Պրոդյուսեր, կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանը Մոսկվայում իր անկախ կինոընկերությունն ունի ու շատ լավ գիտակցում է, որ կինոն առաջին հերթին բիզնես է, իսկ ամենամնայուն ու ցայտուն արվեստի տեսակն օպերան է, որը, տարբեր արվեստների սինթեզ լինելու հետ մեկտեղ, ցույց է տալիս հասարակության ինքնազգացողությունը: Նա նաեւ օպերային ներկայացումների բեմադրիչ է: Երեւանի Օպերային թատրոնի բեմում նրա բեմադրած «Նորմա» օպերան այժմ դուրս է մնացել թատրոնի խաղացանկից, սակայն որպես ֆիլմ-օպերա (հայ լավագույն մեներգիչների դերակատարմամբ)՝ եզակի հաջող ուղի է անցնում ու ցուցադրվում է տարբեր երկրներում: Օպերային թատրոնների կառուցվածքի ու դերի մասին Բորիս Հայրապետյանը կարող է շատ երկար խոսել, քանի որ իրապես օպերային արվեստի մեծ գիտակ է: Ըստ նրա` Հայաստանի Օպերային թատրոնի այսօրվա վիճակի մասին արդեն ուշ է աղաղակել, արդեն հարկավոր է կտրուկ քայլերի դիմել:
– Ես միշտ փորձել եմ լավատեսորեն գնահատել մեր Օպերային թատրոնի վիճակը: Բայց հիմա համոզվում եմ, որ սկսվել է անդառնալի անկումի մի շրջան: Ընդհանրապես ազգային օպերային թատրոնները միշտ եղել են ազգի մշակույթի խտացված կենտրոնները, որոնք ցույց են տվել, թե ինչպես է տվյալ ազգն ընկալում իր մշակույթը: Ո՛չ կինոն, ո՛չ գրականությունը չեն կարող հասարակության գիտակցության մեջ այնպիսի դեր խաղալ, ինչպես օպերան: Եթե կինո չկա, դա շատ վատ է, բայց դա ազգի համար ողբերգություն չէ: Աշխարհը հիմա ապրում է գեդոնիզմի շրջան, որտեղ կարեւորվում են զվարճությունները, շոուներն ու հաճույքները: Օպերան բոլորովին այլ դեր ունի, այն հենց այս պահին, հենց այս վայրում է կատարվում, եւ միակ արվեստի ճյուղն է, որը միավորում է երաժշտական, դրամատիկ, նկարչական ու խոսքի կուլտուրային տիրապետող ուժերը: Եվ եթե որեւէ ազգ ազգային օպերային թատրոն ունի, այլ ազգությունները նրան ինքնաբերաբար դասում են ժամանակակից քաղաքակիրթ երկրների շարքին: Դա ես չեմ հնարել, դա վաղուց է հայտնի: Ֆիլմը կամ գիրքը կարող են որոշ ժամանակ ուշ հասնել հանդիսատեսին, դրանք չեն արտահայտում հասարակական զարկերակը այդքան ամբողջական, որքան դա անում է օպերային արվեստը: Իմ առաջին մասնագիտությամբ ես փիլիսոփա եմ, ու շատ լավ գիտեմ, թե որքան մեծ կարող է լինել օպերային կերպարների ազդեցությունը: Եվ ես անտարբեր չեմ կարող լինել Օպերային թատրոնի նկատմամբ` տեսնելով, որ մենք կորցնում ենք մեր ձեռքբերումները:
– Մեր Օպերային թատրոնը չունի լավ մենակատարներ, չունի լավ բեմադրիչներ, չունի փող, հիմա արդեն չունի նաեւ գեղարվեստական ղեկավար: Ինչի՞ վրա կարելի է հիմնվել, եթե Օպերային թատրոնն առանց ավելորդ գլխացավանքի եկամուտ է ստանում միայն դահլիճը տարբեր համերգների անցկացման համար վարձակալության տալով:
– Մենք լավ վոկալ դպրոց ունենք, եւ այն դեռ չի «մահացել», փայլուն երիտասարդ վոկալիստներ ունենք: Վերջերս այստեղ էր հայտնի օպերային իմպրեսարիո Գոնզագոն, ով ուղղակի ապշել էր` լսելով մեր շնորհալի երիտասարդներին: Ունենք նաեւ լավ երաժիշտներ, դիրիժորներն են քիչ, բայց դա լուծելի խնդիր է: Վերջիվերջո, դա չէ կարեւորը, ինչպես կարեւոր չէ փողը, որը երրորդական նշանակություն ունի: Իսկ առաջնայինը գաղափարն է եւ այդ գաղափարը իրագործող մարդիկ: Եթե չկան նման մարդիկ, փողը, նույնիսկ` շատ խոշոր գումարը, փոշիանում է: Շատ լավ է, որ հիմա Օպերային թատրոնում չկա գեղարվեստական ղեկավար, թատրոնի ինտենդենտը պիտի լինի մի մարդ, որը ծանոթ է համաշխարհային օպերային խաղացանկին եւ կարողանում է կարդալով սցենարը` հրավիրել դերասանների, երաժիշտների ու դիրիժորների: Եվ նա պիտի մասնագիտական «հոտառություն» ունենա, որպեսզի հասկանա այսօրվա օպերայի պրոբլեմատիկան: Եվ ոչ ոք իրավունք չի տվել որոշ մարդկանց «կլանին» կամ ընտանիքին՝ սեփականաշնորհել Ազգային թատրոնը, որը մասնավոր սեփականություն լինել չի կարող: Օպերային թատրոնը ազգի «բրենդն» է: Հավատացնում եմ ձեզ, օպերային հսկա «մեքենան» շարժելու համար գումար կգտնվի, միայն պետք է հասկանալ` ո՞ւր է այդ մեքենան շարժվում: Իսկ մեր օպերան հիմա վախճանվել է, տեսեք ո՞ւր ենք հասել, մենք մեր Օպերային թատրոնում միայն հայկական օպերաներ ենք բեմադրում: Իսկ իրեն հարգող յուրաքանչյուր պրոֆեսիոնալ շատ լավ գիտե, որ հայ կոմպոզիտորների գրած օպերաները շատ թույլ են (համեմատելով դրանք, օրինակ, Արամ Խաչատրյանի գրած բալետների որակի հետ): Եվ համաշխարհային խաղացանկի բացակայության պայմաններում, միայն հայկական օպերաներ բեմադրելով (իսկ յուրաքանչյուր օպերային թատրոնի նպատակը հենց դա է, քանի որ Պուչինին, Ռոսինին, Վերդին ու Մոցարտը վաղուց արդեն ոչ թե որեւէ ազգի են պատկանում, այլ` համաշխարհային օպերայի սյուներն են հանդիսանում), մենք իջեցնում ենք ազգային մշակույթի նշաձողը: Չէ՞ որ թույլ օպերաներն իջեցնում են եւ՛ հանդիսատեսի ընկալման մակարդակը, եւ՛ կատարողների վարպետությունը: Միայն հայկական օպերաներ բեմադրելը սիրողական մոտեցում է, որը վկայում է շատ նեղ, «տեղայնացված» մտածելակերպի մասին: Մենք հիմա այնքան ենք «իջեցրել» հանդիսատեսի որակը, որ նա նույնիսկ չի էլ ուզում իմանալ, թե ի՞նչ է կատարվում աշխարհում, ու չի ուզում լայնացնել իր մտահորիզոնը: Պետք էր ժամանակին խոսել դրա մասին, փորձագետներ հրավիրել, վերլուծել ու քննարկել ստեղծված իրավիճակը, քանի որ արդեն երկրորդ սերունդն է մեծանում` առանց օպերային արվեստի: Եվ այդ սերունդը բոլորովին պահանջկոտ չէ, նա տեղյակ չէ կլասիկ, կայացած, տարբեր ֆորմաներ ունեցող բեմադրությունների մասին: Ու չի էլ ուզում իմանալ:
Օպերային թատրոնն ազգային արժեք է, որը շատ հստակ կառուցվածք պիտի ունենա:
– Ինչպիսի՞ կառուցվածք:
– Պետք է ստեղծվեն մի քանի գործակալություններ, որոնք կիմանան` ինչի՞ համար են իրենք պատասխանատու: Այդ սխեման նորույթ չէ, այն վաղուց արդեն կիրառվում է ողջ աշխարհում: Պարզապես պետք է հայկական սխեմա գծել` հաշվի առնելով մեր ազգային յուրահատկությունները: Կա մի դրույթ, որը պիտի պարտադիր լինի. Օպերային թատրոնը պետք է դուրս հանել Մշակույթի նախարարությունից ու պետության բյուջեում հատուկ տողով ամրագրել, որի համաձայն էլ թատրոնը ճկուն հյուրախաղային եւ ֆինանսավորման քաղաքականություն կունենա: Բոլորս էլ գիտենք, թե որքան ժամանակ է պահանջվում նոր օպերային բեմադրություն անելու, երգիչների հետ աշխատանքային գրաֆիկը համաձայնեցնելու համար, այդ գործը կարող է տարիներ տեւել: Եվ եթե որեւէ բան չի ստացվում կամ ուշանում է, օպերային ներկայացումն արդեն իսկ «մահացած» է ծնվում: Որպեսզի դա տեղի չունենա, օպերային թատրոնը պետք է «կարմիր» տողով անցնի կառավարության ծրագրերում ու ավելի ճկուն աշխատի: Բայց հենց ես դա ասում եմ, բոլորը սկսում են իրենց «աթոռների» համար դողալ ու խուսափում են լուրջ հարցերից: Որոշ ղեկավարներ գերադասում են պահպանել այն միֆը, այն պատրանքը, որ Օպերային թատրոնում ամեն բան կարգին է: Եվ այդ ֆոնին թատրոնում ձյուդոյի մրցումներ են անցկացնում, կամ էլ` «պոպսա» է երգում: Իսկ ավելի վերեւում գտնվող ղեկավարները պարզապես տեղյակ չեն այն սարսափելի վիճակի մասին, որը կա թատրոնում: Ես կարծում եմ, որ մենք իսկական ոճրագործություն ենք կատարում ազգի հանդեպ` ոչնչացնելով մեր Օպերային թատրոնը:
– Իսկ Դուք Ձեր դիտարկումների մասին հայտնե՞լ եք ոլորտի պատասխանատուներին:
– Հայտնելու համար ես սկզբում պիտի հետաքրքրություն տեսնեմ: Բայց նման հետաքրքրություն նախագահի խորհրդականից ու Մշակույթի նախարարից չեմ տեսել: Հիմա Հայաստանում մշակույթը ղեկավարում են մարդիկ, որոնք չեն տառապում, չեն ամաչում, որ մշակույթը վերանում է: Շատերը միայն մտահոգված են, թե որքան երկար կմնան իրենց պաշտոններում, եւ ամեն ինչը հիմնվում է բարեկամական կապերի, կուլուարային խոսակցությունների վրա: Ասե՛ք խնդրեմ, վերջին տարիների ընթացքում դուք լսե՞լ եք, որ Հայաստանի առաջին դեմքերը մտահոգություն հայտնեն Օպերային թատրոնի մասին: Կամ էլ մտահոգվեն` իսկ ի՞նչ կլինի Սիմֆոնիկ նվագախմբի հետ, եթե հանկարծ Լուիզ-Սիմոն Մանուկյանը դադարի այն ֆինանսավորել: Բոլորը շատ լավ հասկանում են, որ իրենց տունը պիտի տանիք ունենա, եւ եթե անձրեւ է գալու, ապա լավ կառուցված տանիքը կպաշտպանի իրենց: Համոզված եմ, որ նույն կերպ մարդը պիտի մտածի օպերայի մասին, թույլ չտա, որ այն փլվի կամ դադարի զարգանալ: Յուրաքանչյուր օպերային թատրոնի կայունությունը նրա զարգացման մեջ է, նույն պատկերն է նաեւ բանկային համակարգում: Ո՞ւմ է պետք այն բանկը, որը զարգանալ չի կարող: Չես զարգանում` մահանում ես:
– Կարծում եմ, որ ոչ միայն օպերային արվեստում, այլեւ` արվեստի շատ ճյուղերում է նույն պատկերը:
– Հիմա Հայաստանում ամբողջ մշակութային դաշտի որակը շատ ցածր է, ընկել է նաեւ հանդիսատեսի ընկալման մակարդակը: Ավելին, հիմա հանդիսատեսին այնքան են ապակողմնորոշել, որ նա` ինչ էլ որ տեսնում է, պատրաստ է ծափերով ընդունել: Կարծում եմ, որ մշակույթի համար պատասխանատու մարդիկ անկեղծորեն չեն էլ պատկերացնում, թե ինչպիսի տխուր վիճակում ենք մենք: Բոլորին անընդհատ ապացուցում ենք, որ 1700 տարի առաջ ենք քրիստոնեություն ընդունել, որ մեր թատրոնը 2000 տարվա պատմություն ունի, բայց այդ բոլորը միայն միֆեր են: Իրականում մենք այսօրվա Հայաստանում չունենք ո՛չ ժամանակակից թատերական մտածողություն (իսկ դրանում համոզվելու համար հերիք է գոնե ձայներիզներով դիտել այն բեմադրությունները, որոնք համարվում են լավագույն ժամանակակից ներկայացումները), իրականում ոչ էլ քրիստոնյա արժեքների կրող ենք:
– Չե՞ք կարծում, որ հենց բարձրաստիճան ղեկավարներին է ձեռնտու, որ հասարակությունը քիչ կրթված ու ոչ պահանջկոտ լինի:
– Իհարկե, «մութ» ժողովրդին ղեկավարելն ավելի հեշտ է, բայց ես չեմ ուզում այդպես մտածել: Թեեւ նման տպավորություն կար, երբ նախագահում էր Ռոբերտ Քոչարյանը: Նա, օրինակ, օպերայի պրեմիերա դիտելու չէր գնում, բայց գնում էր փոփ-համերգ լսելու: Սակայն կարծում եմ, որ հիմա իրավիճակն այլ է: Հավատացնում եմ ձեզ, ես շատ լավ գիտեմ, թե ով` ինչի՞ է ընդունակ: Եվ ոչ մի դեպքում հակված չեմ մեղադրել թատրոնի ղեկավարությանը: Նաեւ Օպերային թատրոնում որեւէ պաշտոն ունենալու հավակնություն չունեմ, այստեղ ես աշխատելու չեմ գա, քանի որ Մոսկվայում է իմ գործն ու տունը, եւ Մոսկվայում ես այնքան գումար եմ վաստակում, որքան այստեղ ինձ ոչ ոք առաջարկել չի կարող: Բայց ես պատրաստ եմ ամեն կերպ օգտակար լինել մեր թատրոնին, քանի որ համարում եմ ինձ օպերային արվեստի գիտակ: Եթե նույնիսկ ես մոլորության մեջ եմ, թող ինձ հետ վիճեն: Թեեւ բանավիճելու ժամանակ արդեն չկա, բանավիճող մարդիկ էլ չկան, շատերը կամ հեռանում եմ, կամ էլ արհամարհվում են: Հիասթափված հեռանում են մեր «ձայները»: Երիտասարդ Ալեքսանդր Թամազյանն, օրինակ, արդեն Էկվադորում է երգում: Հիմա արդեն եկել է պահը, երբ իրավիճակը կարելի է շտկել միայն վիրաբուժական ճանապարհով: Դրա համար կամք ու ցանկություն է հարկավոր: Էլի եմ կրկնում, Օպերային թատրոնը հանրապետության ու անձնապես տվյալ երկրի նախագահի իմիջն է: