Էս բակն իմն է, էն բակն էլ է իմը

09/06/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Շենքերի բակային տարածքները ոչնչացնելու աննախադեպ մոլուցք է բռնկվել
Երեւանում: Կարծես թե մեր քաղաքային իշխանությունները բակ են ման գալիս,
որ վաճառեն: Շենք կառուցողներն էլ, որպես կանոն, հաշվի չառնելով
ճարտարապետական ու քաղաքաշինական նորմերը, ոտնահարելով բնակիչների
տարրական իրավունքները՝ մի անճաշակ շինություն են կանգնեցնում տվյալ
տարածքում: Մոլուցքն այն աստիճանի է հասել, որ արդեն հաշվի չեն առնում, թե
տվյալ բակը վերջերս թաղապետարանը պետական միջոցներով բարեկարգել է, ու դա
երեխաների միակ խաղահրապարակն է: Մեր խմբագրությունը վերջերս Արաբկիր
համայնքի Մամիկոնյանց եւ Ադոնց փողոցների միջնամասում եւս մի բակային
տարածքի ոչնչացման ահազանգ ստացավ:
Ուրեմն, «Դվին կոնցեռնի» հետ հավանաբար օրգանական կապ ունեցող «Ռ.Գ.Մ.»
ընկերությունը Մամիկոնյանց 36/6 հասցեի Ընտանեկան լոտոյի, շենքի
հարեւանությամբ, նախկին հացի փռի տեղը 9 հարկանի բնակելի շենքի
շինարարություն է սկսել: Շենքի համար փորված փոսը հարեւան շենքից ընդամենը
5-6 մետր է հեռու: Անմիջապես այդ փոսի դիմաց Ադոնցի 17/3 շենքի՝ Արաբկիրի
թաղապետարանի կողմից վերջերս բարեկարգված բակն է: Սա էլ է գնել «Ռ.Գ.Մ.»
ընկերությունը, նորից 9 հարկանի բնակելի շենք կառուցելու նպատակով: Ի դեպ,
հարեւան երկու շենքերը, այդ թվում՝ եւ «Ընտանեկան լոտոյի» շենքը, նույն
ընկերությունն է կառուցել: Հավանաբար տեսնելով, որ այդ մասում դեռ «ձեռք
չտված» բակային տարածք կա, ընկերությունը շինարարության քաղցր համը
զգալով՝ որոշել է գործունեությունն ընդլայնել: Ինչպես ասում են՝ ախորժակը
ուտելուց է բացվում:
Իսկ այդ տարածքի 7-8 շենքերի բնակիչները բողոքով դիմել են Արաբկիրի
թաղապետարան՝ հույս ունենալով, որ կարող է հանկարծ ինչ-որ բան փոխվի:
«500-ից ավելի ընտանիքների երեխաների միակ խաղալու տեղն է այս տարածքը,-
բողոքում են բնակիչները: -Հլա երեկոյան եկեք, 100-ից ավելի երեխաներ են
այստեղ խաղում: Դա էլ է փոքր, մեծերն էլ եթե ուզեն դուրս գալ մաքուր օդ
շնչելու, ասեղ գցելու տեղ չի լինում: Դա էլ են ուզում խլել մեր երեխաներից
ու բոլորիս պատուհանից նայող կռոլիկ դարձնեն»:
«Ռ.Գ.Մ.» ընկերության այդ երկու հողակտորները իրարից բաժանում է մոտ 10
մետր լայնությամբ ճանապարհ: Բարձրահարկ շենքերի այսքան մոտ-մոտ
դասավորությունը չի՞ հակասում քաղաքաշինական նորմերին:
«Քաղաքի էս ամբողջ կառուցապատումը համապատասխանո՞ւմ է էդ նորմերին,- մեր
հարցին հարցով պատասխանեց «Ռ.Գ.Մ.» ընկերության տնօրեն Սամվել Գրիգորյանը:
-Հետո բնակելի շենք ենք սարքում, տարածքն էլ կբարեկարգենք: Վա՞տ բան ենք
անում»:
Այս հարցին միանշանակ չի կարելի պատասխանել, որովհետեւ շենք կառուցելն ու
դրանից շահույթ ստանալը լավ բան է, սակայն քաղաքաշինական նորմերը
խախտելով, բակեր զավթելով ու շրջակայքի բնակիչների իրավունքները
ոտնահարելով շահույթ ստանալը, համաձայնեք, որ վատ բան է: Պարոն Գրիգորյանը
մեզ չասաց, թե քանիսով են գնել այդ երկու հողակտորները: «Էս փռի տարածքը
860 քմ է, գնել ենք մասնավորից: Դիմացի կտորը մոտ 850 քմ է, աճուրդով գնել
ենք քաղաքապետարանից»,- պատասխանեց նա:
Իսկ Կադաստրի պետական կոմիտեն մեզ հետեւյալ պատասխանը տվեց. «Մամիկոնյանց
36/6 եւ 36/4 շենքերին հարող տարածքում, Երեւանի քաղաքապետի 25.04.05թ. N
855ա որոշմամբ հաստատվել է 18.04.05թ. կայացած աճուրդի արդյունքները, որի
հիման վրա 0,0860 հա եւ 0,0450 հա հողամաս բնակելի շենք կառուցելու
նպատակով վաճառվել է «Ռ.Գ.Մ. Գրուպ» ՓԲԸ-ին՝ 17.859.500 եւ 9.346.500
դրամով (1քմ-20.770 դրամ), նշված տարածքում հողամասի կադաստրային արժեքը
կազմում է 1քմ՝ 10.710 դրամ (5-րդ գոտի): Վերոհիշյալ հողամասերի նկատմամբ
սեփականության իրավունքի պետական գրանցում կատարվել է 19.05.05թ.»:
Մեզ հետ զրույցի ժամանակ պարոն Գրիգորյանը նշեց, որ հողակտորներից մեկը
860 քմ է, մյուսը՝ 850 քմ: Իսկ կադաստրի տվյալներում 850 քմ-ի փոխարեն
նշված էր 0,0450 հա, այսինքն՝ 450 քմ: Անզեն աչքով էլ կարելի էր նկատել,
որ այդ երկու կտորները գրեթե հավասար են: Սեփականատերն ի՞նքն է
միտումնավոր կրկնակի պակաս ներկայացրել տարածքի չափը, քաղաքապետարանն ու
կադաստրը չե՞ն նկատել այդ տարբերությունը: Այս թիվը Արաբկիրի
թաղապետարանի՞ն էլ ոչինչ չի ասում: Կասկածելի է: Եվ հետո, եթե պարոն
Գրիգորյանը ճիշտ է ասում, թե 860 քմ-ն գնել են մասնավորից, ինչո՞ւ պիտի
քաղաքապետը դրա համար որոշում կայացներ: Մի նկատառում եւս. 850 քմ-ն
վաճառել են մոտ 40.000 դոլարով, այսինքն՝ 1 քմ-ն մոտ 46 դոլարով: Այս
հանգամանքը եւս կասկած է հարուցում, որովհետեւ հարեւան շենքերում 3
սենյականոց բնակարանների միջին շուկայական արժեքը գրեթե նույնքան է: Բայց
մենք կարող ենք մեզ իրավունք վերապահել կարծելու, որ, այնուամենայնիվ,
գնորդը շատ ավելին է վճարել, ուղղակի թղթաբանության մեջ են այդքան
ձեւակերպել: Իսկ թե «Ռ.Գ.Մ.» անվան տառերն առանձին-առանձին վերցրած ինչ է
նշանակում, ընկերության տնօրեն Սամվել Գրիգորյանը մեր հեռախոսազրույցում
այսպես պատասխանեց. «Դրանք երեք հզոր մարդկանց անունների սկզբնատառերն են՝
Ռաֆիկ, Գոռ, Միքայել»: