համադրելի են միայն 50-ականների սկզբի ցուցանիշներին: Ֆինանսական դժվարությունների պատճառով ամերիկյան ընկերությունները միջազգային սակարաններում ակտիվ չեն: Արեւմտյան խոշորագույն ընկերությունները դադարեցրել են միմյանց վարկավորելու փորձերը: Տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին բոլոր մասնագիտական կանխատեսումներն առայժմ չեն իրականանում: Արեւմտյան երկրների կառավարություններն աննախադեպ քայլեր են ձեռնարկում: Պարբերաբար ընդունվում են որոշումներ մասնավոր բիզնեսի այս կամ այն ոլորտին պետական աջակցություն ցուցաբերելու մասին: Շատ երկրների կենտրոնական բանկերը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնում են: Պարտքով տրվող փողն էժանացնելով ֆինանսիստները փորձում են հրապուրել գործարարներին: Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել են Չինաստանը, Եվրոբանկը: ԱՄՆ-ում այն ամենացածրն էր, բայց կես տոկոսով էլ փոքրացվեց: Հիմա այն տարեկան կազմում է 1,5 տոկոս: Արեւմտյան երկրների կառավարությունների գործունեությունը տնտեսագիտական հետազոտությունների լուրջ նյութ է: Նույնիսկ ամենաազատական տնտեսական համակարգ ունեցող երկրներում հիմա ամենամոդայիկ բառը «պետականացումն» է: Պետականացվում են հսկա արտադրական ձեռնարկություններ, հիմնադրամներ, բանկեր: Սոցիալիստներն ու կոմունիստները ոգեւորված են: Նրանց կարծիքով՝ տնտեսական կյանքում պետական ապարատի միջամտությունը դրական արդյունք կտա: Ճգնաժամի հաղթահարումն ակնհայտ կդարձնի, որ պետական կառավարումը պակաս արդյունավետ չէ: Ազատականները, հակառակը, մտահոգված են տնտեսության մեջ պետության դերի աճով: Նրանք վստահ են, որ ճգնաժամի պահին օգնության ձեռք մեկնելով, քաղաքական ու վարչական գործիչները հետագայում այդ ձեռքը հետ չեն քաշի: Ու կփորձեն տնտեսությունը մշտապես պահել վարչական հսկողության տակ:
Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական սկզբունքների ու արժեքների ժամանակաշրջան է: Ազատական տնտեսությունը ձգտելու է ապացուցել, որ դեռ կենսունակ է: Ու ամենաարդյունավետը: Ճգնաժամերի կառավարման մասնագետների համար ոսկե դար է: Ճգնաժամերի հաղթահարման մասնագետ չլինելով՝ որեւէ կանխատեսում չեմ անի: Ընդունված ձեւակերպումը չարաշահելով՝ կարելի է ասել. «Ինչպե՞ս ու ե՞րբ կհաղթահարվի համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, ցույց կտա ժամանակը»: Անհատական փորձառությունից ելնելով՝ կարող եմ ասել, որ ֆինանսական անդունդը անդունդներից ամենախորն է: Այնտեղ կարելի է ընկնել ամբողջ կյանքում: Բայց պատկերացնել, որ նման անկում հնարավոր է հասարակությունների ու պետությունների պարագային, դժվար է: Տնտեսական երկարատեւ անկումները սովորաբար հեղափոխություններ են ծնում:
Հ.Գ. Հայաստանում ամեն ինչ խաղաղ է: Դա նշանակում է, որ մեր տնտեսությունն ինտեգրված չէ համաշխարհային տնտեսության մեջ: Ճգնաժամի պահին ասել՝ դա լա՞վ է, թե՞ վատ` դժվար է: