Մազաթափություն

10/10/2008 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Ժամանակակից իրականության մեջ մազաթափությունը մեծ խնդիր է համարվում: Իհարկե, չարժե շատ անհանգստանալ, որովհետեւ հիմնականում այդ խնդիրները լուծելի են: Ժամանակավոր ալոպեցիան մազաթափությունն է` առաջացած մազային ֆոլիկուլների վրա արտաքին կամ ներքին ինչ-որ ազդեցությունների պատճառներով: Ժամանակավոր մազաթափությունն առաջանում է սթրեսներից, օրգանիզմում հորմոնալ կամ սեզոնային փոփոխություններից ու այլ ներքին հիվանդությունների հետեւանք կարող է հանդիսանալ: Հիմնական պատճառը հայտնաբերելուց հետո դադարում է մազաթափությունը եւ աճը շատ հանգիստ կարող է վերականգնվել:

Ավելի հաճախ մազաթափության պատճառ են հանդիսանում ֆիզիկական կամ էմոցիոնալ սթրեսները: Այն կարող է առաջանալ ավելորդ քաշից կտրուկ ազատվելուց, վիրաբուժական միջամտությունից ու հոգեկան դեպրեսիվ վիճակից հետո: Մազաթափությունը կարող է սկսվել սթրեսային վիճակներ ապրելուց 2 ամիս հետո, այդ պատճառով, երբեմն մարդիկ դժվարանում են դրանք իրար կապել: Նոր սկսվող մազաթափություն կարող է լինել հղիների կամ հղիությունն ընդհատողների ու նաեւ հաբի ձեւով հակաբեղմնավորիչներ օգտագործողների մոտ: Ժամանակավոր մազաթափության ժամանակ մազային ֆոլիկուլների ատրոֆիա չի առաջանում, այդ պատճառով բուժումը ժամանակին սկսելու դեպքում` մազերը նորից սկսում են աճել: Իսկ եթե լրացուցիչ խնամենք, ապա դրանք ավելի առողջ ու ամուր կլինեն, քան առաջ: Երբեմն հանկարծակի մազաթափություն կարող է առաջանալ քիմիական նյութերի ազդեցության եւ ճառագայթման պատճառով: Նման մազաթափություն կարող է նկատվել 1-3 շաբաթվա ընթացքում: Չարորակ ուռուցքների ժամանակ անցկացվող քիմիաթերապիայից կարող է թափվել մազերի 90 տոկոսը, ընդհուպ՝ մինչեւ ամբողջը: Իհարկե, հիմնականում այս դեպքում մազերը վերականգնվում են:

Էսթետիկական բժշկության մեջ լուրջ խնդիր է համարվում ախտաբանական մազաթափությունն ու ալոպեցիան: Մարդու մազերն աճում ու թափվում են նրա ամբողջ կյանքի ընթացքում: Մազի նորմալ աճին համապատասխան` մարդն ամեն օր կարող է կորցնել 50-150 մազ, որն անընդհատ ժամանակի ընթացքում վերականգնվում է: Սակայն ախտաբանական մազաթափության ժամանակ ինքնավերականգնում տեղի չի ունենում: Մազերը կարող են թափվել ամբողջությամբ կամ մասամբ: Պետք չէ ենթադրել, որ այն հիվանդություն է, որով բացառապես տառապում են տղամարդիկ: Թեեւ վիճակագրությունը փաստում է, որ ուժեղ սեռի մոտ 30 տարեկանում մազերը կորցնում են յուրաքանչյուր երրորդը, 50 տարեկանում` յուրաքանչյուր երկրորդը, իսկ 80 տարեկանում` 80 տոկոսը, այնուամենայնիվ, կանայք եւս լավ ծանոթ են մազաթափությանը:

Մազաթափության գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել սնունդը, որը կարող է հարուստ չլինել այն վիտամինների անհրաժեշտ քանակությամբ, ինչը հարկավոր է մազերի աճին: Մազային ֆոլիկուլները չեն սնուցվում ու ժամանակից շուտ մահանում են: Վիտամինների (C, B5, B6, PP) ու այնպիսի միկրոէլեմենտների, ինչպիսիք են` երկաթը, ցինկը, ֆոսֆորն ու կալցիումը, պակասը շատ բացասաբար են ազդում մազարմատների վրա: Իսկ սնուցող նյութերի պակասն օրգանիզմում կարող է լինել ծխելու, տարբեր դեղամիջոցներ ընդունելու պատճառով: Ինչպես նշվեց, մազաթափությունը կարող է առաջանալ սթրեսից, քանի որ մազերի աճը սերտորեն կապված է հորմոնալ վիճակի հետ, որն էլ իր հերթին՝ կախված է էմոցիոնալ վիճակից:

Առատ թեփի առկայությունը եւս կարող է հանգեցնել մազաթափության, քանի որ թեփը խցանում է առաջացնում մաշկի ծակոտիներում:

Ի տարբերություն տղամարդկանց, որոնց մազերը կարող են թափվել ավելի շատ գենետիկական պատճառներով, կանանց մոտ, որպես կանոն, մազաթափությունը կապված է հորմոնալ, սեզոնային փոփոխությունների հետ, եւ մազերը սկսում են թափվել ամբողջ գլխից, եւ ոչ թե տղամարդկանց նման՝ միայն ճակատից: Կանացի հորմոնը` էստրոգենը, ավելի երկարացնում է մազի «կյանքի ցիկլը», իսկ տղամարդկանց հորմոնը` անդրոգենը, ընդհակառակը, կարճացնում է այն: Կանանց օրգանիզմում երկու հորմոններն էլ կան, բայց էստրոգեններն անհամեմատ շատ են: Կանանց մենոպաուզայի շրջանում էստրոգենների մակարդակն իջնում է, իսկ այս դեպքում անդրոգենների ազդեցությունը զգալի է դառնում, հետեւաբար՝ մազի «կյանքի տեւողությունը» կարճանում է, եւ սկսվում է մազաթափություն: Հղիության ժամանակ էստրոգեն հորմոնը խթանում է մազարմատի բջջային բազմացումը: Սրա շնորհիվ մազի կյանքի տեւողությունը երկարում է: Արդյունքում՝ մազերի քանակը հղիության վերջին 3 ամիսների ժամանակ շատանում է: Ծննդաբերությունից հետո օրգանիզմում էստրոգենների քանակը կտրուկ կրճատվում է, ինչը բացասաբար է անդրադառնում մազերի աճի վրա:

Մազաթափությունը կարող է առաջանալ բարձր կամ ցածր ջերմաստիճանների տատանումից, այդ պատճառով խորհուրդ է տրվում թե՛ շոգին, թե՛ ցրտին համապատասխան գլխարկներ կրել:

Մազաթափության զարգացմանը նպաստող պայմանների թվին պետք է դասել նաեւ շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը, ընդհանուր անզգայացմամբ վիրահատությունները, գլխամաշկի ինֆեկցիոն հիվանդությունները եւ այլն:

Մազը միջինում ապրում է 5-7 տարի, իսկ այդ ժամանակն անցնում է մի քանի էտապներով: Առաջին էտապը դեռ չամրացած վիճակն է` աղվամազը: Հաջորդ էտապում այն աճում է ակտիվ կերպով, հետո այն պատրաստվում է թափվելու, իսկ 2-3 ամսվա ընթացքում այն ընկնում է: Համապատասխանաբար, եթե ձեր մազերը սկսել են թափվել, պատճառը փնտրեք 2-3 ամիս առաջ:

Ինչպե՞ս պայքարել մազաթափության դեմ

Ցանկացած բուժման ժամանակ ամենատարածված սխալն այն է, որ ցանկանում ենք ազատվել ախտանշաններից եւ ոչ թե` հիվանդության պատճառներից: Եթե գլխի մաշկի հիվանդություն ունեք, որքան էլ սնուցող դիմակներ օգտագործեք, միեւնույն է, մազաթափությունը չի դադարի, քանի դեռ դուք չեք բուժել հիվանդությունը: Անգամ ձմռանը կրած ծանր գլխարկը կարող է մազաթափության պատճառ դառնալ: Մազաթափության պատճառները հայտնաբերելուց հետո կարելի է եւ պետք է փորձել վերականգնել մազերի աճը:

Շատ լավ միջոց է գլխի մաշկի մերսումը: Մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը: Արյան միջոցով մազարմատը սնուցվում է տարբեր վիտամիններով հարուստ նյութերով: Գլուխը լվանալու ժամանակ կարելի է նուրբ տրորել մազարմատները: Ամեն երեկո, քնելուց առաջ, մի քանի րոպե սանրեք ձեր մազերը հատուկ մերսող խոզանակով:

Բոլորին հայտնի է, որ գերչակի յուղը մազերը սնուցող նշանակություն ունի: Մատների ծայրերով այն շատ լավ քսել մազարմատներին, ապա գլուխը փաթաթել պոլիէթիլենի շերտով, իսկ արդյունքն ավելի լավ լինելու համար կարելի է պոլիէթիլենի վրա կապել նաեւ սրբիչ: Շաբաթվա մեջ մեկ անգամ էլ կարելի է դիմակներ դնել կաթնաթթվային մթերքներով, քանի որ դրանք վիտամին B են պարունակում, որը շատ անհրաժեշտ է մազերին:

Ժամանակակից կոսմետոլոգիական արտադրողները առաջարկում են մազաթափությունը կանխող շամպունների ու քսուքների լայն ընտրանի:

Երբեք չի կարելի մազերը սանրել թաց վիճակում: Եվ աշխատեք քիչ օգտվել մազահարդարումից, արհեստական գանգրացումից ու քիմիական տարբեր նյութերից: Եթե ձեզ մոտ զգացվում է մազաթափություն, քիչ կարեւոր դեր չունի նաեւ սնվելը: Պետք է սնվել վիտամիններով հարուստ սնունդով: Նման միջոցները կարելի է ձեռնարկել այն ժամանակ, երբ մազաթափությունը ժամանակավոր բնույթի է, իսկ ախտաբանական մազաթափության ժամանակ անհապաղ պետք է դիմել բժշկի, որպեսզի տարբեր անալիզների միջոցով հայտնաբերեն պատճառները: Իսկ ավելի ծանր դեպքերում, երբ մազաթափությունն ընդհանրապես տանում է ճաղատության, կարելի է օգտվել այն կլինիկաների ծառայությունից, որտեղ կատարվում է մազերի փոխպատվաստում:

Իսկ այն ժամանակներում, երբ այսքան միջոցներ ընդհանրապես գոյություն չունեին, մեր տատիկներն օգտվել են շատ պարզ ու հասարակ միջոցներից.

Չոր մազերի դեպքում անհրաժեշտ է 25 գ մանկական օճառ, 100գ ջուր եւ մեկ ձվի դեղնուց: Բարակ քերած օճառը լուծել եռման ջրի մեջ: Ստացվածը քամել թանզիֆի միջոցով ու սառեցնել: Հետո եղած ժելատինի նման լուծույթը խառնել գոլ ջրի մեջ ու փրփուրի աստիճանի հասցնելուց հետո ավելացնել ձվի դեղնուցը: Ապա այս խառնուրդով լվանալ գլուխը:

Իսկ յուղոտ մազերի համար անում ենք նույնը, ավելացնելով 25 գ սպիրտ: Մազարմատների ամրացման համար օգտակար է հետեւյալ բաղադրությամբ քսուքը: Բաժակի մեջ լցնել 5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, մի քիչ տաքացնել ու ավելացնել կես կիտրոնի հյութ: Ցանկալի է ամսվա մեջ 4-5 անգամ այս խառնուրդը քսել մազերին, իսկ մազերը պետք է լվացված չլինեն: Այս քսուքով գլուխը փաթաթած պետք է քնել, իսկ լվանալ միայն առավոտյան, սովորականի նման:

Յուղոտ մազերի համար շատ լավ միջոց է կաղամբի ու վարունգի հյութը: