«Երբ 12-13 տարի առաջ առաջին անգամ լսեցի, որ ինտերնետով հնարավոր է փող աշխատել, սկզբում զարմացա, հետո սկսեցի լրջորեն մտածել այդ մասին։ Երբ հասկացա, որ դա հնարավոր է անել, սկսեցի կարդալ դրա մասին, ուսումնասիրել, թե ուրիշներն ինչպես են դա անում։ Ու հետո ես ստեղծեցի իմ առաջին ինտերնետային կայքը, որը քիչ-քիչ սկսեց աշխատել, եկամուտ բերել։ Դա միանգամից չի լինում»։
Այս տողերի հեղինակը «Հարեյան փաբլիշինգ» լրատվական ընկերության (կենտրոնակայանը՝ ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա նահանգ) տնօրեն Արմեն Հարեյանն է:
Տարիներ առաջ՝ Հայաստանից տեղափոխվելով ԱՄՆ, երաժշտական կրթություն ունեցող Արմեն Հարեյանը որոշեց զբաղվել ինտերնետով, ինտերնետային լրատվությամբ։ Ստեղծեց իր առաջին կայքը՝ «www.emaxhalth.com»-ը, որը վերաբերում է բժշկությանը։ Հետո ստեղծվեց www.huliq.com լրատվական կայքը, որն այսօր բավական ճանաչված է աշխարհում։ Արմեն Հարեյանը գոհ է իր ձեռքբերումներից. նաեւ խոստովանում է, որ դեռ առաջ գնալու ու զարգանալու տեղ շատ կա։ «Ինտերնետային բիզնեսը շատ եկամտաբեր է եւ արտահանման ենթակա ապրանք է, մանավանդ, որ տրանսպորտային խնդիր չկա։ Երիտասարդը, օրինակ, Դիլիջանում՝ մաքուր օդում նստած ստեղծում է արժեք՝ վեբ կայք, լրատվություն կամ պարզապես բլոգ՝ ինչ-որ թեմայի մասին, եւ դա հասանելի է ողջ աշխարհին»,- ասում է Արմեն Հարեյանը։
Ինտերնետով այսօր մեծ գումարներ կարելի է վաստակել, եթե ունես հետաքրքիր գաղափարներ։ Մեր զրուցակիցը բերում է «Gօօgle» որոնման համակարգի օրինակը. «ԱՄՆ-ում երկու ուսանող 1999թ. համալսարանի իրենց սենյակում ստեղծեցին որոնման մի համակարգ, որը հետագայում կոչվեց Google։ Համակարգ, որի մասին առաջին մեկ-երկու տարին ոչ մեկը չի իմանա, բայց կանցնի ժամանակ, եւ Google-ը կդառնա ամենաճանաչված բրենդն աշխարհում։ Այժմ ամեն եռամսյակում նրանք ունեն 3 միլիարդ դոլարի՝ մեր բյուջեի չափ եկամուտ»։ Այլ օրինակներ էլ է բերում Ա. Հարեյանը՝ Բիլ Գեյթս անունով մի տղա, որ անգամ ուսումը չավարտեց Հարվարդի համալսարանում, դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը: Կամ մեկ ուրիշ տղա՝ Մարկ Ցուկենբերգը, մեն-մենակ ստեղծեց այսօր աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկը համարվող Facebook-ը, որն արժե 15-20 միլարդ դոլար։ Մենք՝ հայերս, որ միշտ պարծենում ենք մեր խելքով ու մտավոր կարողություններով, նման նախագծեր չենք ստեղծում։ Ինչո՞ւ։ Արմեն Հարեյանը 3 պատճառ է նշում, եւ դրանցից առաջինը, ըստ նրա, միջավայրն է։ «Օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ ես հիմա ապրում եմ, կան շատ արատավոր երեւույթներ, բայց եւ կա միջավայր աշխատելու համար եւ առիթ։ Ուզո՞ւմ ես թագավորի նման ապրել՝ ծանր աշխատանքով կարող ես դրան հասնել. համակարգն այնպիսին է, որ քեզ չեն խանգարի, ստեղծածդ արժեքը ձեռքիցդ չեն խլի: Քո իրավունքները պաշտպանված են: Դրա համար էլ տեսնում ենք, որ ամբողջ աշխարհի լավագույն մասնագետները հոսում են դեպի Ամերիկա։ Առաջին հերթին մեր երկրում պետք է ստեղծվի այդ միջավայրը, որ մարդը բիզնես ստեղծի ու չվախենա, որ 8-րդ դասարանի կրթությամբ ինչ-որ «զոռբա» կարող է բիզնեսն իր ձեռքից խլել»։
Կարեւոր խոչընդոտներից մյուսը, ըստ Ա. Հարեյանի, ինտերնետի ցածր որակն է. «Պետք է լինի շատ արագ, էժան, անխափան ու վստահելի ինտերնետ կապ։ Իմ այստեղի կապը վատը չէ, բայց օրվա մեջ մի քանի անգամ անհասկանալի ընդհատումներ են լինում` օրական մի 10 անգամ։ Թեկուզ՝ մի քանի վայրկյանով, բայց դրանք կարող են շատ խանգարել։ Ես on-line հոդվածներ եմ տպագրում իմ կայքէջում. եւ պատկերացրեք՝ ձեռքիս տակ մի հրատապ լուր է, որն ուզում եմ րոպե առաջ տեղադրել։ Տեքստը հավաքում, կոճակը սեղմում եմ, որ նյութը հայտնվի ինտերնետում, եւ հանկարծ՝ ինտերնետը կտրվեց։ Ու եթե նախօրոք չէիր մտածել, որ կապը կարող է անակնկալներ մատուցել, ուրեմն արածդ ջուրն է ընկնում՝ ամեն ինչ պետք է նորից սկսես։ Ինտերնետն ընդհանրապես դանդաղ է»։ Իսկ ներկայիս աշխարհում ամեն վայրկյանը գումար արժե, եւ Ա. Հարեյանն իր անձնական բիզնեսի օրինակն է բերում. «Ես սեպտեմբերի 9-ից Երեւանում եմ, եւ սեպտեմբեր ամսին՝ օգոստոսի նկատմամբ, մեր եկամուտները 30%-ով իջել են։ Պատճառներից մեկն էլ ինտերնետի ցածր որակն է, որ թույլ չի տալիս ավելի արագ ու արդյունավետ աշխատել»։
Արմեն Հարեյանին զարմացնում է, որ մեր երկրում բարձր տեխնոլոգիաները հայտարարվում են գերակա ճյուղ այն դեպքում, երբ Հայաստանի ինտերնետը ապահովվում է Վրաստանի տարածքով անցնող մի մալուխի միջոցով, եւ վրացի մի հողագործ ամեն պահի կարող է այն պատահաբար վնասել։ «Ստացվում է, որ մենք եւ՛ տարածքային շրջափակման մեջ ենք, եւ՛ ինտերնետային»։
Իսկ երրորդ ու ամենակարեւոր պատճառներից մեկը, ըստ Ա. Հարեյանի, գլոբալ մտածողության բացակայությունն է։ «Մեր երիտասարդները եւ մատաղ սերունդը պետք է կարողանան գլոբալ մտածել։ Երեւանում, երբ մտնում եմ ինչ-որ ինտերնետ-սրճարան, տեսնում եմ, որ երիտասարդները կամ «odnoklassnik.ru» կայքի մեջ են, կամ չաթ են անում, կամ էլ խաղ են խաղում։ Բայց այդ երիտասարդները երեւի չգիտեն, որ ինտերնետով ուրիշ բաներ էլ կարելի է անել»։ Եթե հոգեւոր ու մշակութային արժեքները երիտասարդությանն այնքան էլ չեն հետաքրքրում, ապա ինտերնետով փող աշխատելու հնարավորությունը պետք է որ հետաքրքրի՝ պարզապես մեծ մասն այդ մասին չգիտի։ «Օրինակ, «Youtube» ինտերնետային պորտալը։ Երկու տղա տեսան, որ մարդիկ սիրում են վիդեոներ նկարահանել, փոխանակել, ու միջոցը գտան՝ հնարավորություն տալով աշխարհի բոլոր մարդկանց հազարավոր կիլոմետրերի վրա վիդեոներ փոխանակելու եւ, ինչո՞ւ ոչ՝ դրա միջոցով գումար աշխատելու։ Եվ Համալսարանի հանրակացարանի իրենց սենյակում ստեղծեցին այդ վեբկայքը, ու ճանաչումից բացի՝ մեծ գումարներ վաստակեցին։ «Իսկ մեզանում «youtube»-ի նման գաղափարներ չեն ծնվում, որովհետեւ գլոբալ չենք մտածում՝ մտածում ենք միայն Հայաստանի ու Սփյուռքի շրջանակներում»,- ասում է Ա. Հարեյանը։
Անգամ Մերձբալթիկայում երկու երիտասարդներ ստեղծեցին «Skype» հեռախոսային համակարգը. «Իսկ մենք, որ այդքան մեծ Սփյուռք ունենք, որոնց հետ պետք է կապ պաշտպանենք, այսքան խելացի ծրագրավորողներ ունենք, չենք կարողանում ստեղծել նման մի բան։ «Skype»-ը շատ հարմար բան է եւ մեծ գումարներ է բերում՝ ինչո՞ւ Հայաստանում չի ստեղծվում նման մի բան՝ թեկուզ հենց գումարներ աշխատելու համար։ Սրա պատճառներից մեկը հենց գլոբալ մտածողության բացակայությունն է»։
Կարծիք կա, որ փոքր ազգի ներկայացուցիչ լինելը որոշակի բարդույթ է ստեղծում այն իմաստով, որ մենք չենք կարող գլոբալ արժեքներ ստեղծել։ Սակայն Ա. Հարեյանն այդ կարծիքը չի կիսում. «Յուրաքանչյուր հայ մարդ թող փորձի մի պահ իրեն պատկերացնել երկրագնդի քաղաքացի, որովհետեւ երկրագունդն այսօր շատ է փոքրացել։ Գլոբալ մտածողությունը կարող է այդ կետից էլ սկսվել։ Պետք է կարողանալ, ենթադրենք, ամերիկացու հետ խոսել ոչ միայն Հայաստանին վերաբերող բաների մասին (որն իրականում նրան ամենեւին չի հետաքրքրում), այլ քննարկել գլոբալ խնդիրներ։ Այս առումով ուրախ եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում փորձում էր հենց գլոբալ հարցերին մոտենալ։ Որովհետեւ դրանով աշխարհին ասում ենք, որ Հայաստանը միայն իր ներքին պրոբլեմներով զբաղվող երկիր չի, եւ որ հայերն էլ աշխարհի քաղաքացիներ են ու ասելիք ունեն աշխարհին։ Սեղանի անկյունում նստած ու գլուխներս կախած ազգ չենք»։
Ճանապարհներից մեկն էլ, ըստ Ա. Հարեյանի, այն է, որ մեր երիտասարդները հետեւեն միջազգային անցուդարձին, լուրերին, տեսնեն, թե այսօր աշխարհն ինչով է շնչում, ծանոթանան այսօր աշխարհի մարդկանց հուզող պրոբլեմներին ու հետաքրքրություններին։ Դրանից հետո միայն կարելի է մտածել՝ ի՞նչ առաջարկել աշխարհին, ինչպես արեցին «youtube»-ը ստեղծող երկու տղաները: