Սկսել է հանել

09/10/2008

Կիրակի օրը Ռուսաստանը սկսել է զորամիավորումների դուրսբերումը Վրաստանի տարածքից: Նախօրեին Գորիի մոտակայքում ապամոնտաժվել է ռուսաստանյան զինուժի գլխավոր հենակետերից մեկը: Միջազգային լրատվամիջոցների տեղեկացմամբ, ռուսաստանյան զորքերի դուրսբերման փաստը հաստատում են եւ՛ վրաց պաշտոնյաները, եւ՛ Եվրամիության դիտորդները, եւ՛ անկախ լրագրողները: ԵՄ առաքելության ղեկավար Հանսյորգ Հաբերը հայտարարել է, որ առաքելության անդամներն ականատես են եղել զորքերի դուրսբերումը շարունակելու նախապատրաստական աշխատանքներին: Հաբերը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկատարի իր խոստումը եւ մինչեւ հոկտեմբերի 10-ն ավարտին կհասցնի զորքերի դուրսբերման գործընթացը: Իսկ Վրաստանի Ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ուտիաշվիլին հայտնել է, որ ռուսաստանյան զորքերը հեռանում են նաեւ Աբխազիայի մատույցներից: Հիշեցնենք, որ Ռուսաստանը հայտարարել է, թե դուրս կբերի զորքերը «բուֆերային գոտիներից», սակայն ստորաբաժանումներ կթողնի ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Աբխազիայում: