Պուգաչովան շնորհավորել է Օրբելյանին

09/10/2008

Երեւանում նշվել է կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի 80-ամյակը: «Չհավատաք, որ ես ութսուն տարեկան եմ, պարզապես, երբ ինձ զանգահարեցին ու հարցրին տարիքս, ասացի՝ հիսուն, բայց հարցնողները շփոթեցին՝ կարծելով, թե ասացի՝ ութսուն»,- Հայաստանում անցկացվող ջազի 70-ամյակի ծրագրի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ծննդյան 80 եւ արտիստական գործունեության 65-ամյակներին նվիրված երեկոն այս խոսքերով է բացել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը: Նա իր երախտագիտությունն է հղել դահլիճի առաջին կարգում նստած իր ուսուցիչ, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին` նրանց անվանելով ոչ միայն հայկական երաժշտության, այլեւ հայ մշակույթի մեծագույն գործիչներ: ԱՄՆ-ում բնակվող կոմպոզիտորը, որը, սակայն, երբեք չի մոռանում հայրենիքը եւ առիթը բաց չի թողնում լինելու Երեւանում, չի մոռացել հիշել հայկական էստրադային արվեստի մեծանուն վարպետ Արտեմի Այվազյանին, որի հրավերով էլ 1943 թվականին ինքը՝ դեռ 15-ը չբոլորած պատանին, հայտնվել էր Այվազյանի ղեկավարած անսամբլում: Երեկոյին Հայաստանի պետական էստրադային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Արմեն Մարտիրոսյան) եւ դաշնակահար Օրբելյանի նվագակցությամբ կոմպոզիտորի հին ու նոր երգերն են կատարել հայրենի ճանաչված շատ երգիչներ, ինչպես նաեւ՝ համերգին մասնակցելու նպատակով Մոսկվայից եւ Լոս Անջելեսից հրավիրված արվեստագետներ Արաքսյա Մուշեղյանը, Լարիսա Դոլինան, Էռնա Յուզբաշյանը, Ռազմիկ Մանսուրյանը: Ի դեպ, ռուսական էստրադայի նշանավոր վարպետ, ՌԴ ժողովրդական արտիստուհի Լ. Դոլինան իր բեմական կենսագրությունը 1971թ. սկսել է Կ. Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: «1971թ., երբ 17 տարեկան աղջիկ էի, եկա, որպեսզի փորձեմ երգել նվագախմբում, ներկա եղա փորձին ու, երբ տեսա Օրբելյանի աշխատանքը, բացականչեցի. «Աստված իմ, այս ի՜նչ «խելագար» դիրիժորի հետ պիտի երգեմ»: Բայց այսօր շնորհակալ եմ հրաշալի մաեստրո Օրբելյանին, որը մեծ դեր է խաղացել իմ արտիստական վերելքի գործում»,- ասել է Լ. Դոլինան:

Իր կատարումով Կ. Օրբելյանին շնորհավորել է նաեւ Ջիվան Գասպարյանը: Բեմի աջ եւ ձախ կողմերում տեղադրված էկրաններից հնչել են Ռոդիոն Շչեդրինի, Մայա Պլիսեցկայայի, Ալլա Պուգաչովայի գնահատանքի խոսքերը Կ. Օրբելյանի մասին: