«Անկումը կամ լճացումը չեն սպառնում ամերիկյան տնտեսությանը»,- նման հայտարարություն է արել միլիարդատեր Բիլ Գեյթսը կիրակի օրը CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ: «Տնտեսության աճը, ըստ երեւույթին, կարող է փոքր-ինչ դանդաղել, բայց մեծ անկման կամ լճացման նմանվող ոչինչ չկա»,- ասել է Գեյթսը: Նրա խոսքերով, հիպոթեքային վարկերի հետ կապված ֆինանսական միջոցների ճգնաժամից հետո ԱՄՆ-ի իշխանություններն այժմ «խուսավարում են, որպեսզի այս վարակը մեզ մոտ ավելի լայնորեն չտարածվի»: «Չեմ կարծում, թե նման շտկումը դրամատիկ կերպով ուղուց դուրս է բերել տնտեսությունը, եւ այդ կապակցությամբ համալսարաններն ու դեղագործական ընկերությունները չեն կատարելու հետազոտություններ, եւ համակարգչային ծրագրային ապահովման ընկերություններն էլ ավելի շատ ճարտարագետներ չեն վարձելու, որպեսզի (արտադրանք) մատակարարեն շուկային, որը վերջնական հաշվով էլ ավելի շատ կլինի»,- հայտարարել է «Մայքրոսոֆտ» կորպորացիայի հիմնադիրը: «Առայժմ դա դեռեւս չի վնասել այսօր աշխարհում տեղի ունեցող հիմնարար բաներին, ինչպիսիք են՝ տնտեսության մասշտաբների մեծացումը, քոլեջներ ընդունվող մարդկանց թվի աճը եւ գիտական գիտելիքների ընդլայնումը»,- հավելել է նա: Նշենք, որ ըստ ամերիկյան «Ֆորբս» հանդեսի վարկանիշային աղյուսակի, Գեյթսն ունի ԱՄՆ-ում խոշորագույն կարողությունը, որը 2008 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ գնահատվել է 57 միլիարդ դոլար: