Արեւածաղիկ վաճառողներին առայժմ չեն նեղի

09/10/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

«Հայելի» ակումբում երեկ պետք է բանավիճեին ՀՀ Պետական եկամուտների նախագահի տեղակալ Ահարոն Չիլինգարյանն ու Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հարկային հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը: Սակայն բանավեճ՝ որպես այդպիսին, չստացվեց, որովհետեւ Ա. Գեւորգյանը հարկային գրեթե բոլոր փոփոխությունների նկատմամբ դրական վերաբերմունք էր արտահայտում։

ՊԵԿ նախագահի տեղակալ Ա. Չիլինգարյանը, խոսելով բարեփոխումների մասին, առանձնացրեց խոշոր հարկ վճարողների ոլորտը, որը մեծ մասամբ սերտաճել է իշխանությունների հետ։ «Գորդյան հանգույցը հիմնականում այստեղ է»,- նշեց նա՝ ավելացնելով, որ առաջին նպատակը խոշոր բիզնեսի արդարացի, լիարժեք ու ժամանակին հարկումն է: Իրականացվելիք քայլերից Ա. Չիլինգարյանը առանձնացրեց հնարավոր օրենքի ընդունումը, որը պետք է հնարավորություն տա տարանջատել իշխանությունը բիզնեսից: ՊԵԿ փոխնախագահն ուրախացրեց հարկատուներին մեկ այլ առումով եւս. «Մենք նախաձեռնում ենք մեկ միջոցառում եւս՝ օբյեկտիվորեն արտաքին ազդեցության ուժեղացում: Խոշոր ընկերությունները պարտադիր պետք է աուդիտ անցնեն, հաշվառումները պետք է վարեն միջազգային ստանդարտների հիման վրա: Սա նշանակում է, որ հասարակությունը կարող է ավելի հանգիստ լինել, որովհետեւ իրեն մի ուժեղ թիմ է միանում, որը կոչվում է աուդիտ»: Ինչ վերաբերում է փոքր բիզնեսին եւ դրա վերաբերյալ վերջերս ընդունված օրենսդրական փաթեթին, ապա, Ա. Չիլինգարյանի համոզմամբ, իրենց քայլերը միանգամայն նոր դաշտ են բացելու փոքր բիզնեսի համար: Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հարկային հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը, ումից, անկեղծ ասած, հակափաստարկներ կամ որոշակի քննադատություն էինք ակնկալում լսել, հակառակը՝ մի քանի «պլյուսներ» էլ իր կողմից ավելացրեց: Մասնավորապես, պարզեցված հարկի ռեժիմից ընդհանուր կարգով հարկման ռեժիմին անցնելը, նրա խոսքերով, շատ կարեւոր խնդիր է լուծում՝ հավասար պայմաններ է ապահովում բոլորի համար: Ա. Գեւորգյանը չի կիսում նաեւ այն կարծիքը, որ նշված փոփոխությունը փոքր գործարարների համար հարկային բեռի ծանրացում է ենթադրում. «Սա իրականում ենթադրում է ոչ թե հարկային բեռի բարձրացում, այլ՝ օրինապահության բեռի բարձրացում: Փոքր բիզնեսմենները պետք է սկսեն իրենց ծախսերը, եկամուտները փաստաթղթավորել: Այս առումով միգուցե բեռի բարձրացում է համարվում։ Եվ եթե նախկինում նրանք այդպիսի կանոններին չենթարկվելու համար ֆինանսական ծախսեր չէին կրում, ապա այս դեպքում ենթադրում են, որ ֆինանսական ծախսեր կրելու են: Այդ դեպքում նոր կարող է հանգեցնել հարկային բեռի ավելացմանը: Իսկ եթե նրանք ամբողջությամբ փաստաթղթավորում են իրենց ծախսերը, ավելին, հարկային բեռը կարող է ավելի ցածր լինել, քան այսօր գոյություն ունի»:

Մեկ մտահոգություն, Ա. Գեւորգյանը, այնուամենայնիվ, հայտնեց՝ դժվարություններ ամենափոքր բիզնեսի համար՝ օրինակ, կոշիկ վերանորոգողների կամ արեւածաղիկ վաճառողների համար: «Այս մարդկանց համար՝ հաշվապահական հաշվառում վարելը, ծախսերը փաստաթղթավորելը, պրոֆեսիոնալ հաշվառում իրականացնելը շատ դժվար կլինի: Սրանք հանգեցնում են ծախսերի ավելացմանը, իսկ չհիմնավորեն իրենց ծախսերը՝ կվճարեն ավելին, քան պարզեցված հարկի օրոք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս մասով կարելի է դեռ շարունակել օրենսդրության փոփոխություններ կատարել եւ այս մարդկանց համար բոլորովին այլ ռեժիմ սահմանել:

Սակայն բանավեճ կրկին չստացվեց, որովհետեւ այս անգամ էլ Ահարոն Չիլինգարյանը սկզբունքորեն դեմ չէր։ Ավելին՝ նա տեղեկացրեց, որ այժմ օրակարգում է այդ կարգի մարդկանց համար տարեկան արտոնավճարներ սահմանելու հարցը։ ՊԵԿ փոխնախագահը նաեւ ընդգծեց, որ պետությունը դա գումարի համար չի անում, այլ կերպ ասած՝ կոշիկ վերանորոգողի կամ տնից տուն շրջող վարսավիրի վճարած հարկերի հույսին չի մնացել։ «Խնդիրը հարկ վճարելու մթնոլորտ ստեղծելու մեջ է»,- նշեց նա։

Ա. Չիլինգարյանի խոսքերով, պետությունն այս մարդկանց նկատմամբ խիստ չի լինի՝ մանավանդ, որ նրանց վերահսկելու համար այդքան ռեսուրսներ էլ չկան. «Չեմ էլ պատկերացնում, որ պիտի հսկենք։ Պիտի ուղղակի կոչ անենք», – ասաց ՊԵԿ փոխնախագահը։