«168 Ժամ» թերթում տպագրված սոցիալական հրապարակումներին կրկին արձագանքել են ինչպես անհատ քաղաքացիներն, այնպես էլ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մեր թերթի նախորդ համարներում տպագրված «Գերեզմանատների հոգեհացով են գոյատեւում» հրապարակմանն արձագանքել է Էրեբունի համայնքի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը: Վերջինս մանկապարտեզի (որտեղ հաճախում է Հասմիկը) վարիչ Գայանե Հովհաննիսյանի միջոցով հետաքրքրվել եւ գտել է այս ընտանիքին: Երեկ հրապարակման հերոսուհի, երկու երեխաների մայր Ռուզաննան մեզ խնդրեց թերթի միջոցով իր խորին երախտագիտությունը հայտնել Մ. Սեդրակյանին. «Ես իսկապես ապշած եմ, որովհետեւ հոդվածը տպագրվելուց հետո նա մեզ գտավ ու շատ օգնեց: Մեզ մեծ գումար նվիրեց եւ շատ հագուստներ, իրեր, որոնց բացակայության պատճառով մենք կամաց-կամաց անդունդն էինք գլորվում: Պրն Սեդրակյանը խոստացել է հանրակացարանում սենյակ տրամադրել, իսկ դուք լավ գիտեք, որ, եթե մեզ չօգնեին, ձմռանը փողոցներում էինք մնալու: Ես էնքան զարմացած, շփոթված ու ուրախ եմ այդ վերաբերմունքից, որ շատ եմ խնդրում, թերթի միջոցով իմ շնորհակալությունը հայտնեք: Իմ մեջ ապրելու ցանկություն է առաջացել, որովհետեւ հասկացա, որ դեռ բարի մարդիկ կան, ու հասկացա, որ երեխաներս դեռ ոմանց պետք են»: Ի դեպ, բացի Մ. Սեդրակյանից, ինչպես Ռուզաննային, այնպես էլ մեր բոլոր հրապարակումների հերոսներին մշտապես օգնություն է ցուցաբերում «Օրրան» կենտրոնի հիմնադիր նախագահ Արմինե Հովհաննիսյանը: «Օրրանից» մեզ հայտնեցին, որ Ռուզաննային եւս հագուստի տեսքով օգնություն կցուցաբերեն, իսկ 7 երեխաների մայր Գայանեի ընտանիքին Ա. Հովհաննիսյանն արդեն 1 տարի ամսական 100 դոլարին համարժեք սնունդ է տրամադրում: «Ես մեր նախագահին սիրում եմ, բայց ինքը մեզ չի սիրում» հրապարակման հետքերով գնացել են ինչպես «Օրրան» կենտրոնից, այնպես էլ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից: Հոդվածի հերոսուհի Ալվարդ Կարապետյանը մեզ փոխանցեց, որ իրենց մեծ օգնություն են ցուցաբերել սննդի եւ հագուստի տեսքով: Բացի այդ, նրանց օգնել է մայրաքաղաքի կրպակներից մեկի աշխատակցուհին, ով մեզ զանգահարելով խնդրեց տրամադրել նրանց տվյալները եւ պարբերաբար այցելել այս ընտանիքին: Թերթի «Ուզում է երեխայից ազատվել» հրապարակմանն էլ արձագանքել են Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի քանի ուսանողներ: Աննան մեզ պատմեց, որ երիտասարդներն այցելել են իրենց եւ մեծ օգնություն ցուցաբերել: Աննային ավելի շատ շոյել էր ուսանողների վերաբերմունքն, ովքեր բավականին երկար զրուցել էին իր հետ եւ իր երեխաների հետ մտերմանալով՝ տանն ուրախ մթնոլորտ էին ստեղծել: «Վախենում եմ, որ երեխաները մի օր տուն չեն գա» հրապարակմանն արձագանքել են ՀՀ Կառավարությունը եւ Էրեբունու թաղապետարանը: Հիշեցնենք, որ երեք երեխաներ ունեցող ամուսիններն ապրում էին ավտոտնակի տարածքում եւ տարածքը չօրինականացնելու պատճառով չէին կարողանում շինարարություն սկսել: Գայանեն մեզ փոխանցեց, որ իրենց կանչել, փաստաթղթեր են պահանջել, հետեւաբար՝ տարածքն արդեն սեփականաշնորհման փուլում է: «Բոլորը փախնում են, մամաս էլ կփախնի ու ինձ մենակ կթողնի» հրապարակմանն էլ արձագանքել են «Եվրոպա» խանութների ցանցից եւ Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը: Վերջինս մեզ զանգահարելով՝ խնդրեց հրապարակման հերոսուհի Շաքեի տվյալները, ում նա մեծ գումար է փոխանցել: