Ո՞վ տեղ չի ունենում իր երկրում

10/10/2008 Ռուզան Զաքարյան

Եթե ոչ՝ «Ոսկե ծիրանի», ապա ո՞ւմ համար է նախատեսված Կինոգործիչների միության շենքը։

Ինչո՞ւ է Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը հանգրվանելու տեղ տվել «Ոսկե ծիրանին»…

Ինչո՞ւ են աշխարհի մեծահամբավ արվեստագետները հիացած երեւանյան միջազգային կինոփառատոնով, եւ ինչո՞ւ են այդ կարծիքը կիսող ու փառատոնը գնահատող մեր մշակութային գործիչները եւ իշխանավորները անտարբեր «Ոսկե ծիրանի» ապագայի հանդեպ։

Ինչո՞ւ են շրջանցվում աշխարհահռչակ կինոգործիչների այն հորդորները, թե՝

«Պետք է ամեն ինչ անել պահպանելու համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ Այն տարբերվում է աշխարհի խոշորագույն փառատոներից ու եզակի է նրանով, որ հոգի ունի, եւ շարժիչ ուժը ոչ թե շահն է, այլ Սերը» (Տոնինո Գուերա (Իտալիա)։

Կամ թե ինչո՞ւ է Անդրեյ Պլախովի պես խստապահանջ ու ճանաչված կինոքննադատը մոսկովյան ընթերցողի հետ երեւանյան փառատոնի մասին իր տպավորությունները կիսելով՝ գրում. «Ամռան կեսին փառատոնային մեռյալ շրջան է։ Եվ այդ թեժ ժամանակ հայտնվում է նոր փառատոն մի երկրում, որտեղ նվազ թվով ֆիլմ է արտադրվում, որտեղ փառատոնային գործունեության ավանդույթներ չկան։ Եվ ոչ միայն հայտնվում, այլեւ դառնում է նոր Մեքքա՝ հեղինակային կինոյի համար։ Երեւանյան Golden Tulip հյուրանոցի եւ սրա հարեւանությամբ գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի միջեւ ընկած մի թիզ տարածքում կարելի էր տեսնել համաշխարհային կինոռեժիսուրայի գրեթե ողջ վերնախավին»։ Հիշենք (իհարկե ցավով), որ աշխարհի քարտեզի վրա մեր երկրի ներկայիս տարածքը Պլախովի մատնանշած նույն այդ միավորով է չափվում փառատոնին մասնակցություն բերած արվեստագետների երկրների համեմատությամբ։ Բայց կինոաշխարհի վերնախավի ներկայությունն այստեղ խորքում մի ճշմարտություն ունի, այն, որ երեւանյան փառատոնը բոլորովին այլ՝ արվեստային բարձր նիշերով գծագրված մշակութային տիրույթ է ստեղծել, որի ձգողական ուժի ու գործող արժեքային չափանիշների մասին հենց իրենք՝ մասնակիցներն են վկայում։ Եվ սա կարեւոր փաստ է։ Կարեւոր եւս մի իրողություն՝ «Ոսկե ծիրանը» երկրագնդի տարբեր անկյուններում ստեղծագործող հայազգի կինոգործիչներին երեւանյան փառատոնին հրավիրելով է նաեւ երկրի հոգեւոր սահմանները մեծացնում։ Այս հինգ տարվա ընթացքում թե ի՜նչ խոշոր արվեստագետների է (անունների ցանկը էջերի պահանջ է դնում) հյուրընկալել «Ոսկե ծիրան» փառատոնը, հայտնի է շատերին։ Բայց քչերը գիտեն, որ այդ մարդիկ իրենց հայրենիք վերադառնալով, փառատոնային օրերից ստացած տպավորությունները ոչ թե մի քանի տողով, այլ գեղարվեստական երկի համարժեք տեքստերով են արտահայտել։ Օրերից մի օր այդ ամենն ի մի կբերվի եւ վստահաբար առանձին հատորի նյութ կդառնա, որովհետեւ դրանք սոսկ շնորհակալական խոսքեր չեն, այլ օտար ու անծանոթ մի եզերքի հայտնության, այստեղ պարփակված նշանների հայտնաբերման զարմանքից եւ անանուն զգացումների խտացումից ծնված հետաքրքիր դիտարկումներ։ Հայաստանի, այս երկրի մարդկանց, նրանց ստեղծած մշակութային հին, երբեմն էլ՝ նոր արժեքների հանդեպ ունեցած զգացողությունները գրավոր խոսքով արտահայտված մեծ ու փոքր պատումներ են դրանք, բարձրարվեստ ու բացառիկ արժեքներ, որոնց հիմքով գեղարվեստական նոր գործեր են ստեղծվել ու դեռ ստեղծվելու են։

Այս ամենով հանդերձ՝

Ինչո՞ւ է աշխարհի ամենաերիտասարդ փառատոնը, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում միջազգային լուրջ հաջողություններ ունենալով նաեւ երկրի հեղինակությունն է բարձրացրել, քամահրական նման վերաբերմունքի արժանանում։ Բոլորս էլ գիտենք, թե հատկապես ով տեղ չի ունենում իր հայրենիքում։ Հայերս՝ հատկապես։ Մենք՝ մեր գոյության երկար ճանապարհին բազմիցս ու բազում օրինակներով ենք հաստատել հին այդ ճշմարտությունը։ Բայց մի՞թե չի կարելի սրբագրել ժամանակի մեջ դրսեւորած արատավոր այդ կանոնավարքը եւ նորը որդեգրել։

Հարցեր, հարցեր, որոնց պատասխանը խոսքով չէ՝ գործով պետք է տրվի։ Թե չէ որքա՞ն կարելի է խոսել ու դրանով սահմանափակվել։ Տարօրինակ բաներ մեր երկրում շատ են կատարվում։ Տարօրինակ ու ցավալի, որոնց հնչողություն տալն անգամ ոչինչ չի փոխում։ Այդ պատճառով է նաեւ, որ մեր իրականության ճեղքվածքները գնալով ոչ թե նվազում, այլ ավելի են խորանում։ Արդեն մի քանի ամիս է, ինչ տարօրինակ ու անորոշ մի իրավիճակում են գտնվում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները։ Անհիմն քաշքշուկներ, անհեթեթ պատճառաբանություններ ու առաջարկներ։ Արդյունքը՝ անորոշություն… Այսինքն, այս ենթատեքստում տարօրինակ կամ անորոշ բառերն էլ մեղմ են հնչում, եթե նկատի ունենանք, որ երկրի մշակութային կյանքի կարեւոր իրադարձություն հանդիսացող, երկրի ապագային միտված մշակութային լուրջ քաղաքականություն վարող, կինոարվեստի զարգացման ուղիներ նախանշող գործն անհասկանալի պատճառներով կարող է այսպես, մեկեն խափանվել կամ նախատեսված բոլոր գործերը չիրականացնել։ Սեփական տանիք չունենալու պարագայում, հայտնի բան է, արդյունավետության անհրաժեշտ մակարդակ պահելը դժվար է։ Բարդ կացություն է, մանավանդ որ, ոչ միայն հաջորդ փառատոնի նախապատրաստական, այլեւ բանակցային փուլին հաջորդած մի շարք ծրագրեր իրականացման փուլում են գտնվում։

«Ոսկե ծիրանը անիվների վրա» փառատոնի երթն, օրինակ, արդեն սկսվել է Գյումրիից ու շարունակվելու է Վանաձորում, Շուշիում եւ Ջավախքում։

Մեր տարածաշրջանում բարձրագույն կինոդասընթացների ծրագրի հիմք հանդիսացան, փառատոնին անմիջապես հաջորդած օրերին՝ Ատոմ Էգոյանի անցկացրած կինովարպետության դասերը, որոնց մասնակցում էր հայ եւ օտարազգի ավելի քան 30 երիտասարդ կինոբեմադրիչ։ Սա մի ծրագիր է, որը ենթադրում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ կինոդասընթացներ կազմակերպել՝ եռամյա կինոդպրոց ստեղծելու հեռանկարով։ Նախնական պայմանավորվածության համաձայն, գալիք ամսվա կինոդասընթացները վարելու համար Երեւան է ժամանելու իրանցի մեծանուն կինոռեժիսոր Աբաս Քիառուսթամին, որին հաջորդելու է մեկ ուրիշ նշանավոր կինոգործիչ՝ հոլանդացի Յոս Սթելինգը։ Այս ամենի հետ «Հայկական կինո 1924-2008» կատալոգը նորոգ էջերով լույս ընծայելու, կինոհանրագիտարանի, «Ոսկե ծիրան» պարբերաթերթի հրատարակման եւ համանուն վերտառությամբ հեռուստատեսային հաղորդաշար ստեղծելու եւ մի շարք այլ սկսված գործեր կան։ Այս ամենի շարունակականությունը պահե՞լ, թե՞ կասեցնել է պետք։ Ասենք թե՝ կասեցվեցին։ Ո՞վ է շահելու դրանից…