Մշակույթի նախարար, բանաստեղծ Հովիկ Հովեյանի պաշտոնավարման ընթացքում
մշակութային որոշ օջախներ Հովեյանների գերդաստանի համար գայթակղության
թիրախ են դարձել: Էջմիածնի քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Հ.
Հովեյանի եղբոր միջամտությամբ գաղտնի կերպով վաճառվեց Գավառագիտական
թանգարանի շենքը: Էջմիածնի գրադարաններից մեկը վերանվանվեց Հ. Հովեյանի
հոր անունով: Մշակույթի նախարար Հ. Հովեյանի որդուն էլ հրապուրել է ավելի
յուղոտ պատառ: Մեր տվյալներով` վերջինս ցանկություն է հայտնել յուրացնել
Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի սրճարանը: Այս լուրը ճշտելու համար
դիմեցինք Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանին: Վերջինիս
մոտ զայրույթ առաջացրեց մեր հարցադրումը: Պրն Դավթյանն ասաց, որ
լրագրողներն իրեն այս տասը օրվա մեջ անընդհատ նույն հարցը տալիս են, ապա
հավելեց, թե նման առաջարկ արել են նաեւ շատ բարձր պաշտոնյաներ, իսկ ինչո՞ւ
այդ ժամանակ լրագրողները չէին հետաքրքրվում: Նրա հավաստմամբ՝ անգամ
չինովնիկներն առաջարկել են ձմեռային դահլիճը գնել, բայց այդ փաստը
լրագրողների մոտ, չգիտես ինչու, հետաքրքրություն չի առաջացրել, իսկ եթե
Հովեյանի անունն է շրջանառվում՝ լրագրողներն անմիջապես աղմուկ են
բարձրացնում: «Առաջարկություններ շատ են լինում, բայց դա բոլորովին չի
նշանակում, թե համաձայնություն կա: Հետո՞ ինչ, որ ցանկություն են հայտնում
սրճարանը գնել, դա նշանակում է, որ գնե՞լ են: Առաջարկ եղել է, բայց մենք
մերժել ենք: Ես չեմ հասկանում, թե ինչու են լրագրողները խառնվել իրար,
դուք ի՛նչ է, սենսացիա՞ եք ման գալիս»: Ստեփան Դավթյանը ոչ այն է՝ հերքեց,
ոչ այն է՝ հաստատեց Հովեյանի հերթական համեղ պատառի ձեռքբերման լուրը: Իսկ
թե ինչու մեր հարցը այդպես զայրացրեց Ստեփան Դավթյանին, եւ ինչու է նա
այդպես ոգեւորությամբ կուրծք ծեծելով պաշտպանում Հովեյանին, հասկանալի չէ:
Միայն ընթերցողին հիշեցնենք, որ թատրոնների (այդ թվում՝ Սունդուկյանի
անվան) տնօրեններին նշանակում է մշակույթի նախարարը: