Պատկերապատում. ակտուալ ու գերակա արվեստ

10/10/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Երբ պետությունը կամ մասնավոր ձեռներեցն ուժերի եւ գումարների ներդրման ոլորտ է փնտրում, անկասկած, փորձում է հաշվարկել ամենահեռանկարայինը:

Մշակույթի մասին խոսելիս ու այդտեղ հեռանկարներ փնտրելիս, կարելի է նկատել, որ կա մի ոլորտ, որը շատ լավ զուգակցում է արվեստը, կոմերցիան ու դաստիարակչական գործոնը: Իսկ դրանից ավելի ազդեցիկ ի՞նչ կարող է լինել: Խոսքը գրաֆիկական վեպերի, կամ, ինչպես արդեն ասում ենք հայերեն լեզվով` պատկերապատումների մասին է: Բոլորին հայտնի «կոմիքսներ» բառը լիակատար չի փոխանցում այն իմաստը, որն ունի գրաֆիկական նովելը` պատկերներով պատմող գիրքը: Արվեստի այդ ժանրն իրականում ոչ թե գիրք է, այլ` կինոֆիլմ է, քանի որ աշխատում է կինոյի, նաեւ` մուլտիմեդիայի օրենքներով: Այդ տեսակ վեպերը եվրոպացիների, ասիացիների ու ամերիկացիների կենցաղի անբաժան տարր են դարձել, ու ոչ միայն զուտ զվարճացնելու, այլեւ` ծանոթացնելու ու կրթելու նպատակ ունեն: Եվ ահռելի մեծ տպաքանակներով են տպագրվում: Միայն Ֆրանսիայում պատկերապատումները (bande dessinee) տարեկան ավելի քան 50 մլն տպաքանակով են լույս տեսնում, իսկ Ճապոնիայում մարդիկ պատրաստ են ամեն շաբաթ նոր «մանգա» (պատկերապատումների ճապոնական անվանումը) գնել: Աշխարհում պատկերապատումներն արագ զարգացող ու տարեցտարի աճող շուկա են:

Պատկերապատումներ ստեղծող միակ հայաստանցի նկարիչ Տիգրան Մանգասարյանն ասում է. «Մենք հիմա ապրում ենք վիզուալիզացիայի դարում, եւ մեզ ավելի հարմար է ինֆորմացիա ստանալ ոչ թե տպագրված խոսքից, այլ` պատկերից: Այդ առումով` պատկերապատումը դառնում է մարդկանց գրպանի հեռուստացույցը կամ էլ անհատական կոմպյուտերը»:

Ժամանակակից գերլարված ապրելակերպը մարդկանց թույլ չի տալիս բազմոցին պառկել ու միայն բառերի միջոցով ինֆորմացիա ստանալ, նրանց հարկավոր է ինֆորմացիան ստանալու ավելի բազմաժանր, ակտուալ ու շարժուն մոդել առաջարկել: Պատկերապատումների միջոցով կարելի է պատմել ամեն ինչ: Որպես սկիզբ, Ֆրանսիան, օրինակ, ընտրեց արկածային վեպերը ու պատկերների միջոցով ներկայացրեց արկածային գրականության դասական Ժյուլ Վեռնի բոլոր վեպերը: Եվ արդեն տարիներ շարունակ Ֆրանսիայում այդ վեպերի նորանոր տարբերակներ են տպագրվում: Չէ՞ որ, նույնիսկ, եթե բառերը նույնն են մնում, ապա փոխվում են տեսանկյուններն ու նկարիչների ոճը: Եվ ինչո՞ւ թույլ չտալ, որ մեկընդմիշտ հաստատագրվածը նոր ֆորմաներ ստանա: Օրինակ, Ռոբինզոն Կրուզոյի արկածների մասին պատմող 11 «բանդեսինի» կա: Ֆրանսիան չափազանց մեծ նշանակություն է տալիս իր մշակութային արժեքների տարածման քաղաքականությանը եւ տարբեր լեզուներով թողարկում է Բալզակի, Հյուգոյի բոլոր վեպերը` «բանդեսինիների» տեսքով: Դրանք բազմահատոր, հեղինակային տեսքը պահպանող վեպեր են, որոնք հա՛մ կարդում, հա՛մ էլ նայում ես: Եվ հիմնականում կարդում են երիտասարդները, դրանով իսկ լրացվում է համաշխարհային աղետ դարձած` գիրք չկարդալու բացը: Դա հեռահար նպատակներ ունեցող պետական քաղաքականություն է, որի մասին մենք Հայաստանում անընդհատ խոսում ենք, բայց իրական քայլեր չենք անում: Նույնիսկ, եթե ընդունենք, որ հայաստանցիները գնողունակ չեն ու դժվար թե մեր չափանիշներով` բավականին թանկ արժեցող գրաֆիկական նովելներ գնեն, ապա պետք չէ մոռանալ, որ աշխարհի սահմանները բաց են, եւ հայ նկարիչները կարող են տարբեր երկրներում վաճառել իրենց գործերը ու ընդգրկվել այլազգի ստեղծագործական խմբերի մեջ: Նաեւ` փորձ կարվի մեր դասականներին նոր շունչ ու նոր գույներ հաղորդել:

Պատկերներ ու պատումներ ստեղծող փառատոն

Պատկերներ ու պատկերապատումների սցենարներ ստեղծող ուժերը հավաքագրելու համար` օրեր առաջ Երեւանում անցկացվեց պատկերապատումների առաջին միջազգային փառատոնը, որը երեք օրերի ընթացքում փորձեց մի կողմից՝ գնահատել Հայաստանում եղած նկարչական մոբիլ ուժերի որակը, իսկ մյուս կողմից` հնարավորություն տվեց մեր մասին պատմել պատկերապատումների ժանրում աշխատող հայտնի նկարիչներին: Նման փառատոն ստեղծելու գաղափարը պատկանում է Տիգրան Մանգասարյանին, ով մի քանի անգամ է եղել «բանդեսինիների» ամենախոշոր փառատոնի մասնակիցը: Այդ փառատոնն անցնում է Անգուլեմ քաղաքում, որն ընդամենը 100 հազար բնակիչ ունի, սակայն հայտնի է որպես նկարիչների ու ընթերցողի միջեւ կամուրջ ստեղծող մի վայր: Երեւան էին ժամանել այդ փառատոնի կազմակերպիչները, մրցույթին մասնակցող նկարիչները, նաեւ` Անգուլեմի «բանդեսինիների» թանգարանի տնօրեն Ժան Մարդիկյանը:

Մինչ փառատոնը Հայաստանում մրցույթ էր անցկացվել` լավագույն պատկերապատման նախագիծը, սցենարը, կարճ պատումն ու ծաղրանկարային պատկերը որոշելու համար: Տ.Մանգասարյանը նշում է, որ իրենք բավականաչափ հայտեր են ստացել, իսկ ֆրանսիացիները (մրցույթի ժյուրիի կազմում միայն ֆրանսիացի պրոֆեսիոնալներ են) ներկայացված հայտերը բարձր են գնահատել: Պատկերապատումների ավանդույթ չունեցող Հայաստանում, ըստ Ժան Մարդիկյանի` շատ լավ ուժեր կան: «Հուսով ենք, որ այդ ժանրը շուտով լայնակի կքայլի Հայաստանում»,- ասել է նա: Հայ նկարիչների աշխատանքներն այժմ ցուցադրվում են Կամերային թատրոնի սրահում, եւ նրանց հետ կարող է ծանոթանալ յուրաքանչյուր ցանկացող: Իսկ մի քանի ամիս անց ֆրանսիացի նկարիչները, որոնք ճամփորդել են Հայաստանով մեկ, կտպագրեն իրենց աշխատանքների անթոլոգիան: Ֆրանսիական կողմի փողերով տպագրվող այդ նկարազարդ գիրքը ներկայացնելու է մեր հողից ստացած տպավորությունները, որոնք «որսացել» են 7 ֆրանսիացիներ (նրանցից երեքն Անգուլեմի փառատոնի գրան-պրի շահողներ են): Մոտ 10.000 տպաքանակ ունեցող այդ գիրքը տարածվելու է ողջ աշխարհում:

Որպես փառատոնային հաջող մեկնարկ Տ.Մանգասարյանը նշում է Երեւանում պատկերապատումների դպրոցի բացման շուրջ բանակցելը: Երեւանյան դպրոցը, որի ստեղծումը մեծ իրադարձություն է լինելու, աշխատելու է ճկուն համակարգով եւ հրավիրելու է տարբեր մասնագետների: Սակայն դա՝ ապագայում, իսկ այժմ` փառատոնի ավարտից հետո, արժե հիշել, որ պատկերապատումների ապագան բարձր տեխնոլոգիաների ոլորտում է, որն, ի դեպ` մեր հանրապետությունում գերակա ճյուղ է հռչակված: Պատկերապատումները թվայնացվում են ու վերածվում են ինտերակտիվ վեպերի, որոնք ո՛չ գիրք են, ո՛չ կինո են, ո՛չ էլ ինտերնետային կայք են, դրանք բոլորովին այլ արվեստի տեսակ են դառնում: Համակարգչի էկրանի մոտ նստած մարդը` իր ցանկությամբ շարժում է «մուկը» ու տեսնում է, թե ինչ է հերոսն ասում, ինչ է մտածում կամ ինչի մասին է հիշում, որտեղ է նա գտնվում, ուր է գնում կամ որտեղից է գալիս: Նման վիդեո-գրաֆիկական վեպերը գիրք-խճանկար են դառնում, որի հետ շփվող մարդը ոչ թե սոսկ «ընթերցող», այլ` իրապես պատմության համահեղինակն է դառնում, քանի որ դեպքերը ծավալվում ու ճյուղավորվում են նրա ցանկության համաձայն: Ինչպես թերթում ես գրքի էջերը կամ էլ ֆիլմի դրվագներն ես ետ ու առաջ անում, այնպես էլ այս դեպքում ես անում, սակայն արդեն միջամտելով պատմությանը: Հավատացեք, դա հսկայական հաճույք է: Վիդեո-գրքի զարգացման մասին խոսելը հիմա շատ հարմար է, քանի որ մենք լավ նկարիչներ ունենք (իսկ վիդեո-պատկերապատումի հիմքում, միեւնույն է, նկարն է, պատկերն է), ունենք բարձր տեխնոլոգիաները զարգացնելու մղում (անընդհատ այդ մասին հայտարարում ենք), եւ ունենք երիտասարդական սերունդներին լավագույն գրական օրինակներին ծանոթացնելու ցանկություն: Եվ այդ բոլոր ցանկությունները մեկտեղվում են պատկերապատումներում: Արդեն իսկ հստակ է, որ պատկերապատումների երեւանյան փառատոնը կրկին է անցկացվելու, ու մեզ մոտ հյուր են գալու այդ ժանրում աշխատող մարդիկ, որոնք պատրաստ են եւ՛ աջակցել, եւ՛ գումար տրամադրել, եւ՛ դպրոց բացել: Եվ ոչ մի դեպքում չեն ստիպելու իրենց նմանվել, քանի որ պատկերապատումների ֆրանսիական դպրոցն առաջին հերթին գնահատում է նկարչի անհատականությունը, իրենց հետաքրքիր է առաջին հերթին այն նկարիչը, որը թարմ մտածողություն ու գաղափարներ ունի: Զարմանալի է մնում միայն, թե ինչո՞ւ նման ձեռնարկները գրեթե չեն լուսաբանվում ու մեր կառավարության ուշադրությանը չեն արժանանում: Ախր մենք այդքան էլ շատ հնարավորություններ չունենք` զարգանալու համար: Ունենք միայն ուղեղներ եւ պատկերներ: