«ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը Երեւանում մեկնարկեց արդեն 6-րդ անգամ, եւ յուրահատուկ ավանդույթի համաձայն` այն երկու տեսակի բացում ազդարարեց. մեկը` պաշտոնական, իսկ մյուսը` դեմոկրատական, այսինքն` ուրախ եւ աշխույժ:
«ՀայՖեստ» փառատոնն ընդհանրապես շատ նման է իր հիմնադրին՝ փառատոնի նախագահ, դերասան Արթուր Ղուկասյանին, այն շատ շարժուն ու բազմադիմակ է: Թատրոնն ի սկզբանե ծագել է որպես աղմկալի ու գունեղ արարողություն, այն ծնվել է փողոցում ու իր խաղի մեջ ներառել հանդիսատեսին` աննշմարելի դարձնելով դեր ասողների ու դեր լսողների տարբերությունները: Այդ մոդելով էլ արդեն վեցերորդ անգամ ազդարարվում է «ՀայՖեստի» բացումը, որը սկիզբ է առնում փողոցային շքերթով ու կանգ է առնում բարձրաստիճան պաշտոնյաներով ու ճանաչելի դեմքերով լեցուն թատրոնի դահլիճում: Փողոցում` գունավոր շապիկներ հագած ու ներկի սրվակները ձեռքներին երիտասարդներ են շրջում, նկարազարդում են պաստառներն ու գոչում` «հայ» ու «ֆեստ», իսկ դահլիճում ասվում է մոտակա ներկայացումների քանակի ու աշխարհագրության մասին: Փառատոնի նախագահն էլ բեմ է դուրս գալիս իդեալական արդուկված սմոկինգով, բայց` խեղկատակի գլխարկով, քանի որ այդ երկու ծայրահեղորեն տարբեր դիմակները հենց թատրոնի մեկ ամբողջական էությունն են: Փառատոնի բացման արարողության «մեխն» էլ դառնում են ոչ թե ճառերն ու ուղերձների ընթերցումները, այլ` մանկական թատերախմբի անդամները, որոնք թռչկոտում, պարում ու «քարանում» են բեմում: Թափվում են փուչիկները, խափանվում է բարձրախոսը, իջնում ու բարձրանում է վարագույրըգ Թատրոնը շարունակվում է, իսկ տարբեր մանրուքները ոչ թե անտեսվում են, այլ` խաղարկվում են բեմի վրա:
«ՀայՖեստը», որը Երեւան է հրավիրում տարբեր ոճի ու տրամաչափի ներկայացումներ ստեղծող թատերախմբերի (ստվերների, մատների, շարժման, պլաստիկայի, պարային, դրամատիկական ու բացօթյա ներկայացումների ժանրում աշխատող խմբերի), այս տարի որպես կարգախոս ընտրել է «Վերափոխենք մեր քաղաքը»` «remaking the city» նշանաբանը: Եթե փոխել չենք կարող, ապա կարող ենք գոնե վերափոխել (չշփոթել «բարեփոխման» հետ, որի իմաստը շատ մշուշոտ է): Իսկ վերափոխումն անկասկած կարող ենք անել, առավելեւս` թատրոնի միջոցով, հարկավոր է միայն տեղյակ լինել այն շարժմանը, որը տեղի է ունենում համաշխարհային թատերական, նաեւ` փողոցային «բեմերում»: «Վերափոխելով, մենք ուզում ենք միախմբել թատերական դաշտը: Թող մեր դերասաններն ու ռեժիսորները տեսնեն, ընկալեն, «եփեն» իրենց մեջ տեսածն ու վերափոխեն մեր թատրոնը»,- ասում է փառատոնի նախագահը: Իսկ երբ հարցնում ենք նրան, թե հայկական թատրոնի ղեկավարներից ովքե՞ր են հետաքրքրվում «ՀայՖեստի» ներկայացումներով, նա հիշատակում է երկու անուն, հետո երկար դերասանական դադար է վերցնում` ասելով` «Էլ չեմ հիշում»: Մեր թատրոնի կարկառուն ներկայացուցիչներն, ավանդույթի համաձայն` անտեսում են «ՀայՖեստը», այն անկարեւոր իրադարձություն համարելով: Փոխարենը՝ ներկայացումների դիտմանն ակտիվորեն մասնակցում են ուսանողներն ու ավելի երիտասարդ դերասաններն ու ռեժիսորները: Նրանց շփումից երբեմն համատեղ ծրագրեր են ծնվում: Ամերիկահայ դերասանուհի Նորա Արմանին, օրինակ, ասաց, որ շփումներն անպայման ազդում են ստեղծագործողի վրա, նույնիսկ՝ եթե ոչ հիմա, ապա` ապագայում: Համենայնդեպս, մեկ համատեղ փորձ, որը «ՀայՖեստի» նախաձեռնությամբ դեռ անցյալ տարի տեղի ունեցավ «նոր դրամա» թատերագրության ոլորտում, դեռ ոչ մի կոնկրետ պիես չդարձավ: Միգուցե մենք շատ թատերագիրներ ունենք, եւ նրանց հարկավոր չէր այդ սեմինարը:
Սակայն այս տարի մենք արդեն իսկ տեսանք համագործակցության մեկ հաջող օրինակ, որի հիմքը դրվել էր անցյալ տարի: Մեր թատրոնի ամենահետաքրքիր ու իր արածի նկատմամբ շատ խստապահանջ ռեժիսոր Վահան Բադալյանը իտալական «Վերսիլադանցա» պարային թատերախմբի հետ բեմադրել է «7 զգացողություն» ներկայացումը, որտեղ պարը, երաժշտությունը, մնջախաղն ու վիդեո-դրվագները համախմբվել են` ներկայացնելու համար Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից ստացված ներշնչանքը: Վահանը բեմադրել է, իսկ վիդեոնկարահանումները կատարել է ֆլորենտացի Անտոնիո Ֆիլաստոն: Այս ներկայացման մեջ կարեւորն էքսպրեսիան ու կիրքն է, որը ծորում է Նարեկացու աղոթքներից ու միմոսների շարժումներից: «Ընդունված է ասել, որ մենք 5 զգայարան ունենք, իսկ 6-րդը համարում ենք բնազդը: Կարծում եմ՝ կա նաեւ 7-րդը, եւ դա մեղքի զգացումն է»,- ասում է Վահան Բադալյանը: Տարբեր լեզուներով ու տարբեր մարդկանց կատարմամբ էկրանից հնչում է Նարեկացու աղոթքը` մեղսավորին ու իրեն բարձրյալ համարող մարդ էակին փրկելու խնդրանքով: Եվ այդ տեքստը` բազմակի կրկնվելով, մոգական նշանակություն է ստանում: «Իհարկե, ես ուզում էի, որ Նարեկացին գրաբարով հնչեր, բայց հասկացա, որ հանդիսատեսը չի հասկանա, ես ինքս էլ դժվարությամբ եմ այն հասկանում, թեեւ հենց գրաբարով է այդ տեքստը մեղեդային դառնում»,- ասում է «7 զգացողությունների» հեղինակը, ով դեմքի, դիմակի ու մարդկային էության հետ շատ նուրբ խաղ է անում: Իսկ դերասաններից մեկն էլ զարմանքով հայտնաբերում է, որ փայտե կտորներից ոչ մի բան կառուցել չի կարող, որ իր սարքած շինությունը անընդհատ փլվում է, եւ միակ կայուն ու ամուր ֆորման ստանում է միայն այն դեպքում, երբ վերածվում է խաչի:
«ՀայՖեստը» դեռ նոր է սկսվել, եւ հաստատ նոր բացահայտումների ու համատեղ խաղի առիթներ կտա այն մարդկանց, ովքեր պատրաստ են վերափոխվել: Կարեւոր իրադարձություն է լինելու անգլիացի դրամատուրգ Մարկ Ռավենհիլի այցը: Նա փառատոնի օրերին պատրաստվում է հայ դերասանների հետ բեմադրել իր «Կորուսյալ դրախտ» պիեսը: Իսկ մնացածը թողնված է յուրաքանչյուր մարդու հայեցողությանը: Ով ուզում է նոր լիցք ստանալ` կստանա, իսկ ով չի ուզում` թող պարզապես հետեւի մերթ ընդ մերթ փողոցում ծավալվող թատրոնին: