Սեփական զինկոմիսարիատից մինչեւ Բագրատ Սարգսյան

09/06/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այն, որ անկախ Հայաստանի իշխանությունները Խորհրդային Հայաստանից
ժառանգություն ստացած ողջ սեփականությունը ջրի գնով մասնավորեցրին, ավելի
ճիշտ, մեջ-մեջ անելով բաժանեցին մի խումբ մարդկանց, այլեւս դառը
ճշմարտություն է: Իսկ Հայաստանից բացի դժվար է պատկերացնել մեկ այլ երկիր,
որտեղ անհատը կամ ինչ-որ մի ընկերություն գնած տարածքի օգտագործման
նպատակը Կադաստրում գրանցի որպես Զինկոմիսարիատի համար տարածք:

Կադաստրի Դավիթաշենի տարածքային ստորաբաժանումը 2002թ. դեկտեմբերին
այդպիսի դեպք գրանցել է եւ գնորդին տված սեփականության վկայականի
տվյալներում արձանագրել է. շենքի նպատակը՝ Զինկոմիսարիատ, հողամասի
օգտագործման նպատակը՝ Զինկոմիսարիատի սպասարկման համար: Համենայնդեպս,
այդպիսի հայտնագործություններ է արել Ազգային ժողովի Վերահսկիչ պալատն իր
ուսումնասիրությունների ընթացքում: Հնարավոր է, որ «նոր հայերից» մեկի
մտքով անցնի սեփական զինկոմիսարիատ ստեղծել ու զորակոչման-զորացրման
բիզնեսով զբաղվել: Բայց, որ Կադաստրն էլ այդ հանգամանքին ամենայն
լրջությամբ է վերաբերվել ու վավերացրել, արդեն զավեշտալի է: Մենք
առաջիկայում կպարզենք, թե ով է նոր ժամանակների այդ սպարապետը, հիմա
անդրադառնանք անկախ Հայաստանի սեփականաշնորհման պատմության մեկ այլ
դասական օրինակի:
Որպեսզի ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական
մասնաճյուղի վարչական ու արխիվային բաժինները նույն հարկի տակ աշխատեն,
Այգեձոր-Բաղրամյան փողոցների միջանկյալ մասում 80-ական թվականներին այդ
նպատակով նոր շենք է կառուցվում: Շենքը, սակայն, ավարտին չի հասցվում ու
նպատակին չի ծառայում, 1991թ. Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտը լուծարվում
է: 1993թ. ՀՀ կառավարությունն ինստիտուտի շարժական ու անշարժ ողջ գույքը
հանձնում է Պետական արխիվային վարչությանը, այսօր՝ Հայաստանի Ազգային
արխիվին: Ի դեպ, այդ շենքը գտնվում է Հայաստանի Ազգային արխիվի երկրորդ
մասնաշենքի հարեւանությամբ եւ ունի նույն համարը՝ Բաղրամյան 59-գ: Շենքն
ազգային արխիվին խիստ էր անհրաժեշտ:
«Այսօր մեզ մոտ արխիվային նյութեր են գալիս, որոնց տեղավորելու
հնարավորություն չունենք,- ասում է Ազգային արխիվի աշխատակիցներից մեկը:
-Նյութերը գնալով ավելանում են, դրան համապատասխան՝ տարածքի խնդիր է
առաջանում»:
Կիսակառույցն ավարտին հասցնելու համար միջոցներ չեն գտնվում, ու
կառավարությունն այն ընդգրկում է սեփականաշնորհման ենթակա անավարտ
շինարարական օբյեկտների ծրագրում: Մինչեւ սեփականաշնորհումն այն 3
հարկանի, նկուղի հետ միասին՝ 1800 քմ ընդհանուր մակերեսով, արտաքին
հարդարումն ամբողջովին սրբատաշ տուֆով իրականացրած կառույց էր: 1999թ.
ապրիլին հայտարարված մրցույթում այս շենքի գնման համար երկու գնորդների
կողմից առաջարկվել է 27 մլն դրամ (50.000 դոլար) եւ համապատասխանաբար՝ 125
մլն դրամի եւ 410.000 դոլարի ներդրումներ: Շենքը գտնվում է քաղաքի գրեթե
կենտրոնում եւ ունի ճարտարապետական հաջող լուծումներ, եւ կառավարությունը
հանկարծ գլխի է ընկնում, որ այն իրականում ավելի թանկ արժե, ու
դադարեցնում է մրցույթը: Նույն թվականի ապրիլին եւ 2000թ. սեպտեմբերին
շենքը եւս երկու անգամ առաջադրվում է մասնավորեցման՝ մրցույթով նվազագույն
գինը սահմանելով առաջին դեպքում՝ 40 մլն, երկրորդ դեպքում՝ 45 մլն դրամ:
Իբր թե հայտերի բացակայության պատճառով՝ այս երկու մրցույթներն էլ չեն
կայանում: Այնուհետեւ ՀՀ կառավարությունը 2001թ. հոկտեմբերին ընդունում է
մեկ այլ որոշում, որով ուղղակի վաճառքի ձեւով 32 մլն դրամով շենքը
մասնավորեցման է առաջարկվում «Գալիք» համալսարանին: Չգիտես ինչու, այս
գործարքն էլ չի կայանում: Վերջապես 2002թ. 25 մլն դրամով (43.000 դոլար)
ուղղակի վաճառվում է, ասում են, «Արմենիա» հեռուստատեսության նախագահ
Բագրատ Սարգսյանին: Ընդ որում, օբյեկտի շինարարության ավարտման կամ
ներդրումների վերաբերյալ գնորդը պայմանագրով որեւէ պարտավորություն չի
ստանձնել: Փաստորեն, մեր կառավարությունն առաջին մրցույթը դադարեցրեց,
որպեսզի կառույցը բարձր գնով վաճառի, բայց ստացվեց հակառակը: Արդյունքում
պետությունը տուժեց, բայց շահեց Բագրատ Սարգսյանը. նա բոլորովին էլ մեղք
չունի, որ պետական ունեցվածքին տիրացել է ջրի գնով ու դրանից ահռելի
շահույթներ է ստացել:
Գնելուց հետո պարոն Սարգսյանը նախ գնորդներ է գտել եւ շենքի երրորդ հարկից
վերեւ գտնվող օդը վաճառել քմ-ն 400 դոլարով, փողերը հավաքել է ու կառուցել
է չորրորդ հարկն ու կտուրը: Այսօրվա դրությամբ՝ շենքի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ
հարկերը, որպես բնակելի տարածքներ, վաճառված են: Բնակիչները տեղեկացրին,
որ տարածքը գնել են՝ ունենալով միայն դրսի պատերը, իսկ ներքին կտրվածքներն
ու հարդարանքներն իրենք են արել: Առաջին հարկը դեռ վաճառված չէ, ու այդ
գործով զբաղվող «Էսկո» անշարժ գույքի գործակալությունից տեղեկացանք, որ
այժմ 1 քմ-ն վաճառվում է 650 դոլարով:
Պարոն Սարգսյանը չորրորդ հարկի մակերեսը վաճառել է ու կառուցել նույն
հարկի դրսի պատերն ու կտուրը: Շենքի վրա այլ աշխատանքներ չի կատարել,
մանավանդ որ, պայմանագրով դրա պարտավորությունը չի էլ ունեցել: Մյուս երեք
հարկերը, նկուղի հետ միասին, Բագրատ Սարգսյանին ապահովել են մեծ շահույթ:
Նկուղը չհաշված, միայն երեք հարկերի վաճառքից նա կստանա 800.000 դոլարից
ավելի գումար:
2002թ. 25 մլն դրամով (43.000 դոլար) քաղաքի այդ մասում հնարավոր էր գնել
ընդամենը 3 սենյականոց բնակարան: Ու այդ գնով երեք հարկանի նորակառույց
շենքի սեփականաշնորհումը պետական ունեցվածքի ակնհայտ թալան է: Միամիտ
կլինի կարծել, թե Բ. Սարգսյանից բացի, այլ գնորդ չգտնվեց ու հնարավոր
չեղավ շենքն ավելի բարձր գնով վաճառել:
«Մենք սեփականաշնորհման այն ժամանակվա նախարար Պավել Ղալթախչյանին
առաջարկեցինք՝ շենքը որպես բնակարան մաս-մաս տրամադրել մեր աշխատողներին,-
ասում է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատուն Վիրաբյանը: -Նա
չհամաձայնեց՝ ասելով, թե՝ էդ գումարը, որ այդ տարածքների վրա պիտի դնեք,
քաղաքում երեք հատ կվարտիրա կառնեք»: Մինչդեռ Բագրատ Սարգսյանն իր գրպանից
ընդամենը 43.000 դոլար ծախսելով՝ այդ գործարքից ստացել է 800.000 դոլարից
ավելի շահույթ: Իսկ շենքի մեկ բնակարանի տարածքն առանց ներսի պատերի ու
մանրահատակի վաճառել է ավելի թանկ, քան վճարել է ամբողջ 4 հարկի համար: Մի
խոսքով՝ արժե՛, արժե՛ իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունենալ: