Ազգային անվտանգությունը հայտնաբերել է չմաքսազերծված ապրանք

09/06/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք
Հայաստան-ԱՄՆ-Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնող «Կարգո Ջեթ Լայն»
ՍՊԸ-ին: Հիշեցնենք, որ կազմակերպությունից օգտվող քաղաքացիները դժգոհում
էին, որ ԱՄՆ-ից ուղարկված իրենց ծանրոցները «Կարգո Ջեթ Լայն» ֆիրմայից չեն
կարողանում ստանալ: Իրականում նրանց ծանրոցները պահպանվում էին ֆիրմայում,
որովհետեւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն ակտիվ
ստուգումներ էին իրականացնում: «Կարգո Ջեթ Լայն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ
Սիմոնյանը վստահեցնում էր, որ առանձնապես լուրջ իրադարձություն չի եղել,
պարզապես ԱՄՆ-ից ուղարկվող բեռները հաճախ ճիշտ չեն հայտարարագրվում, ինչի
արդյունքում՝ թյուրիմացություններ են առաջանում: Բացի դա, կարծիք կար, որ
ԱԱԾ ստուգումները պայմանավորված են ծանրոցներից մեկում եղած բրոնզե,
տարբեր երկրների գերբերով պատկերված մեդալներով: Ի դեպ, Հ. Սիմոնյանը մեզ
հորդորում էր աղմուկ չբարձրացնել ստուգումների համար, որպեսզի ԱՄՆ-ից
տեղափոխված մեդալների հասցեատիրոջ դեմ գործը փակվի: Մինչդեռ ֆիրմայի
բեռնափոխադրումներից օգտվող մի կին ասում է, որ բացի իրենից կան մարդիկ,
ովքեր փետրվար ամսից չեն կարողանում ԱՄՆ-ից եկած ծանրոցները ստանալ: «Այն
գումարը, որը ծանրոցը տեղափոխելու համար պահանջում են, մենք մուծել ենք,
բայց հիմա ինձնից հսկայական գումար են պահանջում: Փետրվար ամսվա վերջին
տրվելիք մեկ արկղ ծանրոցի համար տնօրենն ասում է՝ 950.000 դրամ, շուրջ
2100 դոլար վճարի, նոր կստանաս: ԱԱԾ-ն կազմակերպությունում եղած բեռները
բռնագրավել է, քանի որ Արդարադատության նախարարության էքսպերտը ֆիրմայում
չձեւակերպված ապրանքներ է հայտնաբերել: Այսինքն` իրականում «Կարգո Ջեթ
Լայն» ֆիրման ապրանքն առանց մաքսազերծելու բեռնափոխադրում է իրականացրել,
բայց այս դեպքում հաճախորդն ի՞նչ մեղք ունի: 4-5 ամիս է, ես ծանրոցս չեմ
կարողանում ստանալ, հիմա էլ տնօրենն ասում է՝ 950.000 դրամ մուծի, որ
ստանաս: Բայց սա ի՞նչ է նշանակում, եթե կազմակերպությունն անօրինական
գործողություն է իրականացնում, ուրեմն հաճախորդի գումարներո՞վ պետք է դրա
տակից դուրս գա»: Ծանրոցները հասցեատերերին չվերադարձնելու պատճառը
ճշտելու համար դիմեցինք «Կարգո Ջեթ Լայն» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Սիմոնյանին:
Վերջինս նախ ասաց, որ շատ վիրավորված է մեր տպագրած նախորդ հոդվածից, ապա
զայրույթով պատճառաբանեց, թե իրենք ոչ մի գումար էլ չեն պահանջում
հաճախորդներից: Նա պնդեց, որ ինքը պատասխանելու որեւէ բան չունի եւ
խորհուրդ տվեց դիմել ԱԱԾ եւ այլեւս իրեն չանհանգստացնել: «Կարգո Ջեթ Լայն»
ՍՊԸ-ի տնօրեն Հ. Սիմոնյանն, իհարկե, պետք է խուսափի մեկնաբանություն
տալուց, քանզի քաղաքացիներից նա ապօրինի է փորձում գումար վերցնել.
քաղաքացին ի՞նչ մեղավոր է, որ «Կարգո Ջեթ Լայնն» իր գործունեության
արդյունքում ապօրինի գործարքներ է կատարում, հետո ջարդում քաղաքացու վրա:
Դիմեցինք ԱԱԾ լրատվական բաժին, բաժնի պետ պրն Բաղրամյանն էլ իր հերթին
խորհուրդ տվեց դիմել եւ մեկնաբանություն ստանալ «Կարգո Ջեթ Լայն» ՍՊԸ
տնօրեն Հ. Սիմոնյանից: