Կաջակցի օմբուդսմենին

09/10/2008

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջեւ երեկ ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն՝ ԵԱՀԿ-ն կաջակցի օմբուդսմենին վերահսկել իրավիճակը բանակում: Ըստ ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության, պայմանագրի շրջանակներում օմբուդսմենի գրասենյակին կից կստեղծվի փորձագետների համատեղ աշխատանքային խումբ, որը կվերլուծի բանակում կարգապահական պատժամիջոցների վերաբերյալ գործող օրենսդրությունը, կմատնանշի առկա բացերը: «Զինված ուժերում օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը ցանկացած պետության ժողովրդավարական զարգացման կարեւոր ասպեկտներից է»,- ասել է ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Խումբը նաեւ կդիտարկի գործող կարգապահական պատժամիջոցների կիրառումը բանակում: Արդյունքների հիման վրա կպատրաստվի զեկույց` կառավարությանն ուղղված առաջարկություններով: «Վստահ ենք, որ բանակում կարգապահական պատժամիջոցների վերաբերյալ մասնագիտական զեկույցը եւ կառավարությանն ուղղված առաջարկությունները կբարձրացնեն մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը եւ կխրախուսեն հանդուրժողականության մթնոլորտ: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությունն այս ոլորտում մասնագիտական մոտեցումների ցուցաբերման ուղղությամբ»,- հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: