Առաջին ոչ ռուսականը

09/10/2008

Երեկ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունում բացվել են բջջային կապի 3-րդ օպերատորի մրցույթին հայտ ներկայացրած ընկերությունների գնային առաջարկների փաթեթները: Այդ արարողությանը մասնակցել են մրցույթի մասնակից բոլոր երեք ընկերությունների ներկայացուցիչները: Ըստ այդմ, ֆրանսիական Orange (France Telecom) ընկերության գնային առաջարկը եղել է ամենաբարձրը` կազմելով 51,5 միլիոն եվրո: Շվեդական «M$A Tele2 AB» ընկերությունը լիցենզիայի համար առաջարկել է 45.6 մլն եվրո, իռլանդական «CEO Blackrock Communications» ընկերությունը` 35,66 մլն եվրո: Այսպիսով, թեեւ, ըստ մրցույթի կարգի, կառավարական հանձնաժողովը մրցույթի վերջնական հաղթողի անունը հրապարակելու է 3 օր անց, սակայն այսօր արդեն կարելի է արձանագրել, որ ՀՀ-ում բջջային կապի 3-րդ օպերատորը կլինի ֆրանսիական Orange ընկերությունը, քանի որ մրցույթի հիմնական չափանիշը գնային առաջարկն էր: Այդ մասին երեկ հայտարարել է նաեւ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նշենք, որ Orange ապրանքանիշով հանդես եկող «France Telecom»-ը գործում է 1988 թվականից, այժմ ներգրավված է աշխարհի 30 երկրների շուկաներում եւ ունի 170 միլիոն հաճախորդ, որից 11 միլիոնը՝ շարժական կապի շուկայում: Ունի 187.000 աշխատող ամբողջ աշխարհում: Ընկերության Orange ապրանքանիշը 50-րդն է աշխարհում, ունի 14 մլրդ դոլար արժողություն եւ 2007թ. համեմատ բարձրացել է 67-րդ տեղից: 2007թ. ընկերությունն ունեցել է 52,9 մլրդ եվրո հասույթ, իսկ շահույթը կազմել է 4,6 մլրդ եվրո: Իր հասույթով ընկերությունը համաշխարհային շուկայում բջջային օպերատորների շարքում երրորդն է, իսկ շուկայի կապիտալացման մակարդակի առումով` չորրորդը: Այս տվյալները «Lragir.am-ին» տրամադրել է ընկերության` մամուլի հետ կապի պատասխանատու Բերտրան Դերոնշենը: Նշենք, որ մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունն արտոնագրի համար պետք է իր առաջարկած գինը վճարի միանվագ: Եթե չի վճարում, ապա մեխանիկորեն հաղթող է ճանաչվում գնային առաջարկով հաջորդ ընկերությունը, տվյալ դեպքում՝ շվեդական ընկերությունը: Արտոնագիրը հաղթողին կտրվի դեկտեմբերի 25-ին, որից հետո ընկերությունը կարող է սկսել իր աշխատանքը ՀՀ-ի շուկայում: Ըստ Գ.Սարգսյանի, ամենայն հավանականությամբ, մոտ 6 ամիս անց 3-րդ օպերատորն արդեն անմիջական ծառայություն կմատուցի իր հաճախորդներին: