Ուսուցիչների տոնն ավելի շատ ցավ է պատճառում

10/10/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հոկտեմբերի 4-ին ուսուցիչների տոնն էր: Հայկական հեռուստաալիքներով ցուցադրվող ռեպորտաժները ճոխ էին: Մի քանի ուսուցիչների տրվեցին մեքենաների բանալիներ, գումարներ, պատվոգրեր ու շնորհակալագրեր: Մի խոսքով` տպավորությունն այնպիսին էր, թե մեր պետությունն իր մանկավարժներին գնահատում է ըստ արժանվույն:

Սակայն իրականությունն այլ է: Վարդաշենի հանրակացարանի մի անտանելի սենյակում կծկված մանկավարժ Հասմիկ Համբարձումյանն ուսուցիչների տոնը «հաղթահարեց» լացով ու տխրությամբ, որովհետեւ իրեն անպիտան ու միայնակ էր զգում: Մեր հեռուստաալիքների ու պաշտոնյաների մատուցած սուտն այդ օրը մնաց տիկին Հասմիկի կոկորդին, որովհետեւ լավ է, երբ մի քանիսին մեքենա են նվիրում, բայց վատ է, որ մեծամասնությունը սովի մեջ է ապրում, ու մեքենա նվիրելու պատրանքը բոլորին համոզում է, որ մեր ուսուցիչների կենսակերպը «վերածնունդ» է ապրում: Իհարկե, այսօր մեր դպրոցների, ինչպես նաեւ, մանկապարտեզների տնօրեններից շատ-շատերը պարզապես կիսաօլիգարխներ են, սակայն հանրապետության ուսուցիչների մեծ հատված էլ այսօր հազիվ է իր օրվա գոյությունը պահպանում: Տիկին Հասմիկը գիտակցում է, որ իր նման հազարավոր մանկավարժներ բառիս բուն իմաստով «հացին կակա» են ասում: Հոկտեմբերի 4-ի տոնախմբության ընտրյալները պատրանք ստեղծեցին, թե մեր պետական մեքենայի համար եւ հասարակական գիտակցության մեջ ուսուցչի դերն այնքան է բարձրացել, որ պետք է արդեն մտածել նրանց «կոմֆորտի» մասին: Մասնագիտությամբ մաթեմատիկ տիկին Հասմիկը պարտական է իր անցյալին, որովհետեւ անցյալից մնացած սերն է իրեն ողջ պահում: Դպրոցի սաները պարբերաբար այցելում, պանիր, ձավար եւ այլ բնեղեն են հասցնում, որ սիրելի ուսուցչուհին քաղցից չմեռնի: Ասում է՝ «Էնքան դպրոցներ եմ դիմել, էնքան աշխատանքի տեղավորման գործակալություններ, բայց անօգուտ: Ես ոչ մի հաստատության համար պետքական չեմ»: 20 տարի որպես մանկավարժ աշխատած կինը 51 տարեկան է, սակայն «մարդկության» վերաբերմունքից ներշնչել է, թե արդեն թոշակառու է, քանի որ ակամայից նրան արդեն թոշակի են ուղարկել: Ավանում գտնվող նախկին հանրակացարանային սենյակը վաճառել է, որպեսզի կենսագործունեությունը շարունակելու հնարավորություն ունենա: Ասում է՝ «Այդ հանրակացարանը սեփականաշնորհեցին, ու ես վաճառեցի, որովհետեւ այլեւս գոյատեւելու ճանապարհ չկար: Եթե հնարավոր լիներ՝ այս սենյակն էլ կվաճառեի, որ հացի գումար հայթայթեմ, բայց սա սեփականաշնորհած չէ: Կվաճառեի ու փողոցներում կապրեի, որ գոյությունս քարշ տայի: Օրվա հաց գնելու համար էնքան պարտքեր եմ կուտակել, համարյա 80.000 դրամ պարտք ունեմ խանութներում: Այսինքն՝ ընտրում ես՝ կամ մեռնել, կամ էլ ինչ-որ բան վաճառելով գոյատեւել»: 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող այս կնոջ ամսական եկամուտը Գործազուրկների գործակալությունից ստացած 15.000 դրամն է, որով կոմունալ ծախսերը հոգալուց հետո՝ սոված է ապրում: Տիկին Հասմիկը տարիներ առաջ վիրահատվել է, հեռացրել են կոկորդի ուռուցքն, իսկ ներկայումս առողջական վիճակին հետեւելու համար այլեւս «հավես» էլ չի մնացել: «Վարդաշենի Արհեստագործական ուսումնարանում պայմանագրով ինձ ընդունեցին աշխատանքի: Մեկ տարի աշխատելուց հետո ազատեցին, որովհետեւ պայմանագրի ժամկետը լրացել էր: Չգիտեմ, աշխատանքի ընդունվելու համար գիտելիքներ, աշխատանքային փորձ ու լավ մանկավարժ լինե՞լ է պետք, թե՞ պետք է ծանոթ ունենալ, կաշառք տալ, որ կարողանաս մասնագիտությամբ աշխատել»,- նեղսրտած ասում է տիկին Հասմիկն՝ ասելով, որ մեկ տարի 56.000 դրամ աշխատավարձով իրեն մարդ է զգացել, իսկ ներկայումս անգործությունից, անօգնական վիճակից նյարդային համակարգը խախտվել է: Ասում է՝ իր սիրելի մասնագիտությամբ աշխատելու հույսը կորցնելուց հետո նախկինում ստիպված հյուրանոցներում աշխատել է՝ որպես սպասավորուհի: Սակայն կրկին տարիքի գործոնը պատճառաբանելով՝ աշխատանքից ազատել են: Տիկին Հասմիկն աշխատանք ունենալու համար դիմել է նաեւ բազմաթիվ աշխատանքային գործակալություններ, որտեղից 2000 դրամ վճարում պահանջելուց հետո այլեւս մոռանում են դիմողին եւ ոչ մի աշխատանք էլ չեն առաջարկում: Նա խնդրում է՝ «Խնդրում եմ ինձ աշխատանքի տեղավորեն, լինի դա դաստիարակ, լինի մեկը, ում պետք է երեխայի խնամակալ, միայն թե ես աշխատեմ, զգամ, որ զբաղված եմ, անգործ չեմ: Հասկանո՞ւմ եք, ես հիվանդանում եմ, չեմ կարող այսպես ապրել: Ինչքա՞ն կարող ես հանդուրժել, որ հարեւանդ քեզ մի ափսե ճաշ տա: Ախր ես ժամանակին հարգված, սիրված, լավ ապրած կին եմ եղել: Ամաչում եմ նույնիսկ այդ մասին խոսել»:

Տիկին Հասմիկը հուզվում է, որովհետեւ չի կարողանում համակերպվել ներկայիս իր կարգավիճակի հետ: Ապրում է անցյալով, որովհետեւ որպես մանկավարժ՝ անցյալում իր հանդեպ մեծ սեր, հարգանք ու ուշադրություն կար: Իսկ ներկայումս մանկավարժ լինելու հանգամանքը նա հիշում է միայն հոկտեմբերի 4-ին՝ Ուսուցիչների տոնի կապակցությամբ մեքենաներ նվիրելու ռեպորտաժներով: Ուսուցիչների տոնը տիկին Հասմիկին ցավ է պատճառում: