Իմ փոքրիկ նվերը Երեւանին

10/10/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Նկարիչ, դիզայներ Արեւիկ Պետրոսյանը հետաքրքիր ու էքսցենտրիկ մարդ է: Նրա մշտական կենսուրախությունը մարդկանց ստիպում է վերանայել կյանքի յուրաքանչյուր օրն ու յուրաքանչյուր լուսաբացը դիմավորել սիրո, խաղաղության զգացումներով: Ընդհանրապես նա ամեն ինչ անում է ժպիտով. մեր քաղաքում կատարվող զավեշտական ու հիասթափեցնող պատմությունները ներկայացնում է ժպիտով: Նույն ժպիտով էլ բարեգործություններ է անում եւ ժամանակ առ ժամանակ իր նկարների վաճառքից ստացված հասույթը նվիրում է անպաշտպան երեխաներին: Իր ներաշխարհը վերարտադրելու համար նա ընտրել է ոչ թե կտավն, այլ օրգանական ապակին: Կտավի վրա վրձնով երեւակայությունն արտացոլելու փոխարեն՝ նա աշխատում է երկխոսել թափանցիկ նյութի հետ, որի շերտերը քննելիս կարելի է անընդհատ խորություն ու նոր մտքեր գտնել: Թափանցիկի գաղափարը բազմաշերտ ու գունավոր է. այն սպեցիֆիկ իրականություն է, որը տեսնելու ու ներկայացնելու համար պետք է նախ ունենալ փնտրելու, տեսնելու սուր զգացողություն: Հոկտեմբերի 10-ին Նկարիչների միությունում կկայանա Արեւիկ Պետրոսյանի անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Դարերից եկած, դարեր գնացող համայն հայության դու ոսկե քաղաք` իմ Երեւան» ծավալուն խորագիրը: Երիտասարդ նկարչուհին այս կերպ Երեւանի 2790-ամյակի կապակցությամբ մեր քաղաքին ու երեւանցիներին մատուցում է իր նվերը:

– 14 տարի իմ աշխատանքային ոլորտը եղել է հեռուստատեսությունը, որտեղ տաղավարների դիզայնն եմ ապահովել: Հեռուստատեսության ոլորտում կար լույս, խորություն եւ կարելի է ասել` տեսականորեն միանգամայն այլ պատկերացում: Այդ ընթացքում ճանապարհ էի փնտրում գեղանկարչական պատկերացումներս եւ այն թափանցիկությունը, որը կուզենայի նկարների մեջ տեսնել, արտահայտելու համար: Ու անընդհատ անդրադառնում էի ջրի, հեղուկի թեմային: Սկսեցի ապակու վրա տեխնիկա մշակել, որպեսզի դա վիտրաժ չլինի, նկարչություն լինի ու, որը կլիներ թափանցիկ: Երկար տառապեցի, որովհետեւ ապակու մակերեսը, կոտրվող լինելու հանգամանքն ու ծանրությունն ինձ շատ էին նեղում: Կային աշխատանքներ, որոնք շատ դժվարությամբ ավարտում էի, առավոտյան, հոգնած վիճակում կանգնում էի, որ նայեմ, թե ինչ եմ նկարել, եւ մի սխալ շարժման պատճառով աչքիս առաջ այդ գործը դառնում էր ապակու կտորներ: Դա, իհարկե, շատ մեծ սթրես էր: Այդպես ես գտա մի նյութ, որն ապակու նման թափանցիկ է, բայց չի կոտրվում` օրգանական ապակին: Այնուհետեւ մշակեցի ոսկու առկայությունը թափանցիկի մակերեսին: Այսօր կարողանում եմ նկարչության մեջ որպես նյութ օգտագործել բնական ոսկին, արծաթը, տեսնել այն փայլը, որը կուզենայի տեսնել: Աշխատում եմ նոր ոճով: Հայաստանում դա ինձ չեն սովորեցրել: Աշխարհի տարբեր երկրներում պտտվելիս աշխատում եմ լինել տարբեր գալերեաներում, բայց դեռ նման ոճի գործեր չեմ հանդիպել: Այս ոճի նկարչությամբ 2005-ին հանդիսատեսին ներկայացա «Ծաղիկներս նահատակաց» անհատական ցուցահանդես-ակցիայով եւ այս 3 տարիների ընթացքում կարծում եմ առաջընթաց ապրեցի:

– Սովորաբար արվեստագետներն իրենց տեսիլքները երեւակայական դաշտից տեղափոխում են կտավի վրա: Ապակու ետեւում կարելի է տեսնել իրականությունը. չե՞ս կարծում, որ առանց երեւակայության՝ իրականությունը սովորական է, ու սովորականն էլ մի քիչ դատարկություն է:

– Թափանցիկությունը, որն արտացոլվում է իմ նկարների մեջ, հնարավորություն է տալիս տեսնել նկարը, նկարի մեջ տեսնել աշխարհի արտացոլումը: Ոսկին եւ արծաթն ունեն արտացոլման ներուժ: Մի նկար ունեի` «Եվ նորից կբացվի առավոտը», որը շատ, շատ էր դուրս գալիս պարզության պատճառով. նկարի վրա ամբողջը ոսկի եւ արծաթ էր, հեռվից տեսանելի էր միայն փայլ, մոտենում ես ու մի քանի վայրկյանից տեսնում ես ինքդ քեզ: Այսինքն` ինչպես հայելին է. կենտրոնանում ես քո ուրվագծի վրա, իսկ ներքեւում կարդում ես` «Եվ նորից կբացվի առավոտը»: Այսինքն` կյանքը դեռ շարունակվում է:

– Ապակու վրա աշխատելը քեզ համար ավելի՞ հետաքրքիր է:

– Այո՛, ապակին առավելություն ունի, բայց վաղը կարող է խոսեմ ուրիշ բաների մասին: Կտավի վրա ստեղծում ես քո պատկերացումը, հեռանկարն ու խորությունը, դրանից հետո մատուցում, պարտադրում ես մարդկանց տեսնել այն, ինչը դու ես ցանկացել տեսնել կտավի մեջ: Օրգանական ապակին որեւէ բան չի պարտադրում, քանի որ այն, ինչը տեսնում ես` ինքնին տեսնում ես շրջապատի մեջ: Ապակու բաժակը բնության մեջ դնելով՝ կարող ես տեսնել նույն ծառը, խոտը, կենդանին, այսինքն` դա ոչ մի կերպ չի խանգարում: Բնության արտացոլանքը բոլոր դեպքերում պահպանվում է: Ես փորձում եմ աշխատել թափանցիկության մեջ:

– Ապակին չունի՞ հայելու հատկություն: Ի վերջո մեզ շրջապատող մարդուն ապակու ետեւում տեսնելիս մենք մի քիչ էլ մեզ ենք տեսնում:

– Ապակին չունի, բայց ոսկին, արծաթն ունեն: Դրանք ապակու վրա օգտագործելիս հաճախ հայելու տպավորություն լինում է: Ի դեպ, շատ հաճախ նկարը տեսնելուց հետո մոռանում ես նկարն ու կենտրոնանում ես շրջապատի՝ նկարի մեջ արտացոլանքի վրա:

– Քո նկարների մեջ հասարակության արտացոլանքն ինչպիսի՞ն է. ուրա՞խ, տխո՞ւր, թախծո՞տ, կամ բողոքակա՞ն:

– Երեւանի օրվա հետ կապված ցուցահանդեսին մի նկար ունեմ, որի վրա ոչինչ չկա, կա ոսկի եւ արծաթ: Երբ մոտենում ես` չնչին հայելապատում ես տեսնում, այսինքն` կարող ես տեսնել ինքդ քեզ: Նկարի անունն է` «Երեւանը եւ երեւանցիները»: Նկարին մոտեցող մարդիկ կամա թե ակամա սիլուետով տեսնում են իրենք իրենց: Թե ի՞նչ ռեակցիա կլինի՝ չեմ կարող ասել:

– Այդ նկարի մեջ դու քեզ ինչպիսի՞ն ես տեսնում:

– Ես ինձ միշտ երջանիկ եմ տեսնում թե՛ նկարի մեջ, թե՛ ընդհանրապես:

– Ցուցահանդեսից ի՞նչ ակնկալիք ունես:

– Ակնկալիք չունեմ ու չգիտեմ, թե մարդկանց իմ ցուցահանդեսն ինչ կտա: Ես ապրում եմ մի գեղեցիկ քաղաքում, որը շատ սիրում եմ եւ չէի կարող լուռ անցկացնել Երեւանի ծնունդը, պիտի ինչ-որ կերպ շնորհավորեի: Ես դա անում եմ այնպես, ինչպես ես եմ կարող: Ես կարողանում եմ նկարել եւ իմ ցուցահանդեսը որպես նվեր մատուցել Երեւանին: Ունեմ համախոհներ, ովքեր նվիրյալներ են ու ինձ հետ են: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել ինձ աջակցողներին եւ այն մարդկանց ովքեր մշտապես իմ կողքին են: Միայն կարող եմ ասել, որ այս ցուցահանդեսի վրա մեծ սեր եմ դրել, երբեւէ ջղայնացած չեմ նկարել, բոլոր իմ նկարները շատ եմ սիրում, եւ այս ցուցահանդեսն ուրախության համար է: Նկարների մեջ չեմ տեսնում թախիծ կամ ծփացող երջանկություն: Էականն այն է, որ ցուցահանդեսն արվել է սիրով ու հատուկ Երեւանիս համար: Ես ծնվել եմ այս քաղաքում, սիրում եմ Երեւանն ու քաղաքի ամեն մի քարը: Փորձում եմ քաղաքի հանդեպ իմ ունեցած սերը փոխանցել նաեւ երեխայիս: Այս ցուցահանդեսը մի քանի խորհուրդ ունի: Նախ այն տարածությանը, որը քո քաղաքն է, որտեղ ապրում ու ստեղծագործում ես` պիտի վերաբերվես քո տան պես: Պիտի քո հանրապետությանը վերաբերվես ինչպես քո տանը: Տեսակով ես ինչ-որ բանի դեմ պայքարող չեմ, այլ մարդ եմ, որը փորձում է կողմ լինել: Կողմ գեղեցկությանը, սիրուն, իսկ արվեստով կարելի է շատ բան փոխել: Այնպես չէ, որ արվեստագետ ենք, լուռ ենք: Բացի այդ, հույս ունեմ, որ կլինեն երիտասարդներ, ովքեր ոգեշնչվելով կփորձեն իրենք էլ արժանին մատուցել Երեւանին իրենց արվեստով: Խնդիրս այն է, որ Երեւանը մենք շատ սիրում ենք, բայց բնավ չպիտի մոռանանք, որ Երեւանը մայրաքաղաքն է Հայաստանի Հանրապետության: Մենք պիտի կարողանանք գեղեցկացնել մեր շրջանները եւ ուշադրության կենտրոնում պահել քաղաքներն ու գյուղերը: Ցուցահանդեսի խորհուրդներից մեկն էլ այն է, որ Երեւանը կամ Հայաստանը միայն մերը չէ, այլ նաեւ աշխարհում սփռված սփյուռքահայերինն է, ովքեր մշտապես ապրում են Հայաստանի կարոտախտով: Չլիներ այս պետությունը, այս քաղաքը, իրենք չէին ունենա հպարտանալու այն կարեւոր ոսպնյակը, որը հիմք է հանդիսանում շարունակելու երեխաներին դաստիարակել հայալեզու մշակույթով: Այնպես որ, Հայաստանը, Երեւանը նաեւ աշխարհում սփռված հայությանն է պատկանում:

– Սովորաբար արվեստագետներն ընդվզող, ըմբոստ են լինում: Մեր իրականության մեջ ինչի՞ն ես կողմ:

– Օրինակ` Երեւանի մշակութային կյանքը բավականին բարձր եմ գնահատում: Չկա օր, որ ցուցահանդեսներ չբացվեն, համերգներ չլինեն, ներկայացումներ չբեմադրվեն: Ինքս դրախտում չեմ ապրում, եւ բողոքելու շատ բան կա, բայց պետք է կարողանալ տեսնել ու գնահատել զարգացումները: Պետք է մեզնից յուրաքանչյուրը փորձի իր գործն ավելի լավ կատարել, որպեսզի շահենք բոլորս: