Մինասի որմնանկարը տեղափոխվել է Ջաջուռ

10/10/2008

Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը Գյումրու նախկին Էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանից տեղափոխվել է Ջաջուռ՝ նկարչի տուն-թանգարան: Որմնանկարի վերականգնման աշխատանքներն իրականացրել են իտալացի մասնագետները: Նրանց արհեստավարժության շնորհիվ որմնանկարը հնարավորինս անվնաս է հանվել երկրաշարժի հետեւանքով վթարային դարձած կառույցի պատից: Ըստ «Արմենպրեսի»՝ Հայաստան ժամանած իտալացի ռեստավրատորները նախապես ծրագրել էին որմնանկարը հիմքից անջատել` այն բաժանելով մասերի, սակայն աշխատանքի ընթացքում վերջիններիս հաջողվել է հատուկ սոսնձանյութի շնորհիվ որմնանկարը դարձնել փափուկ կտավ, հիմքից ամբողջական անջատել եւ տեղափոխել Ջաջուռ: Ջաջուռում որմնանկարը գետնից որոշակի բարձրության վրա մնալու է մինչեւ չորանալը, որից հետո իտալացի մասնագետներն այն կտեղափոխեն նոր՝ ցրտից եւ շոգից երկար ժամանակ պաշտպանող հիմքի վրա, որը եւս բերվել է Իտալիայից: Ավելացնենք, որ ռեստավրատորները կրկին Հայաստան կժամանեն հաջորդ ամիս՝ աշխատանքներն ավարտելու համար, որից հետո արդեն հայ մասնագետները կսկսեն աշխատանքի գունային վերականգնման գործընթացը: